Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսն ու գյումրեցի առևտրականների հումորը

Մարտ 16,2020 17:57

Մինչ կառավարությունն արտահերթ նիստ էր անցկացնում ՀՀ ողջ տարածքում  արտակարգ դրություն  մտցնելու, Գյումրի կենտրոնական շուկայի առևտրականները հումոր էին անում ՝ ասելով՝ «կորոնավիրուսից ինչի՞ վախենանք, թող կորոնավիրուսը գյումրեցուց վախենա, էդպիսի՜ վիրուսներ ենք տեսել»։

Չնայած Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով զերծ մնալ բացօթյա առևտուր իրականացնելուց, այդուհանդերձ Գյումրու շուկայում առևտուրն իր հունով շարունակվում էր։ Ասել, թե շուկան  նախորդ օրերի պես մարդաշատ է, թերևս սխալ կլինի,այդուհանդերձ այն դատարկ էլ  չէ։

Առևտրականներից մեկը բողոքեց, որ 10 օր է՝ շուկայում նախկին եռուզեռը չի նկատվում, այսօր առավոտից ընդամենը 1000 դրամի առևտուր է արել։ Ըստ նրա, շուկան ինչքան էլ մարդաշատ չլինի ու առևտուր չլինի, մեկ է՝ տանը բանտարկված ապրել չեն կարողանա։

Նկատելի էր, որ շուկայի առևտրականները, երբեմն, ախտահանում էին ձեռքերը սպիրտով, լրագրողներից էլ  հետաքրքրվում՝ Շիրակի մարզ դեռ չի մտել,  չէ՞, էդ վիրուսը։

Կանաչի վաճառող կանանցից մեկն էլ ասաց․ «Գնացեք քաղաքապետարանին ասեք, որ խանութների մեջ շփում ավելի վտանգավոր է, քան մաքուր օդին»։ Կինն ասաց, որ առևտուր լինել-չլինելուց չի բողոքում, ձեռքերն էլ հաճախակի ախտահանում է։

Առևտրի եկած տարեց մի տղամարդ էլ  լրջորեն չէր վերաբերում կորոնավիրուսին։

«Կորոնավիրուսից  ինչի՞ վախենամ․ առավոտյան 100 գրամ խմում ենք, հականեխվում ենք, Գյումրիում էլ էդ վարակը չկա՝ Աստծուն Փառք»։

Նշենք, սակայն, որ  Գյումրիում էլ  վիրուսից զգուշացողներ կային, փողոցներում ու տրանսպորտի մեջ հաճախակի կարելի է հանդիպել  բժշկական դիմակներ կրող մարդկանց։

Կենտրոնական փողոցներն այսօր մարդաշատ չէին, բայց դա կարելի է կապել նաև ցուրտ եղանակի հետ,  բոլոր խանութները բաց  էին, այդ թվում հագուստի խանութները, սրճարաններում  էլ հաճախորդներ կային, իհարկե՝ ոչ մեծ քանակով։ Ի դեպ, Գյումրու կենտրոնում  նաև զբոսաշրջիկներ կային։

Իսկ  երեկ երեկոյան, ըստ ականատեսների,  կենտրոնական ռեստորաններում քեֆ-ուրախությունները շարունակվել են։

Նկատենք, սակայն, որ որոշակի  սպասարկման օբյեկտներ, տոնավաճառներ, օրինակ՝ Գյումրու Անի թաղամասում գտնվող  «Անժելիկա»-ն, այսօր փակ էին: Այսօրվանից իր աշխատանքներ էին դադարեցրել նաև Գյումրու «Հայաթ» ռեստորանն ու երաժշտական սրահը, որը դեռ երեկ  հայտարարություն էր տարածել, որ ֆինանսական շահը ստորադասում են հաճախորդների առողջությանն ու անվտանգությանը՝ մարտի 16-ից 22-ը, ներառյալ` չաշխատելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031