«Հանրային սննդի օբյեկտներն ասում են, որ հաճախորդներ չունենալու դեպքում կփակվեն, բացի այդ՝ վարձակալության պայմանագրեր ունեն: Նման դեպքերում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկելու»,-կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Փաշինյանը պատասխանեց. «Մեր պատկերացումն այն է, որ միջոցառումների արդյունքում պետության քաղաքականությունը չխաթարվի: Գիտակցո՞ւմ ենք, որ տնտեսվարողներն այս վիճակում կարող են դժվարություններ ունենալ՝ այո: Դրա համար քննարկում ենք միջոցներ, թե ինչպես աջակցել նրանց, որ հարկային պարտավորությունները կատարեն»:
Փաշինյանի խոսքով՝ այս ճգնաժամը որքան խնդիրներ է ստեղծել, այդքանով էլ պետության ձեռքերն է ազատել, որպեսզի կարողանա հասանելի ֆինանսական միջոցներ ներգրավել եւ «դուխով» կապիտալ ծրագրեր իրականացնել. «Դրանց մասին գուցե մեկ տարի առաջ մտավախություն ունեինք, որ արտաքին պարտքի բեռը կավելանա: Պարտքի բեռը թեթեւացրել ենք, ուստի կարող ենք աշխատատեղեր ստեղծելու մասին մտածել: Խոսքը պետական կապիտալ ներդրումների մասին է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ