«Արտակարգ դրության ամենախիստ սահմանափակումները վերաբերում են տեղեկատվության տարածմանը: Բացառապես կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունների մասին է խոսքը: Քննադատությունը, մեղադրանքը, որոնք կարող են կապված լինել, օրինակ, քաղաքական կյանքի հետ, սահմանափակում չեն ունենա»,- Կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր զեկուցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «Կորոնավիրուսի մասին տեղեկությունները պետք է համապատասխանեն պաշտոնականին: Հույս ունեմ, որ այս ընթացքում ՀՀ բոլոր քաղաքացիները համոզվել են, որ կառավարությունը րոպե առաջ, անգամ՝ դետալացված տարբերակով տեղեկություններ է ներկայացնում: Առաջին օրից այդպես է եղել: ՀՀ որեւէ քաղաքացի չպետք է կասկածի, որ կորոնավիրուսի հետ կապված կա մի տեղեկություն, որը կառավարությունը խուսափել է հայտնել»:
Վարչապետը նաեւ նշեց, որ հավաքների սահմանափակում կա՝ 20-ից ավելի մարդ չպետք է նույն տեղում հավաքվի, իսկ օրինակ, հուղարկավորությունների դեպքում, եթե համաճարակաբանական իրավիճակը պահանջի, քաղաքացիներին կխնդրեն, որպեսզի քսանից ավելի անձ չմասնակցի հուղարկավորությանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ