«Կորոնավիրուսով հաստատված պացիենտները գտնվում են լավ կամ բավարար վիճակում: Լավ նորությունն այն է, որ առաջին ախտորոշված անձը բուժվել է եւ դուրս գրվել, իր տանն է: Տվյալ դեպքում բուժվել ասելը շատ հարաբերական է, որովհետեւ առողջապահական համակարգը նրա համար ոչ մի բան չի արել, բացի՝ ախտորոշելուց եւ մեկուսացված պահելուց»,-Կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր զեկուցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա փոխանցմամբ՝ նշյալ պացիենտն այս ընթացքում բուժում չի անցել, պարզապես մնացել է հիվանդասենյակում. «Երրորդ անգամ թեստավորումը բացասական է եղել, ինչից հետո դուրս է գրվել»: Փաշինյանի խոսքով՝ միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի 90%-ը գրանցվում է մեծահասակների մոտ. «Այս պահին մենք ունենք 60 տարեկանից բարձր 3 պացիենտ, որոնցից մեկն է միայն թոքաբորբով: Մյուսներից ոմանք ջերմություն էլ չունեն»:
Վարչապետը վստահեցրեց, որ իրավիճակը կարելի է համարել կառավարելի. «Ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ, որտեղ մեծ թվով մարդ է աշխատում, բայց կարծես թե կարողացել ենք տեղորոշել շփման շրջանակը: Ամբողջությամբ համոզված լինեք չենք կարող, ուստի արտակարգ դրություն հայտարարեցինք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ