Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Քիչ առաջ կառավարությունը որոշում կայացրեց՝ ժամը 18։30-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանել արտակարգ դրություն։ Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ։
Ուզում եմ արձանագրել, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք որևէ այլ նոր տեղեկատվություն, քան այն տեղեկատվությունը, որ մինչև այս պահը հաղորդվել է կառավարության, պետական մարմինների, իմ, առողջապահության նախարարության կողմից։ Այս պահի դրությամբ մենք ունենք կորոնավիրուսով հիվանդացության 30 հաստատված դեպք, և ըստ էության, այդ 30 դեպքերից 19-ն առնչվում են Էջմիածին քաղաքում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ։ Եվս 3 մարդ առնչվում են առաջին ախտորոշված դեպքի հետ։ Ամենամտահոգող դեպքն այս պահի դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, և այդ դեպքերն արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այդ արտադրական ձեռնարկության ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է, և այդ մարդիկ կմեկուսացվեն։
Կարդացեք նաև
Արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը կապված էր հետևյալ հանգամանքի հետ․ մենք արդեն մի քանի օր ուսումնասիրում ենք «Արտակարգ իրավիճակներում բնակչությանն աջակցություն ցույց տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, և մեզ համար ակնհայտ էր, որ «Արտակարգ իրավիճակների մասին» այդ օրենքը բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները։ Ըստ էության, այնտեղ նախատեսված է, այսպես ասած, արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել ինչ-որ տեխնածին աղետ, բնական աղետ, և պետք է այդ իրավիճակում կազմակերպել մարդկանց կյանքը և պաշտպանել նրանց։ Այսինքն՝ «Արտակարգ իրավիճակների մասին» օրենքը՝ բնակչությանն աջակցություն ցուցաբերելու մասին օրենքը, նախատեսված է այն դեպքերի համար, երբ մարդկանց համար վտանգը բխում է, այսպես ասած, արտաքին գործոններից։ Իսկ այն պարագայում, երբ մարդուն վտանգը բխվում է ուրիշ մարդուց և նրա վարքագծից, այդ դեպքերը կանոնակարգված չեն։
Ցավոք, վերջին 20 օրվա ընթացքում մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ մեր սիրելի հայրենակիցները միշտ չէ, որ հետևում են առողջապահության նախարարության և կառավարության առաջարկած վարքագծային կանոններին՝ ապահովելու ինչպես իրենք իրենց, այնպես էլ իրենց միջավայրի, հարազատների և ուրիշների անվտանգությունը, և շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել։ Իսկ այդպիսի միջոցներ, որոնք ենթադրում են, որ պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների որոշակի սահմանափակում իր հերթին հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում։ Արտակարգ դրություն հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք։ Տվյալ դեպքում անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ, ըստ էության, սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիներն ունեն առողջության, առողջության պահպանման իրավունք, և այդ իրավունքը, ըստ էության, կարող է հայտնվել բացարձակապես անպաշտպան իրավիճակում։ Տվյալ դեպքում պետությունը պարտավոր է արտակարգ միջոցներ ձեռնարկել այդ իրավունքն ապահովելու համար։
Ըստ էության՝ հանրության առողջությունն ապահովելու և արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն ապահովելու համար ստեղծվել է պարետատուն, և կառավարության որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է պարետ: Ըստ էության՝ մենք նոր կարգավիճակ ենք տվել այն հանձնաժողովին, աշխատանքային խմբին, որը գործում է 2020 թվականի հունվարի 30-ից: 2020 թվականի հունվարի 30-ին, իմ որոշմամբ, ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք ամսաթվին, ստեղծվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողով՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Եվ մենք, ըստ էության, այդ հանձնաժողովին նոր զարգացումների լույսի ներքո տալիս ենք նոր կարգավիճակ, և Հայաստանի օրենսդրության համաձայն՝ այդ կարգավիճակն արտակարգ դրության պայմաններում համարվում է պարետատունը:
Այս պահի դրությամբ մեր ախտորոշված բոլոր պացիենտները գտնվում են լավ կամ բավարար վիճակում: Լավ նորությունն այն է, որ մեր առաջին ախտորոշված պացիենտը բուժվել է և արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է իր տանը: Ընդ որում ասեմ, որ տվյալ դեպքում բուժվել ասելը շատ հարաբերական է, որովհետև, ըստ էության, մեր առողջապահական համակարգը նրա համար ոչ մի բան չի արել, բացի ախտորոշելուց և նրան մեկուսացված պահելուց: Մարդն այս ընթացքում ընդհանրապես նույնիսկ, բացի նախնական ջերմությունից, որ նրան ստիպել էր դիմել առողջապահական հիմնարկին, որևէ բուժում չի ընդունել, ուղղակի 14 օր մնացել է հիվանդասենյակում՝ առանց որևէ բժշկական միջամտության: Այս ընթացքում 2 անգամ է նոր ախտորոշումը կրկնվել, թեստը կրկնվել՝ մի անգամ 7 օրը լրանալուն պես և կրկին դրական է եղել: Վերջին անգամ՝ երեկ, բացասական է եղել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից ու վերադարձել բնականոն կյանքի:
Դուք տեղյակ եք, անշուշտ՝ կորոնավիրուսի միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն վտանգավոր է առանձնապես 70 և բարձր տարիքի անձանց համար, այսինքն՝ մահվան դեպքերի մոտավորապես 90 տոկոսը 70 և ավելի բարձր տարիքի անձանց են վերաբերում: Այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունենք: Նրանցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուսները սովորական ռեժիմով են տանում կամ նույնիսկ ջերմություն չունեն, և այս պահի դրությամբ մեզ համար իրավիճակը կարելի է համարել կառավարելի: Մեր ամենամեծ ռիսկը, ըստ էության, այսօրվա դրությամբ կապված է արտադրամասի հետ, որտեղ բավական մեծ թվով մարդ է աշխատում, բայց կարծես թե մենք կարողացել ենք գծանշել, տեղորոշել շփման շրջանակը: Բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և սա է պատճառը նաև, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացվեց:
Որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձն ապահովվում է բոլոր՝ և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով: Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք կարող են գործել: Բացառություն կկազմեն այն երկրները, որոնք, ըստ առողջապահության նախարարի որոշման, կհամարվեն համաճարակավտանգ, այդ երկրներից եկող քաղաքացիները և այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր վերջին 14 օրը գտնվել են այդպիսի երկրներում: Այս խմբի մարդկանց մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգելվի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը ցամաքային բոլոր երկու սահմաններով կարգելվի, օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը չի արգելվի: Օտարեկրացիների ելքը կարգելվի ցամաքային ճանապարհով, օդային ճանապարհով չի արգելվի: Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն կապահովենք, ելքը, բնականաբար, նույնպես կապահովվի: Հայաստանի Հանրապետության միայն այն քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով լքել երկիրը, ովքեր բեռնափոխադրում են իրականացնում: Մենք ապահովել ենք նաև մեր գործընկեր երկրների հետ, որպեսզի բեռնափոխադրումները հնարավորինս լիարժեք ապահովվեն, իրականացնեն, ինչքանով հնարավոր է այս պայմաններում:
Ինչ վերաբերում է պարենային անվտանգության խնդիրներին, Հայաստանի Հանրապետությունում այսօր, իմ ստացած զեկույցների համաձայն, պարենի բավարար պաշարներ կան, և եթե նույնիսկ ասենք արտահանման հետ կապված պրոբլեմներ առաջանան, ինչը գոնե այս պահի դրությամբ չկա, Հայաստանում որևէ պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա։ Մյուս ապրանքատեսակների ներկրումները նույնպես իրականացվում են բավարար չափով, և պարետատունը, և պարետը համապատասխան որոշումներ կայացնելու լիազորություններ ունեն՝ ապրանքատեսակների ներկրումը Հայաստանի Հանրապետություն ապահովելու համար։ Որոշ ապրանքատեսակների արտահանումն արգելելու կամ սահմանափակելու լիազորություն նույնպես ունի պարետը, և դա կապվում է հիմնականում առողջապահական նշանակության ապրանքներին և աքսեսուարներին, և դրանց արտահանումը հնարավոր կլինի միայն պարետի թույլտվությամբ։
Կարծում եմ, որ ամենախիստ սահմանափակումները վերաբերում են տեղեկատվության տարածմանը։ Խոսքը վերաբերում է, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, բացառապես կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունների տարածմանը։ Մնացած որևէ այլ սահմանափակում, որևէ քննադատություն, որևէ մեղադրանք, որոնք կարող են կապված լինել կառավարության հետ, քաղաքական կյանքին վերաբերող, որևէ սահմանափակում նախատեսված չէ։ Նախատեսված է միայն կորոնավիրուսի հետ կապված զարգացումների վերաբերյալ տեղեկություններ տարածելուն, և այդ տեղեկությունները պետք է համապատասխանեն պաշտոնական տեղեկություններին։ Ես հույս ունեմ, որ այս ընթացքում Հայաստանի բոլոր քաղաքացիները համոզվել են, որ կառավարությունը հնարավորինս րոպե առաջ, նույնիսկ ամենադետալացված տարբերակով տեղեկությունները ներկայացնում է հանրությանը, և դա եղել է առաջին օրերից մեր ռազմավարությունը։ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չպետք է կասկած ունենա, որ կորոնավիրուսի հետ կապված կա որևէ տեղեկատվություն, որն ինքը պետք է իմանա, և որն ընդհանրապես կարևոր է, և կառավարությունը հանկարծ որևէ ձևով խուսափի այդ տեղեկատվությունը հայտնելուց։ Իհարկե, մի քանի հարցեր կան, որոնց նույնպես ես կցանկանայի անդրադառնալ, բայց ենթադրում եմ՝ դրանք ամենաշատ քննարկվող հարցերն են և հույս ունեմ, որ պատգամավորներն իրենց հարցերով կօգնեն, որ մենք անդրադառնանք այդ հարցերին, մասնավորապես, թե հունվարի 30-ից այս կողմ կառավարության գործողությունները ինչքանով են եղել արդարացված, ադեկվատ և արդյունավետ։
Ասեմ նաև, որ հանրային հավաքների սահմանափակումներ գոյություն ունեն. ընդհանրապես հավաքները հանրապետության ողջ տարածքով արգելվել են, և այն հավաքները, որոնք ենթադրաբար պիտի 20 մարդուց ավելի մասնակցություն ապահովեն, այս պարագայում նույնպես սահմանափակվել են, և դրանք նույնպես կկարգավորվեն պարետի որոշումներով։ Խոսքը վերաբերում է հարսանիքներին, խնջույքներին, տոնակատարություններին, այսինքն՝ պարետն ունի լիազորություն՝ սահմանել որոշակի տարածքներում նման միջոցառումների արգելք։ Եվ այստեղ, կարծում եմ, ամենազգայուն հարցը վերաբերում է թաղումներին. մենք ասում ենք հետևյալը, որ դրա հետ կապված ոչ թե սահմանափակումներ ենք դնում ի սկզբանե, այլ մենք ասում ենք, որ կարող են լինել տարածքներ, որտեղ համաճարակային իրավիճակից ելնելով խնդրենք մեր հայրենակիցներին, որ հուղարկավորություններին մասնակցությունը սահմանափակվի, որպեսզի 20 մարդուց ավելի չմասնակցի։ Այսօրվա նիստից հետո անմիջապես արդեն ավելի կոնկրետ միջոցառումները կձեռնարկվեն, որից հետո, Սահմանադրության համաձայն, կառավարությունն ուղերձով կդիմի ժողովրդին, որտեղ կներկայացնի ինչպես նոր տեղեկատվություն, այնպես էլ այն միջոցառումները, որ մենք պատրաստվում ենք իրականացնել։
Ռազմավարական առումով, իհարկե, այն, որ արտակարգ դրություն է նշանակվել երկրում, նշանակում է, որ մենք ունենք ճգնաժամ։ Բայց ցանկանում եմ ասել, որ մեր ռազմավարական մոտեցումը հետևյալն է. մենք այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած՝ և՜ տնտեսական, և՜ հանրային, և՜ առողջապահական իմաստներով։ Ես կառավարության նիստում էլ ասացի՝ հաշվարկները ցույց են տալիս, որ 2020 թվականի ընթացքում կամ ճգնաժամի հետևանքով աշխարհի համախառն արդյունքը կրճատվելու է շուրջ 2 տրիլիոն դոլարով։ Սա նշանակում է, որ տնտեսական դաշտում այդքան տարածք նաև ազատվելու է։ Իհարկե, մենք էլ ենք վնասվելու, բայց նաև որոշակի տարածքներ են ազատվելու, և մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու այդ տարածքներում Հայաստանի տնտեսական ներկայությունն ավելացնելուն և Հայաստանում տնտեսական գործունեությունն առավելագույնս խթանել։
Ես նաև այսօր կառավարության խորհրդակցությունների ընթացքում բերեցի մի քանի օրինակ. օրինակ, մենք երկար ժամանակ խոսում էինք, որ պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել օնլայն բանկինգը և օնլայն ծառայությունները զարգացնելու համար։ Սա հնարավորություն է, որպեսզի մենք վերջապես կարողանանք ավելի լուրջ կենտրոնանալ այդ հնարավորությունների վրա, որպեսզի մարդիկ օնլայն բանկինգից ավելի շատ օգտվեն, օնլայն առևտրից ավելի շատ օգտվեն, առաքումների համակարգից ավելի շատ օգտվեն, որն ավելի քաղաքակիրթ է և ենթադրում է կյանքի և հարաբերությունների ավելի բարձր որակ։
Այսքանը, հարգելի գործընկերներ, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը և պարետատունը, մասնավորապես, իրավիճակից չբխող որևէ սահմանափակում կիրառելուց զերծ կմնա միանշանակ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արտակարգ դրությունը, որը պիտի տևի մինչև ապրիլի 14-ը, հնարավորինս արդարացված լինի և արդյունավետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու իմաստով։ Շնորհակալ եմ։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ