«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ կառավարության միաձայն որոշումը հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին, որի անհրաժեշտության և հիմնավորումների վերաբերյալ արդեն հնչեցրել ենք մեր առաջարկությունները: Թագավարակի (COVID-19)-ի տարածումը Հայաստանում և համավարակի դեմ պայքարի միջազգային փորձը մեզ բոլորիս մղում են համերաշխ գործողությունների: Համազգային, համապետական վտանգի դեմ նահանջում են բոլոր տարաձայնությունները:
«Ժառանգությունը», առաջնորդվելով վերոնշյալ համազգային հրամայականով, արտակարգ դրության ողջ ժամանակընթացում մի կողմ է դնում իշխող քաղաքական ուժի հետ ունեցած նպատակին հասնելու մեթոդական տարաձայնությունները, վստահություն է հայտնում, որ արտակարգ դրության մեջ պետության հետ համատեղ ուժերով, ներդաշնակեցված գործողություններով Հայաստանը կկարողանանք նվազագույն կորուստներով և ժամկետում դուրս բերել վարակի վտանգավոր գոտուց՝ ապահովելով մեր ազգային անվտանգությունը: Կուսակցությունը պատրաստ է ճգնաժամային կառավարման անցած գործադիր իշխանության հետ պահանջվող խորհրդատվական ու գործնական միացյալ հնարավոր քայլերի՝ իր գաղափարական և հանրային ներուժին համարժեք:
Ճգնաժամային կառավարումը պահանջում է տարաձայնությունների հարթում, համախումբ քայլեր, տեղեկատվության արագ և անմիջական փոխանակում, համաժամանակյա ծրագրված գործողություններ, ուստի բոլորս պետական-քաղաքական դաշտում պիտի գործենք միասին՝ հանուն ընդհանուր նպատակի. Չարենցյան գաղտնագիր, այժմ հանրահայտ կարգախոսին համահունչ՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
«Ժառանգությունը» կուսակցություն