Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործով առաջիկայում սպասվում են որոշակի զարգացումներ. Արմեն Թավադյանի պաշտպան

Մարտ 16,2020 18:25

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ քրեական գործով առաջիկայում սպասվում են որոշակի զարգացումներ:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին նա մանրամասնեց. «Վարույթն իրականացնող մարմինը գործի ավարտը հայտարարել է, և նյութերը տրվել են ծանոթացման: Դատախազությունում պետք է քննարկում լինի քրեական գործի ճակատագիրը որոշելու հարցով: Ենթադրվում է, որ գործը մեղադրական եզրակացության պետք է գնա դատարան: Հույս ունեմ, որ դատախազության մեր գործընկերներն այնքան հեռատես կլինեն, որ նման մակարդակի քրեական գործը չեն ուղարկի դռնբաց դատական քննարկման: Դատախազին էլ եմ նշել, որ այս գործով պետք է շուտափույթ կարճում լինի»:

Հիշեցնենք՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:

Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել և հայտնեց. «Մինչև նման որոշում կայացնելը գույքն առգրավված էր, ինչը կոպիտ խախտում էր: Կալանքը դրվել է, բողոքարկել ենք, բայց մերժում ենք ստացել: Կա միտում ոչ միայն քրեական գործով կոնկրետ անձի ազատությունը սահմանափակելու, այլև այդ եղանակով նրա գործունեությունը խոչընդոտելու, այդ թվում նաև ֆինանսական գործունեությունը»:

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատական ծախսերի համար սովորաբար մեկ քրեական գործով առավելագույնը երկու-երեք միլիոն դրամ կարող է լինել կալանքի տակ, իսկ Արմեն Թավադյանի բնակարանից այդ գումարը գերազանցող գումար են կալանքի տակ դրվել, բանկային հաշիվներ են սառեցվել, բանկային պահատուփերում եղած գումարն է վերցվել, որը ոչ մի կապ չունի գործի հետ. «Ձևական պատճառաբանություն են գտել, թե դրանք կարող են նյութական ապացույց լինել: Այս գործողությունները հուշում են, որ խնդիր կա, քանի Արմեն Թավադյանն այդ միջոցներն օգտագործում է մեդիային ֆինանսավորելու համար: Այս ամենը գալիս է հիմնավորելու, որ սա մտածված գործունեություն է»:

Անդրադառնալով Վարուժան Մկրտչյանի, թեև նույն քրեական գործով անցնելու  պարագայում ազատության մեջ գտնվելու հանգամանքին, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Երբ շեշտում էինք՝ որն է տարբերությունը Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի, պատասխանում էին, որ Վարուժան Մկրտչյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Դրանից ակնհայտ է դառնում, որ Արմեն Թավադյանին կալանքի տակ են պահելու այնքան ժամանակ մինչև չտա ինքնախոստովանական ցուցմունք: Այսպիսին է ՀՔԾ վերաբերմունքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031