Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաձգել տոնական միջոցառումները, սգո արարողությունները կազմակերպել ոչ մարդաշատ. Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները շարունակվում են

Մարտ 16,2020 16:32

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Պետական նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել: Հանձնաժողովը շարունակում է կանխարգելման ուղղությամբ համալիր միջոցառումները: Մասնավորապես, կասեցվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը, ներքաղաքային տրանսպորտը ախտահարվում է օրական երկու անգամ, շահագրգիռ գերատեսչություններն էլ շարունակում են մշտական կապի մեջ մնալ ՀՀ-յան գործընկերների հետ:

Գ.Մարտիրոսյանն անդրադարձել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Հանձնարարվել է սույն թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը, ելնելով ծանրաբեռնվածության աստիճանից, սահմանափակել պետական կառավարման համակարգի և նրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների մի մասի աշխատանքի ներկայանալը՝ դիտարկելով աշխատանքային պարտականությունները հեռահար եղանակով կազմակերպելու տարբերակը: Խոսքը վերաբերում է հատկապես նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներով՝ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններով աշխատակիցներին:

Հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով պետական նախարարը կոչ է արել դադարեցնել բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները և մշակութային միջոցառումները, անորոշ ժամանակով հետաձգել տոնական միջոցառումները, իսկ սգո արարողությունները կազմակերպել ոչ մարդաշատ:

Առողջապահության նախարարի տեղեկացմամբ, ավելի վաղ իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝ բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են անհրաժեշտ բժշկական պարագաներով և նյութերով: Հանրապետության բոլոր շրջաններում և մայրաքաղաքում կահավորված են համապատասխան մեկուսարանները:

Կրթության, գիտության և սպորտի նախարարի հավաստմամբ, կրթական բոլոր հիմնարկների աշխատանքը կասեցված է մեկ շաբաթով, կապված համաճարակային իրավիճակի հետ՝ այն կերկարաձգվի անհրաժեշտության դեպքում: Քննարկումներ են իրականացվում կրթական և ոլորտային գործունեության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը իրականացվող աշխատանքների արդյունավետության հարցում ընդգծել է նաև ԶԼՄ–ների դերը՝ համակողմանի և անաչառ լուսաբանման առումով:

Գ.Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժանձնակազմին՝ այսօրերին ծանրաբեռնված աշխատանքի և բարձր պատասխանատվության համար:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031