Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով:
Հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը փոխանցեց այն մտահոգությունները, որոնք ունեն քաղաքացիները: Նա ասաց, որ մասնավոր ընկերություններ կան, ասում են, որ իրենց աշխատակիցներին այս հարկադիր պարապուրդի համար չեն վճարելու:
Վարչապետն ասաց, որ երկու ուղղությամբ են որոշել աշխատել, պետք է օր առաջ ապահովեն, որ տնտեսական հնարավորությունների գեներացմամբ զբաղվեն, այդ թվում այնպես անեն, որ տնտեսվարողներին աջակցեն, ընդ որում, դա անեն ոչ թե նպաստի պես, այլ այնպես աջակցեն, որ դրա արդյունքում տնտեսությունն ու բիզնեսը դառնան ավելի մրցունակ. «Մի դեպքում մենք ունենք ահազանգ, երբ մարդկանց ասում են՝ եթե չգաս աշխատանքի, դա կհամարվի ոչ հարգելի, մյուս դեպքում մարդուն ասում են՝ դու հարկադիր պարապուրդի մեջ ես, գնա տուն ու մի արի աշխատանքի: Հա՛մ այն դեպքից են մարդիկ ահազանգում, հա՛մ մյուսից: Այն դեպքում ասում են՝ չհասկացա, բա որ գնամ աշխատանքի, հիվանդանա՞մ: Այն մյուս դեպքում էլ ասում են՝ չհասկացա, ես հարկադիր պարապուրդի մեջ եմ, բա իմ հոսանքի փողն ո՞վ է տալու: Կառավարությունը բաժանվել է երկու մասի: Մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը՝ տնտեսական պրոբլեմները լուծելով եւ հնարավորությունները օգտագործելով»:
Փաշինյանը նաեւ պարզաբանեց վարկերի հետ կապված հարցը. «Ծրագրով իրականացված վարկավորումների հետ կապված պարտավորությունները մինչեւ 6 ամսով կհետաձգվեն, հիփոթեքային վարկերի հետ կապված, մասնավորապես՝ ազգային հիփոթեքային հիմնադրամի եւ երիտասարդ ընտանիքների ծրագրով տրված հիփոթեքային վարկերի սպասարկումները մինչեւ 6 ամսով կերկարացվեն: Սա նաեւ բանկերի համար լավ առիթ է, որ իրենց հաճախորդների մոտ իմիջը բարելավեն ու ավելի լավ պայմաններ առաջարկեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ