Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. «Բանկերին հնարավորություն ենք տվել հետաձգել վարկի մարումները, երկարացնել վարկի ժամկետը, տեղն եկած պահին՝ իջեցնել տոկոսադրույքները»

Մարտ 16,2020 19:07

Այսօր կառավարության արտահերթ նիստի ավարտից հետո, երբ ընդունվեց ՀՀ-ում այսօրվանից մինչեւ ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու մասին որոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ ֆինանսական համակարգին:

Մինչ այդ, նա կոչ արեց Արցախի հանրապետություն մեկնել կամ այնտեղից ՀՀ գալ բացառիկ անհրաժեշտ դեպքերում, անցագրային կետերում ջերմաչափում կիրականցվի, ջերմություն ունեցողներին հորդորել են վերադառնալ իրենց բնակության վայրերը:

Ինչ վերաբերում է ՀՀ –ի ֆինանսական համակարգին, ապա վարչապետն ասաց՝ այն գործում է բնականոն ռեժիմով. «Ուզում եմ արձանագրել, որ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթներն ամենօրյա սահուն եւ բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միեւնույն ժամանակ ՀՀ ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում, ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն՝ ինչպես դրամով, այնպես էլ՝ արտարժույթով»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ ավելացրեց՝ սկզբում տարբեր հայտարարությունների պատճառով ֆինանսական համակարգում որոշ վայրիվերումներ են եղել, շուկայում անկայուն իրավիճակ է եղել, բայց հիմա ամբողջությամբ վերահսկվում է եւ կայուն է:

Փաշինյանը հիշեցրեց՝ ԿԲ-ն դիմել է բանկերին, որպեսզի ճգնաժամային իրավիճակներից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի եւ անհատական մոտեցմամբ աջակցություն ցուցաբերվի նաեւ վարկերի վերակառուցման, որոշ դեպքերում նաեւ տոկոսների վերակառուցման համար.«Այսօր խորհրդակցության ժամանակ ասացիք, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել եք, որպեսզի բանկերը առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին»:

Այս առնչությամբ Ջավադյանը մանրամասնեց. «Խոսքն այն մասին է, որ եթե առեւտրային բանկում որոշում է ընդունվում, ապա մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում նաեւ ազգային հիփոթեքային ընկերության, բնակարան երիտասարդներին, եւ 3-րդ կողմի հետ՝ միջազգային ծրագրերով պայմանավորվեցինք՝ եթե բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, հնարավորություն եք տվել մինչեւ 6 ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները, հետաձգել վարկի մարումները, երկարացնել վարկի ժամկետը, տեղն եկած պահին՝ իջեցնել տոկոսադրույքները: Այս ամենն անելու դեպքում այս կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկային պայմանները: Սա նշանակում է՝ այսօր բանկերն այդ հնարավորությունն ունեն»:

Ըստ Ջավադյանի, հնարավորություն կա նաեւ դիմել ԿԲ-ին եւ ստանան աջակցություն:

Փաշինյանը հայտարարեց՝ 2019-ի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարադակի վրա՝ 2 միլիարդ 800 միլիոն դոլարից ավել. «Նախորդ տարի ՀՀ ԿԲ-ն 560 միլիոն դոլարի արտարժույթի առք է իրականացրել, ֆինանսական համակարգը կայուն է, եթե կլինի անհրաժեշտություն՝ կառավարությունն ու ԿԲ-ն կցուցաբերեն համապատասխան աջակցություն՝ բանկերին ու տնտեսության իրացվելիության բարձր մակարդակ ապահովելու համար: Իհարկե, մենք քննարկում ենք թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ հստակ արձանագրենք, որ մենք մեր խնդիրը չենք ձեւակերպել, որ պետք է տնտեսական դժվարությունները հաղթահարենք, այլ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից: Մեր հաշվարկներով՝ համաշխարհային գործընթացների հետեւանքով միջազգային ՀՆԱ-ի 2 տրիլիոն դոլարի անկում է ակնկալում: Սա վատ է, բայց նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրիլիոն ազատված դաշտ է առաջանալու, սա նշանակում է, որ ազատվող դաշտում ՀՀ բիզնեսն ու տնտեսությունը կարող է մեծացնի իր ներկայությունը, ճգնաժամը նաեւ հնարավորություններ է բերում, որից պետք է օգտվենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031