Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստ չէ, որ բոլորը պետք է թեստավորեն». Փաշինյանն այն մասին, որ տաքություն է ունեցել, բայց նախարարն ակնարկել է թեստերը «չփչացնելու» մասին

Մարտ 16,2020 20:03

«Ինչո՞ւ վարչապետը չի պարետը, այլ փոխվարչապետը»,-կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց հղեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է արտակարգ դրության պարետ: «Տրամաբանությունը կայանում է նրանում, որ փոխվել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքի կարգավիճակը»,-պատասխանեց Փաշինյանը:

Մարուքյանը նաեւ հետաքրքրվեց՝ մարզերում կորոնավիրուսի թեստերը հասանելի՞ կլինեն. «Շատերը չգիտեն, թե ուր զանգեն, ում դիմեն»: Վարչապետը շեշտեց, որ կարեւոր է ոչ միայն թեստ ունենալը, այլեւ դրա կիրառության պրոֆեսիոնալիզմը. «Տեղափոխման հերմետիկությունը պետք է ապահովել: Համապատասխան լաբորատորիաներ են պետք: Երեք լաբորատորիա ունենք, որոնց դեպքում կարող ենք ասել, որ ախտորոշումը ճիշտ կլինի: Հետեւաբար, մարզի բնակիչը պետք է դիմի ոստիկանություն կամ շտապօգնություն, իսկ տեղի բուժանձնակազմը կցուցի՝ բանը հասնելո՞ւ է թեստի, թե ոչ: Փաստ չէ, որ բոլորին պետք է թեստի ենթարկենք: Երբ ինձ ուղարկեցին կադրեր, որ շփվել եմ մարդու հետ, որի մոտ հետո կորոնավիրուս է հայտնաբերվել, տաքությունս չափեցի, կար: Բայց թեստը բացասական պատասխան տվեց: Առողջապահության նախարարն ասաց, որ հավանականությունը քիչ է: Երեւի ակնարկում էր, որ եկեք այդ մի քանի թեստը չփչացնենք (ժպտում է): Այսինքն, փաստ չի, որ բոլոր տաքություն ունեցողները պետք է թեստավորվեն»:

Էդմոն Մարուքյանը նաեւ հարցրեց. «Տնտեսական աջակցության գործողությունների ի՞նչ փաթեթ է նախատեսում կառավարությունը: Հիմնարկներ կան, որոնք փակվելու են, իսկ մարդիկ մնալու են առանց աշխատավարձի»:

Վարչապետն արձանագրեց, որ եկամուտ ստանալու եւ չվարակվելու շահերից ոչ մեկը չպետք է բացարձակ դարձնել, այլապես հաղթահարումը դժվար կլինի. «Լուծումներ ենք փորձում գտնել: Չենք ասել, թե բոլոր ռեստորանները պետք է փակել: Ամեն միջոց պետք է արդարացված լինի: Օպերատիվ որոշումները կկայացնենք ըստ համաճարակաբանական իրավիճակի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031