Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՐԴՈՐԸ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Կարդացեք նաև
Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։
Կոչ ենք ուղղում բոլորին՝ գործել անձնական և հանրային բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ ոչ միայն մեր անձերի, այլև միմյանց հանդեպ հոգածությամբ՝ խորապես ըմբռնելով, որ այս պահին յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը նաև մեր անձնական պատասխանատվությունն է: Առ Աստված ապավինությամբ աղոթում ենք վարակվածների և մեկուսացվածների ապաքինման և հոգևոր ամրության համար։ Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում զօրուգիշեր իրենց անսակարկ ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր առավելագույն ջանքեր են ներդնում իրենց ծառայության մեջ՝ գործելով արտակարգ իրադրության պայմաններում:
Առկա կացության շուրջ խորհրդակցելով մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալների հետ և ստեղծված իրավիճակը այսօր քննարկելով հայաստանյան եպիսկոպոսների հետ՝ որոշեցինք․
Ա․ մինչև Ավագ Հինգշաբթի ընկած ժամանակահատվածի համար Եկեղեցիների ծառայության ժամեր սահմանել յուրաքանչյուր օր ժամը 9։00-ից մինչև 19։00-ը՝ հավատացյալների անհատական այցելությունների ու առանձնական աղոթքների, ինչպես և Սուրբ Հաղորդության և հոգևոր մյուս կենսական պահանջմունքների բավարարման համար,
Բ. Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը,
Գ. Ծաղկազարդի տոնին չեղարկել մանուկների օրհնության կարգը, Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կատարել առանց հավատացյալների ներկայության,
Դ․ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ ապրիլի 7-ին, չկատարել մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգը,
Ե․ չկատարել Ս․ Պսակի արարողություններ,
Զ․ Ս․ Մկրտության խորհուրդը կատարել խիստ անհրաժեշտության դեպքում (մկրտվողի հիվանդության պարագայում),
Է․ հուղարկավորությունների պարագային կատարել միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով սգացյալներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից։
Սույն որոշումները հրահանգելով եկեղեցական կառույցներին ի գործադրություն՝ առաջիկա չորեքշաբթին՝ մարտի 18-ը, հայտարարում ենք համազգային աղոթքի օր՝ հրավիրելով յուրաքանչյուրին ժամը 19:00-ին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին՝ հայցելով, որ Տիրոջ օգնականությամբ աշխարհը և մեր ժողովուրդը ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու այս փորձությունը։
Այս դժվարին պահին հարկ է, սիրելիներ, միասնական կերպով համախմբվել և ամենայն աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն ու պատկան մարմիններին, խստորեն հետևել թելադրվող բոլոր հրահանգներին և իշխանությունների կողմից սահմանված պահանջներին։
Մենք միասին՝ հանրային համերաշխությամբ, քաղաքացիական և հոգևոր բարձր պատասխանատվությամբ ու գիտակցությամբ և մեր Տիրոջ շնորհով ու ողորմածությամբ կհաղթահարենք նաև այս դժվարությունը: Կյանքը աստվածային պարգև է և ամենաթանկը, որին պետք է հոգ տանենք միմյանց հանդեպ սիրով։ Հիմա՛ է ժամանակը վկայելու մեր սիրո և միասնության մասին:
Տիրոջ օրհնությունը, շնորհն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ