Այսօր Ազգային ժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով:
Հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բացատրեց, թե արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը ինչով է պայմանավորված:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հարցրեց. «Ինչո՞վ է պայմանավորված արտակարգ դրության վերաբերյալ որոշումը հենց այսօր կայացնելը, ինչո՞ւ դա չի կայացվել մեկ շաբաթ առաջ: Բերում են Ղազախստանի, Իսրայելի օրինակները: Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ է կատարել կառավարությունը՝ այս օրվա համար»:
Կարդացեք նաև
Վարչապետը պատասխանեց. «Կա պարզ վիճակագրություն: Վերջին 4 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը առնվազն եռապատկվել է, եթե չի քառապատկվել: Մենք ունենք պարզ վիճակագրություն՝ քառապատկվել է: Ամսի 11-ին մոտ 6-7 հիվանդ ունեինք, փաստորեն, հնգապատկվել է: Այս դինամիկան մեզ ստիպեց մտածել, որ պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել: Վերջին երկու օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 3, 4, 5 ախտորոշում: Եղել են մարդիկ, ովքեր մենք իմացել ենք, որ կոնտակտավոր են ու 3-4 օր թաքնվում էին այդ մարդիկ: Իրավապահ մարմիններն են առողջապահության նախարարության հետ հայտնաբերել այդ մարդկանց: Պատկերացնո՞ւմ եք, մարդը հիվանդ է… որ հետապնդման մեջ ես լինում ու ընդհատակում ես հայտնվում, դա ես կարող եմ հասկանալ, բայց որ հիվանդ ես ու թաքնվում ես բոլորից, այդ թվում՝ բժիշկներից, դա մի քիչ դժվար է հասկանալ: Արտադրամասում դեպք ունեք, որտեղ մոտ 500 հոգի է աշխատում ու երեկ, երբ դեպք ունեցանք, որ դպրոցականի մոտ ախտորոշվեց, մենք հասկացանք, որ պետք է դիմել արտակարգ միջոցների: Երբ դեպքերի 60 տոկոսը վերաբերվում է մի քաղաքի, գիտեք, երեկ 23-ից ելքերն ու մուտքերը Էջմիածին սահմանափակել ենք: 129 քաղաքացու, ովքեր ջերմություն ունեն, խնդրել ենք, ասել ենք՝ խնդրում ենք, տուն վերադարձեք: Մարդը ասում է՝ չէ՛, չեմ վերադառնում»:
Վարչապետը խնդրեց, որ որեւէ մեկի հասցեին մեղադրանք չընկալել. «Թերթիկը լրացրել է, բացատրել են, թե ինչ պետք է անի: Զանգել են, ասել են՝ ո՞նց եք զգում, ասել են՝ պրոբլեմ չկա: Գնացել են, դուռը ծեծել են, դռան հետեւից ասել են՝ մեր մոտ նորմալ է ամեն ինչ: Ասում են՝ լավ, դուռը բացեք, տեսնենք, որ նորմալ է, ասում է՝ չեմ բացում: Հասկանո՞ւմ եք, պետությունը այս դեպքերում պիտի լծակ ունենա, որ ասի՝ պիտի բացես, եթե չես բացում, դուռը ջարդում եմ, մտնում ներս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ