«Քննադատում են, թե ինչու մենք հենց սկզբից չմեկուսացրինք այն քաղաքացիներին, որոնք պոտենցիալ վտանգ էին ներկայացնում համաճարակի տարածման համար: Դա կոնկրետ պատճառ ունի: Գիտեինք, որ Իրանում համաճարակ է բռնկվում, որի պատճառով սահմանին տեղաշարժը եւ չվերթները սահմանափակեցինք»,-կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց. «Բայց փետրվարի 20-ից մարտի 15-ը Իրանից ՀՀ է ժամանել ՀՀ 3509 քաղաքացի, որոնք անցել են ջերմաչափում: Եթե 3509 քաղաքացուն մեկուսացնեինք, մեզ դրա համար պետք կլիներ տասը «Գոլդեն Փելես» հյուրանոց: Ընդ որում, 3509 քաղաքացուց երեքի մոտ է վիրուսը հաստատվել: Այսինքն, մենք 14 օր փակելու էինք 3509 քաղաքացուն՝ սպառելով մեկուսացման ռեսուրսը: Դրանից հետո գալիս են 813 քաղաքացիներ Իտալիայից, իսկ մենք տեղ չենք ունենում: Ենթադրենք, նրանց էլ ենք տեղավորում, բայց դրանից հետո էլ Ֆրանսիայից, օրինակ, հազար հոգի են գալիս…հնարավոր չի բոլորին եւ անընդհատ մեկուսացնել»:
Փաշինյանը նշեց՝ կարողանում են մեկուսացնել այն քաղաքացիներին, որոնց մոտ կորոնավիրուսը հաստատվել է, բայց մյուսների պարագայում խնդիրներ են առաջանում, որովհետեւ մարդիկ հարկային պարտավորություններ ունեն, վնասներ կկրեն. «Կասեն՝ դե եկեք մեր բոլորի ծախսերը փոխհատուցեք…Այսինքն, դա անարդյունավետ քաղաքականություն կլիներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ