Այսօր Ազգային ժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով:
Եթե բավարար թվով պատգամավորներ չգրանցվեին, նիստը նորից իրավազոր էր համարվելու, բայց գրանցվեց 101 պատգամավոր, քվորում կար:
Հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ այս պահի դրությամբ 30 դեպք ունենք գրանցված. «Ամենամտահոգող դեպքը այս պահի դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք ախտորոշվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այդ մարդկանց հետ շփման շրջանակը պարզվում է, այդ մարդիկ կմեկուսացվեն»:
Վարչապետը բացատրեց, թե արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը ինչով է պայմանավորված. «Արտակարգ իրավիճակներում բնակչությանը աջակցություն ցույց տալու մասին ՀՀ օրենքը համաճարակների իրավիճակները բացարձակապես չի նախատեսել, նախատեսված է միայն արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել ինչ-որ տեխնածին աղետ, բնածին աղետ ու պետք է մարդկանց կյանքը կազմակերպել այդ իրավիճակում, պաշտպանել մարդկանց: Այդ օրենքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ վտանգը բխում է մարդկանց պաշտպանելու արտաքին գործոններից, իսկ երբ մարդուն վտանգը բխում է ուրիշ մարդուց, այդ դեպքերը կանոնակարգված չեն:
Կարդացեք նաև
Վերջին 20 օրվա ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, որ մեր սիրելի հայրենակիցները միշտ չէ, որ հետեւում են առողջապահության ու կառավարության առաջարկած վարքագծի կանոններից: Շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել, իսկ այդպիսի միջոցներ, որոնք ենթադրում են, որ պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով, ՀՀ սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում: Սա էլ անձնական ազատությունների որոշակի սահմանափակում է բերելու, որը հնարավոր է արտակարգ դրության պարագայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ