«Արցախում, փառք Աստծո, այս պահի դրությամբ ոչ մի դեպք չի արձանագրվել: Կոչ եմ անում ՀՀ եւ Արցախի մեր հայրենակիցներին, որ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ճամփորդեն դեպի Արցախ եւ դեպի Հայաստան: Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու հիմք չեմ տեսնում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով:
Պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց դոլարի փոխարժեքի եւ դրամի արժեզրկման մասին, թե որքանո՞վ են կառավարելի այդ միտումները: Վարչապետը պատասխանեց, որ 2020-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ միջազգային ռեզերվները ռեկորդային բարձր մակարդակի վրա են, 2019-ին ԿԲ-ն ՀՀ պատմության մեջ աննախադեպ ծավալի դոլար է գնել եւ պահուստավորել 560 մլն դոլար, այդպիսի բան մեր պատմության մեջ չի եղել. «Մենք 240 մլն դոլարի վարկային համաձայնագիր ունենք, որ ցանկացած պահի կարող ենք օգտագործել: Մեր ֆինանսական համակարգը կայուն է»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ վարչապետին հարցրեց, թե կառավարության կողմից տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների որեւէ պլան կա՞. «Այսօր արդեն ունենք արտահանման կաթվածահարային վիճակ»: Վարչապետը պատասխանեց, որ հնարավորինս արագ պետք է համաճարակային վիճակը փոխեն, որ մարդկանց ասեն՝ դուրս եկեք ձեր տներից, գնացեք ռեստորաններ եւ այլն, երրորդը՝ կապիտալ ծախսերի միջոցով պետք է ստեղծել նոր աշխատատեղեր, որոնց արդյունքում մարդիկ ավելի շատ աշխատավարձ կստանան, ավելի շատ սպառում կիրականացնեն: Հետո արտաքին ու ներքին նոր միջոցների ներգրավմամբ նոր կապիտալ ծրագրեր պետք է իրականացնեն: Համաճարակային իրավիճակը հաղթահարելուց հետո պետք է կապիտալ ներդրումներ արվեն:
Կարդացեք նաև
Թանդիլյանն արձագանքեց, որ երբ մարդկանց կոչ ենք նում ինքնամեկուսանալ ու մնալ տներում աշխատելու, գործատուները երբեմն աշխատանքից ազատում են, չեն գնում աշխատանքի՝ եկամուտներից զրկվում են, պետությունը ինչպե՞ս է փոխհատուցելու: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ պետք է վնասները հաշվեն, որ բյուջե որոշեն, թե ինչքանո՞վ պետք է վնասների հատուցման առաջարկ անեն, բայց ամեն դեպքում ամեն ինչի հիմքում պետք է զարգացման տրամաբանություն լինի, չեն կարող ասել՝ ժողովուրդ ջան, մի 6 ամիս մի աշխատեք, մենք ձեր աշխատավարձերը կտանք. «Դպրոցները փակել ենք, ասում ենք՝ աշխատավարձերը կվճարենք: Բյուջետային աշխատողների աշխատավարձերը վճարվելու են»:
«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ առավոտից ահազանգեր են ստանում մասնավոր ընկերությունից. «Մասնավորապես, 20-ից ավելի աշխատողներ ունեցողները չեն հասկացել՝ իրենք վերջապես պե՞տք է աշխատեն ու եթե չեն աշխատում, աշխատավարձերը պե՞տք է վճարեն, թե՞ ոչ»:
Վարչապետը պատասխանեց. «Մենք ում ուղերձ ունեինք, որ մի աշխատեք, արդեն այդ ուղերձը փոխանցել ենք, այսինքն՝ դպրոցներ, համերգասրահներ, թատրոններ եւ այլն: Մյուսներին մենք չենք ասել՝ մի աշխատեք, մենք ասել ենք՝ կան ռիսկեր աշխատելիս այդ ռիսկերը հաշվի առեք: Եթե բոլորը չաշխատեն, է հետո՞»:
Վարչապետն ասաց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել է, որ գույքագրեն իրավիճակները ու ամեն խմբի համար կոնկրետ լուծումներ առաջարկեն, աշխատողների իրավունքները չպետք է խախտվեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ