Աշխարհում պանդեմիայի պատճառ դարձած նոր կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ երկրներ ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակում են տեղաշարժն իրենց ցամաքային և օդային տարածքներով։ Իրենց չվերթներում սահմանափակումներ և չեղարկումներ են անում նաև շատ ավիաընկերություններ։ Նման պայմաններում արտերկրում գտնվող և տուն վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիները կարող են բախվել մի շարք դժվարությունների, ինչպես, օրինակ, չեղարկված ավիաչվերթների կամ կարանտինային ռեժիմների։
Համագործակցելով Հայաստանի Արտաքին գործերի նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Առողջապահության նախարարության հետ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է տեղեկություններ կապված աշխարհի մի շարք երկրներում համաճարակային իրավիճակի հետ՝ ՀՀ քաղաքացիների տեղաշարժման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ պատկերացում կազմելու համար։ Երկրների ցանկը հաջորդիվ լրացվելու և թարմացվելու է
Նշենք, որ ներկայացվածը չի վերաբերում միջպետական պատվիրակություններին և դիվանագիտական անձնագրով անձանց։
Ավստրիա
Կարդացեք նաև
Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ Ավստրիայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը:
Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020, կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ Ավստրիայի հետ օդային հաղորդակցությունը:
Ավելի վաղ Ավստրիական ավիաուղիները չեղարկել են բոլոր թռիչքները մինչև մայիսի 28-ը։ Արդեն տոմսեր ձեռք բերած ուղևորները, հնարավորության դեպքում, կտեղափոխվեն այլ ավիաուղիներով։
Գերմանիա
Գերմանիայում մարտի 16-ի առավոտյան ժամը 08:00-ից փակ են 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները: Սահմանային անցակետերին իրականացվում են ստուգումներ:
Այս պահի դրությամբ այդ սահմանափակումները չեն գործում բեռնափոխադրումների, ինչպես նաև այն անձանց համար, որոնք աշխատանքի բերումով պարտավոր են սահմանը հատել (օրինակ՝ բժիշկներ, պետական ծառայողներ): ԳԴՀ քաղաքացիները և ԳԴՀ-ում մշտական կացության իրավունք ունեցող անձիք կարող են մուտք գործել Գերմանիա: Մնացյալ ճամփորդողները, առանց հատուկ կարևորության հիմքերի, չեն կարող նշյալ 5 երկրներից մուտք գործել ԳԴՀ:
Օտարերկրյա պետությունների այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են Գերմանիայում (գործող Շենգենյան մուտքի արտոնագրով՝ զբոսաշրջություն կամ ժամանակավոր գործուղում) և նրանց մուտքի արտոնագրի ժամկետը լրանում է, պետք է դիմեն տվյալ քաղաքի օտարերկրացիների հարցերով պատասխանատու գերատեսչություն (Ausländerbehörde)՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ Գերմանիայում գտնվելու կեցության ժամկետը երկարաձգելու/օրինականացնելու նպատակով։
Էստոնիա
Էստոնիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Արտակարգ իրավիճակն այս պահի դրությամբ կշարունակվի մինչև 2020 թվականի մայիսի 1-ը, քանի դեռ կառավարությունն այլ որոշում չի կայացրել:
Թայլանդ
Կորոնավիրուսի ամենամեծ ազդեցությանը ենթարկված երկրներից և տարածքներից (ՉԺՀ՝ ներառյալ Մակաո, Հոնգ Կոնգ, Հվ․Կորեա, Իրան, Իտալիա, Ճապոնիա) բոլոր ժամանողները պարտավոր են ներկայացնել իրենց առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկանք, առանց որի նրանց մուտքը երկիր հնարավոր չի լինի:
Բոլոր մնացած երկրների քաղաքացիները (մարտի 11-ի դրությամբ) սահմանի հատման դեպքում պարտավոր են անցնել ջերմության զննում:
Լեհաստան
Լեհական LOT ավիաուղիները առայժմ մինչև մարտի 25-ը չեղարկել են դեպի Երևան չվերթները:
Լիտվա
Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունել է մարտի 16-ից երկրում կարանտին հայտարարելու մասին որոշում։
Որոշմամբ սահմանված սահմանափակումները ներառում են Լիտվա օտարերկրացիների մուտքի արգելք, բացառությամբ Լիտվայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, Լիտվայում բնակվելու և աշխատելու կարգավիճակ ունեցողների: Սույն որոշմամբ նվազելու է նաև Լիտվա մուտք գործելու հնարավորություն ընձեռող սահմանային անցակետերի քանակը։
Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեսված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ WizzAir-ն իր պատրաստակամությունն է հայտնել փոխհատուցել բոլոր գնված ավիատոմսերի արժեքը, որոնց վերաբերյալ ուղևորներին ավիաընկերություն կողմից կուղարկվի անհատական ծանուցում։
Մոլդովա
Մարտի 14-ից արգելված է օտարերկրացիների մուտքը Մոլդովա:
Մոնղոլիա
Մարտի 10-ից առնվազն մինչև մարտի 28-ը Մոնղոլիան արգելել է արտերկրից բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը, արգելափակված են ինքնաթիռների չվերթները, երկաթուղային հաղորդակցությունը և ավտոերթևեկությունը:
Ղազախստան
Մարտի 12-ից Ղազախստանի տարածք արգելվում է մուտք գործել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք վերջին 30 օրվա ընթացքում գտնվել են Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի տարածքում։
Չեխիա
Չեխիայում մարտի 16-ից գործում են երկիր մուտք գործելու և երկիրը լքելու հատուկ կարգ և սահմանափակումներ։ Սահմանափակումները տարածվում են բոլոր երկրների վրա։
Չինաստան
Մարտի 17-ի 00։01-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն Պեկինի միջազգային օդանավակայան) համապատասխան նախնական զննումից հետո կենտրոնացված տեղափոխվելու են հատուկ նախատեսված կուտակման կետ՝ (էքսպո կենտրոն) 14 օրյա կարանտին անցնելու նպատակով։ Ընդ որում՝ կարանտինն իրականացվելու է կառավարության կողմից հաստատված վայրերում՝ հյուրանոցներում, ուղևորների հաշվին։
Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, նույն օրվա ընթացքում մեկնելու պարագայում, սպասում են օդանավակայանի հատուկ վայրում, ապա ուղեկցվում իրենց հաջորդ թռիչքի տերմինալ։ Իսկ հաջորդ օրը մեկնելու պարագայում տեղավորվում են պետության կողմից նշված հյուրանոցում՝ իրենց հաշվին, ապա ուղեկցվում հաջորդ թռիչքի տերմինալ։
Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, ապա ուղևորվում այլ նահանգներ, պարտավոր են ենթարկվել տվյալ նահանգում կամ քաղաքում գործող կարանտինային կարգին։
Շանհայ և Գուանջոու քաղաքներում բոլոր ուղևորները, համապատասխան բժշկական զննումից հետո, պետք է անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում, ինչը հնարավոր է իրականացնել ըստ բնակության վայրերի (եթե համատիրությունների կողմից այլ որոշում չկա)։ Բժշկական սպասարկման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են քաղաքացիների կողմից, որի համար հնարավոր է օգտագործել նաև Չինաստանում գործող բժշկական ապահովագրությունը։
Ռուսաստան
Այս պահի դրությամբ երկու շաբաթ ժամկետով Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանափակվում են ուղևորափոխադրումները՝ միաժամանակ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը։
Սահմանափակումները չեն վերաբերելու նաև բեռնափոխադրումներին։
Սլովակիա
Փակ են բոլոր երեք միջազգային չվերթներ իրականացնող օդանավակայանները։ Մարտի 13-ից Սլովակիա մուտք գործող անձինք պարտավոր են ենթարկվել կարանտինային ռեժիմի 14 օրով։
Վրաստան
Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։
Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։ ՀՀ քաղաքացիները չեն կարողանալու հատել Վերին Լարսի անցակետը կամ որևէ այլ կերպ մտնել Վրաստան:
Վրացական ավիաուղիները չեղարկել են դեպի Երևան բոլոր չվերթները։ «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնում է Երևան-Թբիլիսի թռիչքներ, ինչի շնորհիվ քաղաքացիները կարող են Թբիլիսիի օդակայանը օգտագործել որպես տրանզիտային կետ (առանց օդակայանից դուրս գալու)՝ միայն եթե տրանզիտային տոմսը մեկ միասնական է (հակառակ պարագայում հնարավոր չի լինի նստել դեպի Թբիլիսի օդանավ)։ «Արմենիա» ավիաընկերության Երևան-Թբիլիսի թռիչքների մի մասը, սակայն, չեղարկվում է։
Ուկրաինա
Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում՝ տարանցիկ երթևեկության ռեժիմով։ Սա չի վերաբերում Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձանց:
Սկսյալ 2020 թվականի մարտի 17-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից Ուկրաինայում էապես կսահմանափակվի ավիահաղորդակցությունը:
Քաթար
Քաթարի իշխանությունների որոշմամբ չորեքշաբթի օրվանից՝ մարտի 18-ից, 14 օրով չեղարկվելու են դեպի երկիր բոլոր չվերթները, բացառությամբ տարանցիկ թռիչքների։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»