Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «3500-ին մեկուսացնենք, որ 5-6 վարակակի՞ր գտնենք»

Մարտ 16,2020 17:10

Այսօր կառավարության արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը:

Համաձայն նախագծի, ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ: Հետո նիստին արդարադատության նախարարն ասաց, որ տեքստում վրիպակ կա, արտակարգ դրություն սահմանել ոչ թե մինչեւ ապրիլի 16-ը, այլ՝ ապրիլի 14-ը:

Որոշման ծավալուն նախագծից ներկայացնենք կարեւոր որոշ դրույթներ՝ ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը:

Արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը. հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետեւյալ միջոցառումները՝ կրոնական, ծիսական միջոցառումները,համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

Սահմանվում է՝ ՀՀ անցակետով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք են մուտք գործում առողջապահության նախարարի հրահանգով սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից), բացառությամբ`1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների.

2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը,

3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի: Ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքը արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:

Որոշմամբ սահմանվում է՝ պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առեւտրի եւ զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը: Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային եւ ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:

Ըստ որոշման նախագծի, պարետը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է:

Նիստին ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանն առաջարկեց ընդհանրապես արգելել ելք ու մուտքը օտարերկրացի բոլոր քաղաքացիների համար: Սա ըստ փոխվարչապետերի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ռիսկային է՝ կկտրվենք աշխարհից, ավիաընկերությունները թռիչքներ չեն իրականացնի, բժշկական բեռներ չեն տեղափոխվի:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հարց ուղղեց՝ ինչո՞ւ ժամանող քաղաքացիների համար 14 օրյա մեկուսացման կամ ինքնամեկուսացման կարգավորումը չի սահմանվում, ով ուզում է գալ՝ գա, բայց մի տեղ մեկուսացվի: Վարչապետ Փաշինյանն արձագանքեց նախարարին. «Շատ լավ եք ասում, ասենք՝ 10 հազար մարդ եկել է, ասում է՝ եկել եմ ինքնամեկուսանալու, ասեք՝ որտե՞ղ ինքնամեկուսացվեմ»:

Հետո Փաշինյանն ավելացրեց՝ փետրվարի 20-ից հետո Իրանից Հայաստան է ժամանել 2092 ՀՀ քաղաքացի, Իտալիայից՝ 761, Ավստրիայից՝ 553. «Մյուս երկրները դեռ չեմ թվարկում: Ձեր ասածով որ լիներ՝ այս պահին մեկուսացված 3500 քաղաքացի պետք է ունենայինք, նրանցից իրականության մեջ հիվանդ են եղել 5-6 հոգի: Այսինքն՝ 3500-ին մեկուսացնենք, որ 5-6 հոգի հիվա՞նդ գտնենք: Բոլորին չէինք կարող մեկուսացնել, որովհետեւ կպարզվի, որ 10 հազար մարդու մեկուսացնելու ենք, նախ ռեսուրսների հարց կա, ու 10 հազարի մեջ ասենք 10 մարդ է վիրուսակիր»:

Փաշինյանը Գրիգորյանի առաջարկին չհամաձայնվելու այլ պատճառ էլ բերեց՝ ասենք, այդ մեկուսացվածների մեջ գործարարներ են, պայմանագրեր կնքած քաղաքացիներ. «Մեկուսացման ժամանակ մեկը բիզնեսմեն է, մեկ պայմանագիր է կորցրել, մեկուսացումից դուրս է գալիս, պարզվում է, որ առողջ է ու մեկուսացման ընթացքում 10 միլիոն է կորցրել, մեզ դատի է տալիս, ասում է՝ ձեր կամայական որոշման պատճառով կորցրել եմ 10 միլիոն»:

Այս պահին արտահերթ նիստն ընդհատվել է, նախագծում որոշ շտկումներ պետք է արվեն:

Փաշինյանն առաջարկեց նախագծի հավելվածի 2-րդ կետում ուղղում կատարել՝ «Հանրապետության տարածք են մուտք գործում Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից)», հստակեցնել այս անձանց վերջին 14 օրում գտնվելու վայրը, հուղարկավորումների դեպքում էլ որոշ սահմանափակումներ կատարվեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031