Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննի Սամսոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ հանրային սննդի կետերում, խանութներում խառնաշփոթ է, կուտակումներ են, մարդիկ մեծ քանակով գնումներ են անում ու այդ կուտակումները կորոնավիրուսի կանխարգելմանը չեն նպաստում: Նա ասաց, որ այդ մեծածավալ գնումները կարող են պարենային անվտանգության խնդիր ստեղծել ՀՀ-ում. «Կա կառավարության որոշում, որը թույլ է տալիս, որ պարետը արտակարգ դրության ժամանակ կարողանա սահմանափակել առաջին անհրաժեշտության սննդի, պարենային ապրանքների ծավալները: Արդյոք այս միջոցառումները ձեռնարկվելո՞ւ են»:
Վարչապետը նախ ասաց, որ ինքը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հարցրել է, իրեն ասել են, որ աժիոտաժ չկա խանութներում, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: ԱԺ նիստերի դահլիճից վարչապետին հուշեցի, որ չէ, էլի, այդպես չէ, ինչ հայտարարվել է արտակարգ դրություն՝ խուճապ կա:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ «արտակարգ դրություն հայտարարելն առաջացրել է լրացուցիչ պանիկա»: Վարչապետն արձագանքեց. «ՀՀ քաղաքացիները կարող են գնել խանութից այն, ինչ ուզում են, այնքան, ինչքան ուզում են: Համոզված եմ, որ չի պրծնի այդ ապրանքը»:
Կարդացեք նաև
Հետո Նիկոլ Փաշինյանին նկար ուղարկեցին, նա համաձայնեց. «Այո, կա այդպիսի երեւույթ, բայց ես հույս ունեմ, որ կկարգավորվի, ինձ ասել են, որ այդ ապրանքները չեն սպառվի: Ներկրողների հետ խոսվել է, այդ ապրանքները պահեստում կան: Ապրանքի առկայության խնդիր երկրում չկա»:
Վարչապետը նաեւ ասաց, որ եթե նույն ապրանքից շատ քաղաքացիներ են ուզում գնել, բնականաբար, գինն աճում է:
ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն էլ հարցրեց՝ արդյոք օբյեկտի՞վ է, որ 400 դրամանոց սպիրտը սուպերմարկետներում վաճառում են 3460 դրամով: Նկարներ եւ տեղեկատվություն է երեկվանից սոցցանցերում տարածվում, ՏՄՊՊՀ-ն լուրջ գործառույթ չունի՞ այստեղ իրականացնելու: Վարչապետը պատասխանեց, որ տնտեսագիտական կանոն կա, եթե 5 հատ 100 դրամանոց բաժակ կա ցուցափեղկի վրա ու 1000 հատ էլ կա պահեստում, եթե 5 հատ բաժակը 10 հոգի ուզեն գնել, մեծ հավանականություն կա, որ այդ բաժակի գինը կդարձնեն 200 դրամ:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց՝ եթե մեզ այսօր 1 հատ հաց է պետք, եկեք 3 հատ այսօր չառնենք:
Մինչ վարչապետը ամբիոնի մոտ խոսում էր, ԲՀԿ պատգամավորները խանութների նկարներ էին բացում ու ուսումնասիրում, դրանք ցուցադրեցին նաեւ Նիկոլ Փաշինյանին: Հետո պարզվեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին էր նկարներ ուղարկում Փաշինյանին: Ի հեճուկս դրա, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն էլ դատարկ խանութներից նկարներ էր ուղարկում վարչապետի հեռախոսին՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապային տրամադրություն էլ չկա. «Ախր պարոն Միրզոյան, դուք ինձ նկարներ եք ուղարկում, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն էլ նկարներ է ուղարկում դափ-դատարկ խանութների՝ լիքը ապրանքներով: Առնող չկա: Հեսա հասցեն հրապարակենք, ասենք գնացեք այնտեղից առեք»: Պարզվեց, որ ԱԱԾ-ից ուղարկել էին «Շիրակ» խանութների ցանցի նկարները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ