Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանում արցախյան ընտրությունների կարևորությունը բացատրվում էր Ղարաբաղյան հակամարտության համատեքստով, ապա Արցախում այն նախևառաջ պայմանավորել էին իրենց ներքին իրողությունները բարեփոխելու անհրաժեշտությամբ. Լաուրա Բաղդասարյան

Մարտ 16,2020 16:21

Արցախի 2020թ. քարոզարշավը գործողության մեջ. ընդհանուր ուրվագիծ

2019 թ. աշնանը մեր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը Հայաստանում և Արցախում փորձագիտական խորքային հարցումներ անցկացրեց 2020թ. մարտի 31-ին Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ կապված սպասելիքների և նախնական պատկերացումների թեմայով։ Գրանցվեցին բավականին ուշագրավ արդյունքներ, որոնք ցույց տվեցին Հայաստանում ու Արցախում ընտրությունների համատեքստերի առաջնահերթությունների տարբերությունները։ Դրանցից գլխավորն այն էր, որ եթե Հայաստանում արցախյան ընտրությունների կարևորությունը բացատրվում էր Ղարաբաղյան հակամարտության համատեքստով ու ընդհանուր անվտանգությունից բխող հանգամանքներով (ՀՀ-ի հետ արցախյան քաղաքական-հասարակական իրողությունների համապատասխանեցում), ապա Արցախում ընտրությունների կարևորությունը նախևառաջ պայմանավորել էին իրենց ներքին իրողությունները բարեփոխելու ու այդ հիմքով նույնպես անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտությամբ։ Ղարաբաղյան հարցվածները Հայաստանի հետ հարաբերություններ ներդաշնակեցնելու խնդիր չէին էլ մատնանշել։ Իսկ ընդհանուր սպասելիքով՝ Արցախում պետք է/ և կանցկացվեն ազատ ու թափանցիկ ընտրություններ՝ այստեղից բխող ներքաղաքական, անվտանգային, ներհասարակական հարաբերությունների նորովի զարգացման հեռանկարով[1]։

2020թ. փետրվարի 26-ից մեկնարկած պաշտոնական քարոզարշավի կեսից արդեն լիարժեքորեն երևակվեց գործընթացի հիմնական ուրվագիծը։ «Քարոզարշավը գործողության մեջ» որոշակիորեն խմբագրեց մեր հարցումների ընթացքում արտահայտված մի քանի սպասելիքներ ու պատկերացումներ։ Այս մասին է ստորև բերված հոդվածը։

Մեր այս նախնական դիտարկումներն ուրիշ արդյունքների հետ ավելի հիմնավոր, հաշվարկներով ամրագրված ներկայացնելու ենք առաջիկայում, երբ ավարտենք ընտրությունների թեմայով մեդիա մոնիտորինգը, որն իրականացնում ենք հայաստանյան և արցախյան մի շարք ԶԼՄ-ների արտադրանք հետազոտելով։

ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ Ու «ՆՈՐ, ՈՉ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ» ԹԵԿՆԱԾՈւՆԵՐ

Արցախում ընտրելու իրավունք ունեցող 103.506 քաղաքացիներ 2020թ. մարտի 31-ին քվեարկելու են Արցախի նախագահի 14 թեկնածուներից մեկի և խորհրդարանական տեղերի համար պայքարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների օգտին։ Թեև նրանց ճնշող մեծամասնությունը հանրությանը լավ հայտնի գործիչներ են, սակայն այս ընտրություններում նրանք ձգտում են հանդես գալ նոր իմիջով, մի մասը նաև՝ նորաստեղծ քաղաքական ուժերի ուղեկցությամբ։ Այսպես կոչված՝ նոր, ոչ համակարգային գործիչ ներկայանալու քարոզչական ակնհայտ ձեռագիր այս քարոզարշավի ընթացքում կիրառեցին նաև Արցախի՝ դեռ գործող իշխանությունների կազմում աշխատած, երկար տարիներ օրենսդրական ու այլ բնագավառներում որոշումներ կայացնող գործիչները։ Եվ դա հիմնականում պայմանավորված է խնդրով, որ արցախյան ընտրողներին, հայաստանյան իշխանություններին ներկայանան որպես գործիչներ, որոնք հեռու են եղել որոշում կայացնողների խմբերից, մաս չեն կազմել նախկինում տեղ գտած կոռուպցիոն շղթաների, այլ ոչ օրինական գործողությունների։ Միակ հարցը, որ մրցակիցները ստանձնում են, ղարաբաղյան պատերազմում և հակամարտության համատեքստում իրենց ունեցած դերակատարությունն է, պատերազմում հաղթանակի հետ առնչությունը։ Թեև, ինչպես վկայում են մեր հարցումների արդյունքները, հենց արցախյան հանրությանը պատերազմում մասնակցելու հանգամանքով չես զարմացնի, քանի որ Արցախում բոլորի ընտանիքներից են հարկ եղած ժամանակ եղել ճակատում։ Մյուս կողմից էլ անցյալում իրենց ունեցած դերի համատեքստում շեշտադրումները միանգամայն օրինաչափ են քարոզարշավի համար և սպասելի:

Նույն հարցումների արդյունքներով ղարաբաղյան խմբում որպես ընտրություններում հաղթանակի համար վճռորոշ նշանակություն ունեցող հանգամանքներ թեկնածուների նոր, ոչ համակարգային դեմք լինելը նշվել է նույնքան անգամ, որքան  նրանց կապերն ու ռեսուրսները, թեկնածուների ունեցած դերը հակամարտության մեջ նշվել է նույնքան անգամ, որքան նրանց վստահելիությունը։

Արցախի նոր նախագահի պաշտոնի համար մրցող 14 թեկնածուներից 5-ն ինքնառաջադրվել են, քաղաքական /պետական/ ռազմական ոլորտներից չեն և քիչ են հայտնի արցախյան ողջ հանրությանը (Քրիստին Բալայան, Բելլա Լալայան, Սերգեյ Ամիրյան, Աշոտ Դադայան, Մելսիկ Պողոսյան)։ Նախագահի երկու թեկնածուներ՝ Մասիս Մայիլյանը և Վիտալի Բալասանյանը, արդեն մեկ անգամ մասնակցել են նախորդ տարիների նախագահական ընտրություններում (համապատասխանաբար՝ 2007թ. և 2012թ.)։ Այս անգամ նրանք, ինչպես մյուս 7 նախագահի թեկնածուները (Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան, Աշոտ Ղուլյան, Դավիթ Իշխանյան, Վահան Բադասյան, Հայկ Խանումյան, Ռուսլան Իսրայելյան), առաջադրվել են կուսակցությունների կամ դաշինքների կողմից։

Խորհրդարանում մանդատների համար մրցավազքի դուրս եկած 15 քաղաքական ուժերից 10-ը մասնակցում են առանձին, իսկ 5-ը միավորված են երկու դաշինքներում։ Եվ այդ 15 կուսակցություններից 10-ը նորաստեղծ են, հիմնադրվել են վերջին երկու տարիներին՝ Արցախում ակտիվացած կուսակցաստեղծ գործընթացի ընթացքում[2]։

Արցախում մի շարք նոր կուսակցությունների հայտնվելը մի կողմից պայմանավորված էր 2018թ. հայաստանյան հեղափոխությունից հետո Արցախում արձանագրված քաղաքական աշխուժությամբ[3], իսկ մյուս կողմից՝ 2020թ. ընտրություններին նախապատրաստվելու և սեփական քաղաքական ուժերով մասնակցելու որոշմամբ։ Այսպես, ներկայիս նախագահի թեկնածուներից 4-ը գնում են ընտրությունների վերջին երկու տարվա ընթացքում իրենց իսկ կողմից հիմնադրած կուսակցությունների հետ համատեղ։ Նախագահի թեկնածուներ Վիտալի Բալասանյանը և Ռուսլան Իսրայելյանն ընտրությունների են գնում 2018թ. հիմնադրված Արդարություն և Անկախության սերունդ կուսակցությունների հետ, թեկնածուներ Վահան Բադասյանն ու Դավիթ Բաբայանը՝ 2019թ. հիմնադրված Միացյալ Հայաստան և Արցախի պահպանողական կուսակցությունների հետ։ Իր քաղաքական ուժով նախագահական ընտրություններին մասնակցելու փորձ արեց նաև Արցախ վերադարձած Սամվել Բաբայանը, սակայն նրա թեկնածությունը պաշտոնապես մերժում ստացավ դրա համար պահանջվող տարիների գրանցում չունենալու պատճառով։ 2019թ. նրա ստեղծած Միասնական հայրենիք կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, սատարում է Մասիս Մայիլյանի թեկնածությանը՝ առանց միանալու նրան առաջադրած Նոր Արցախ դաշինքին։ Խորհրդարանական ընտրությունների գնացող Արցախի հեղափոխական կուսակցությունը հիմնադրվել է ընտրությունների նախօրեին՝ 2020թ. հունվարին։

Հայաստանից Արցախին հասցեագրված երկու հրապարակային պահանջ/հորդորներ են եղել։ Առաջինն ուղղված էր արցախյան գործող իշխանություններին և ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին՝ անցկացնել ազատ ու թափանցիկ ընտրություններ առանց ընտրողների կամարտահայտման որևէ խոչընդոտման։ Իսկ երկրորդ հորդոր-կոչն ուղղված էր արցախյան ընտրազանգվածին՝ չքվեարկել որևէ թեկնածուի օգտին, ով «Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել ու այդպիսի վերաբերմունք ցուցաբերել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը, նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած և վստահող ժողովրդին»։[4]

Այս ընտրարշավի առանձնահատկությունը մասնակիցների բազմազանությունն է, հետևապես նաև՝ նախորդ ընտրական գործընթացների համեմատ բարձր մրցակցայնությունը։ Ինչպես ցույց է տալիս քարոզարշավի ընթացքը, դեռևս պարզ չէ անգամ նախագահական ընտրություններին հաղթողի անունը, նաև այն՝ կլինի՞, արդյոք, երկրորդ փուլ։ Եվ այս հանգամանքն էականորեն տարբերում է 2020թ. ընտրությունները նախորդ նախագահական ընտրական փուլերից, որոնց արդյունքները կանխատեսելի էին, համահունչ հայաստանյան իշխանությունների նախընտրություններին։

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈւՂԵՐՁՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ

Պաշտոնական քարոզարշավից առաջ արդեն, ըստ էության, հիմնականում հայաստանյան մեդիայով և Ֆեյսբուք սոցիալական ցանցով սկսեցին կամաց-կամաց առաջ մղվել նախընտրական գործընթացն ու քարոզարշավը։ Մեր հարցումների արդյունքներով կանխատեսվում էր, որ թեկնածուներն իրենց քարոզարշավներն իրականացնելու են ավելի շատ ընտրողների հետ կենդանի հանդիպումների միջոցով, ապա Ֆեյսբուք սոցիալական ցանցով։ Ինչ վերաբերում է Հայաստանում և Արցախում գործող ավանդական մեդիային, ապա նախնական պատկերացումներով դրանց մեջ առավել ակտիվ պետք է լինեին հեռուստաընկերությունները՝ առաջին հերթին ՀՀ և Արցախի հանրայինները։ Ղարաբաղյան հարցվածների պատկերացումներով՝ լավ կլիներ, որ արցախյան գործընթացների լուսաբանմամբ ակտիվ զբաղվեին նաև հայաստանյան ԶԼՄ-ները։ Հայաստանյան ԶԼՄ-ները նման ակտիվություն իհարկե դրսևորեցին, բայց ոչ միշտ կառուցողական տեսանկյունից։

Եվ իրոք, դատելով մեդիայում նախագահի թեկնածուների ֆեյսբուքյան էջերի բովանդակային ուրվագծերից ու ընդհանուր ակտիվությունից, քարոզարշավի բոլոր մասնակիցների համար գրեթե համաչափ լուսաբանման երկու հիմնական միջոցներ կան՝ ՀՀ հանրային հեռուստատեսությունը, որն էքսկլյուզիվ հարցազրույցների շարքեր է ներկայացնում նախագահի թեկնածուների հետ, Արցախի հանրային հեռուստատեսությունը, որն իր լուրերի ամենօրյա թողարկումներում ռեպորտաժներ է հեռարձակում ինչպես նախագահի թեկնածուների, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների մասնակցող այլ ուժերի հանդիպումներից։ Շաբաթը մեկ անգամ կազմակերպվում են նաև դեբատային ֆորմատի հաղորդումներ։ Արցախի հանրայինով նախատեսված է նաև քվեարկության օրվա նախօրեին անցկացնել մեծ դեբատ նախագահականի բոլոր մասնակիցների համար։

Պաշտոնական քարոզարշավի առաջին իսկ օրվանից հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներ (civilnet.am, 1in.am, news.am և այլն) գործուղվեցին Արցախ՝ կազմակերպելու հարցազրույցների շարքեր նախագահի թեկնածուների հետ։  Կան ԶԼՄ-ներ, որոնք ուղեկցում են թեկնածուներին նրանց տարբեր հանդիպումների ընթացքում, երբեմն ապահովում են ուղիղ կարճատև միացումներ այդ  հանդիպումներից և դրանով նաև արցախյան ընտրողների ձայնն են բերում ընդհանուր մեդիադաշտ։

Քարոզարշավի բովանդակության շրջանառման մյուս խողովակն իրենց իսկ թեկնածուների նախաձեռնած տեղեկատվական գործողություններն են։ Այսպես, օրինակ, Վիտալի Բալասանյանը կայք բացեց (vito.am) հատուկ այս ընտրությունների համար, որտեղ մյուս թեկնածուներից առաջինը տեղադրեց իր նախընտրական ծրագիրը։ Մյուսները քարոզարշավի կեսերից սկսեցին շրջանառել իրենց ծրագրերը՝ Ֆեյսբուքում հատվածաբար տեղադրելով և շրջանառելով առանձին դրույթներ։ Կան թեկնածուներ, որոնք դա մինչ օրս չեն արել։

Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներ պարբերաբար սկսեցին ստանալ թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի նախընտրական գրասենյակների հաղորդագրություններն այս կամ այն հանդիպումների մասին, հայտարարություններ և այլ ձևաչափով նյութեր, չնայած ոչ բոլորն են դրանք հրապարակում իրենց հարթակներում։

Արցախյան հանրայինի համեմատ ավելի իներտ են արցախյան օնլայն հարթակները։ Անգամ քարոզարշավի տեմպերի բարձրացման փուլում այս հարթակներում նկատվում է պասիվ կրավորական ձեռագիր։

Առավել բազմակողմանի է դրսևորվում քարոզարշավը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, և այն հասցեագրվում է նախևառաջ Արցախի այն պոտենցիալ ընտրողների մոտ 60%-ին, որոնք ներկայումս այս սոցցանցի օգտատերերն են։ Ընտրությունների այս փուլում ՖԲ-ում գրանցված են մոտ 65.000 արցախցի օգտատերեր, որոնցից մոտ 60.000-ն ունեն ընտրելու իրավունք (18 և ավելի բարձր տարիքի քաղաքացիներ են)[5]։ Իհարկե, արցախյան նախընտրական էջերի պոտենցիալ հասցեատերերը նաև հայաստանցի 1.300.000 օգտատերերն են։

Չնայած որ հենց իրենց՝ նախագահի թեկնածուների էջերի անմիջական համահավաք լսարանները (էջերը հավանածներ, հետևողներ, ՖԲ-յան ընկերներ) տարբեր են։ Այսպես, փետրվարի 26-ի՝ քարոզարշավի առաջին օրվա դրությամբ նախագահի թեկնածուների ՖԲ-յան լսարանները ստորև բերված տվյալներով էին[6]։

Բացի դասական քարոզչական ձեռագրից, երբ նախագահի թեկնածուները շրջանառում են տարբեր ԶԼՄ-ների հետ ունեցած հարցազրույցները, ԶԼՄ այլ նյութեր, ՖԲ-ում նաև ուրույն քարոզչական գծեր են քաշվում։ Դրանցով ուղերձներ են հղվում մրցակիցներին, արվում են այս կամ այն իրադարձությունների առաջին արձագանքները։ Երբեմն այդ նյութերը տպվում են հիմնականում հայաստանյան տարբեր օնլայն հարթակներում՝ կախված այս կամ այն թեկնածուի նկատմամբ նրանց վերաբերմունքից[7]։

ՖԲ-ում գործում են Մասիս Մայիլյանի և Արայիկ Հարությունյանի աջակիցների էջեր։ Այնտեղ սկսեցին շրջանառվել նաև ընտրական թեմաներով մեմեր, անեկդոտներ, այլ նյութեր։ Օրինակ «Արցախսթրես» էջում, որը բացվել է ընտրությունների նախօրեին՝ սույն թվականի փետրվարին, հիմնականում երգիծական նյութերի ու հումորի թիրախն Ազատ հայրենիքն է իր ղեկավարով[8]։

Մարտի 15-ին կազմակերպվեց Մասիս Մայիլյանի ՖԲ-յան ուղիղ միացմամբ ասուլիս, որի ընթացքում նա պատասխանեց օգտատերերի՝ տարբեր ոլորտներից ուղղված հարցերին։ Սա նոր զարգացում էր արցախյան քարոզչական իրողությունների համար։ Մայիլյանը խոստացավ առաջիկա օրերին կրկնել ընտրողների հետ օնլայն ռեժիմով շփման այս փորձը։

ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ԱՆՀԱՍՑԵ ՔՆՆԱԴԱՏՈւԹՅՈւՆՆԵՐ Ու ԱՆՀԱՍՑԵ ՀԱԿԱԴԱՐՁՈւՄՆԵՐ

Նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը՝ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը հրավիրեց իր մոտ նախագահի թեկնածուներին և հորդորեց վարել մրցակցություն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտում։ Նա ստորագրել տվեց ներկաներին այդ մասին գրավոր պարտավորվածություն, իսկ պայմանավորվածությունը խախտողներին խոստացավ զրկել իր օրհնանքից։ Քարոզարշավի առաջին օրը թեկնածուները հանդես եկան միմյանց ուղղված նույն կոչով։

Ինչպես ցույց են տալիս նախորդ քարոզչական շաբաթները, չնայած որոշ փորձագետների գնահատականներով՝ թեժ պայքարին, և արձանագրված փոխադարձ մեղադրանքներին ու մի շարք ապատեղեկատվական հոսքերին՝ թեկնածուները հիմնականում խուսափում են կոնկրետ հասեցական խոսելուց։ Մրցակիցների կոնկրետ անուններ տալով հանդես է գալիս Ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, ով սուր քննադատություն է հնչեցրել նաև նախկինում և հիմնականում Արցախի իշխանությունների հասցեին։

Մյուսները սովորաբար օգտագործում են որոշ «թեկնածուներ», «որոշ ուժեր ու շրջանակներ» ձևակերպումները, անգամ եթե խոսքն իրենց հասած ընտրախախտումների մասին կոնկրետ տվյալների, քարոզարշավների ընթացքում մրցակիցների արտահայտած խոստումների առնչությամբ հակընդդեմ ելույթների, պաշտոնական հայտարարությունների մասին է։ Օրինակ, Ազատ հայրենիք կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Չնայած նախընտրական քարոզարշավը հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու մեր բազմաթիվ հորդորներին՝ մեր քաղաքական որոշ մրցակիցների, նախագահի որոշ թեկնածուների և այլ ուժերի կողմից նկատելի են սև քարոզչության ակտիվ դրսևորումներ»:[9]  Նույն հռետորաբանությունը տեսնում ենք նաև այլ թեկնածուների ելույթներում (Վիտալի Բալասանյան. «Վարչական ռեսուրսների օգտագործում, ընտրազանգվածի ահաբեկում, ընդհուպ՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ ու այլ տեսակի բռնաճնշումներ գրեթե ամենուր՝ թեկնածուներից մեկի օգտին։ Այս ամենը հային, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն անարժան պահվածք է»։[10]

Մի ամբողջ տեղեկատվական հակաքարոզչական գործողություն կազմակերպեցին հայաստանյան ընդդիմադիր ուժերին սատարող, նրանց իրենց համակրանքն արտահայտող  ԶԼՄ-ները Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան տանդեմի դեմ։ Տարածվեց տեղեկատվություն, իբրև թե նրանք զրկվել են ՌԴ մուտք գործելու իրավունքից, այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Այդ լուրը պաշտոնապես հերքելուց հետո էլ «այստեղից բխող բոլոր հետևանքների» մասին դեռևս որոշ ժամանակ գրվում ու «բացատրվում էր» հայաստանյան մեդիա հարթակներում (168.am, hraparak.am, irates.am, news.am, 5-րդ ալիք ՀԸ, «Հայելու առաջ» հաղորդում և այլն), ընդ որում՝ ՀՀ իշխանություններին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հայաստանյան այս թևի մամուլի Մայիլյանի դեմ տարվող մյուս գիծը նրա՝ «հայաստանյան սորոսականների հետ համագործակցության» թեման է։ ՖԲ-ում Մ. Մայիլյանի թիմն այս գործողությունը գնահատեց որպես ապատեղեկատվություն, սակայն նույն անհասցեական հռետորաբանությամբ. «…Երևի թե կարիք չկա հիշեցնելու, թե Արցախի նախագահի որ թեկնածուն է «Հրապարակում» հոդվածներ պատվիրում։ Նորություն չէ, երբ նախընտրական շրջանում որոշ թեկնածուներ հոդվածներ են պատվիրում լրատվական կայքերում, դրանով իրենց քաղաքական քարոզն անում կամ հակաքարոզչություն իրականացնում իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ, բայց ամեն բան սահմաններ ունի…»։[11]

Ի դեպ, այս հակընդդեմ ֆեյսբուքյան ելույթում, որը տպագրեցին ոչ բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները, ոչ բոլոր ապատեղեկատվական այս նյութը շրջանառածները, հղում է արվում այն հանգամանքի վրա, որ հայաստանյան ԶԼՄ-ների այս նյութերը հաճույքով արտատպվել են նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում։ Մեր կողմից ավելացնենք, որ սա արցախյան ընտրություններին ադրբեջանական լրատվամիջոցների միակ անդրադարձն է եղել արցախյան այս ընտրությունների առաջին օրվանից մինչև այժմ անցած ժամանակահատվածում[12]։

Քարոզչական ավելի ազատ հռետորաբանությամբ ու կոնկրետ հասցեականությամբ են հանդես գալիս (ՀՀ վարչապետի կոնկրետ անունը հնչեցնելով) նախագահի երկու թեկնածուներ Վիտալի Բալասանյանն ու ինքնառաջադրված Բելլա Լալայանը։ Չնայած նրանք թեկնածու առաջադրվելուց առաջ էին սուր քննադատությամբ հանդես գալիս Ն. Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում վարած քաղաքականության, հեղափոխությունն Արցախ էլ հասցնելու ճակատագրական սխալ լինելու թեմաներով։ Այս համոզումն ունեն նաև ՀՀ իշխանություններին ընդդիմադիր ուժերն ու նրանց սատարող վերլուծաբանները, քաղաքագետները, այլ մասնագետներ[13]։

ՏԱԲՈւ ԹԵՄԱՆԵՐԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈւՄ ՔԻՉ ԵՆ

Նախորդ տարվա աշնանային մեր հարցումների ընթացքում պարզ դարձավ, որ հայաստանյան և ղարաբաղյան խմբերում ընտրությունների կարևոր համատեքստերի տարբեր առաջնահերթություններ կան։ Եթե հայաստանյան խմբում ավելի շատ մատնանշվել է հակամարտության համատեքստը, ղարաբաղյան խմբում այս ընտրություններն ավելի շատ կարևորվել են ներքին կյանքի բարեփոխման համատեքստում։ Դատելով անցած շաբաթների քարոզչական ելույթների բովանդակություններից՝ այս առաջնահերթությունն առայժմ պահպանվում է։

 Նույն այդ հարցումներով միակարծիք պատասխաններ հնչեցին, որ հակամարտության համատեքստում ավելի ինտենսիվ կքննարկվեն անվտանգության և սրանից բխող այլ ենթաթեմաներ, քան զիջումների, կարգավորման մինչ օրս եղած տարբերակների (ընդունելի լինել/չլինելու) թեման։

Ընտրությունների նախօրեին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որոնք խթանեցին քարոզարշավի ընթացքում նաև այս համատեքստի շրջանառումը հատկապես ընտրողների հետ կենդանի շփումների ընթացքում։

Հունվարի 25-ին Կապանում Ն. Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ կոչ արեց Արցախի նախագահի թեկնածուներին արտահայտվել նախորդ իշխանությունների բանակցած  Մադրիդյան սկզբունքների մասին, իսկ փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցան Ն. Փաշինյան – Ի. Ալիև պանելային քննարկումները։

ՀՀ վարչապետի հունվարյան կոչին միանգամից իրենց ՖԲ էջերում արձագանքեցին թեկնածուներից Մասիս Մայիլյանը («…2009թ. հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին…»)[14], Աշոտ Ղուլյանը («…Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ…»)[15], Արայիկ Հարությունյանը («…Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը…»)[16], Հայկ Խանումյանը («…Ես և Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին…»)[17], Ռուսլան Իսրայելյանը («…ԱՀ ներկայիս տարածքները արդյունքն է պատրերազմի, որը սկսել է Ադրբեջանը, և այդ ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանի կողմից ցեղասպանված և բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և տեղափոխվել ՀՀ ու ԱՀ…»)[18]:

Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ       

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] Լեռնային Ղարաբաղ – 2020. նշանակություն և սպասելիքներ (Հայաստանում և ԼՂ-ում փորձագիտական հարցումների արդյունքներ)

[2] Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը գրանցվել է Արցախում 2004թ., Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և Ազատ հայրենիք կուսակցությունը հիմնադրվել են 2005թ.։ Ազգային վերածնունդ կուսակցությունը հիմնադրվել է 2013թ.։ Ազատ հայրենիք – ՔՄԴ դաշինքի մյուս անդամը՝ Քաղաքացիական միացյալ դաշինք կուսակցությունը, հիմնադրվել է 2018թ.։ Նույն 2018թ. են հիմնադրվել Անկախության սերունդ, Արդարություն կուսակցությունները։ 2019թ. հիմնադրվել են Միասնական հայրենիք,  Միացյալ Հայաստան, ինչպես նաև՝ Նոր Արցախ դաշինք կազմած երեք կուսակցություններից երկուսը՝ Վաղվա Արցախ և Ինքնություն և միասնություն կուսակցությունները։ Նոր Արցախ դաշինքի երրորդ կուսակցությունը՝ Արցախի ռամկավար ազատականը, ընտրություններին առանձին մասնակցող ՀՅԴ-ն Արցախի հին կուսակցություններից են։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող Արցախի հեղափոխական կուսակցությունը հիմնադրվել է 2020թ. հունվարին։

[3] Այդ աշխուժացման, որպես Հայաստանում քաղաքական իրողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական կյանքի վրա թողած ազդեցության մասին ընտրությունների նախօրեին նշեց նաև միջազգային Freedom House կազմակերպությունն իր «Ազատությունն աշխարհում-2020» զեկույցում, Freedom House-ն Արցախում արձանագրում է քաղաքական մրցակցության աճ, քաղհասարակության ակտիվացում

[4] Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ. Նիկոլ Փաշինյան

[5] Այս տվյալները մեզ է տրամադրել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Թվերը մոտավոր են, քանի որ հաշվարկներն իրականացվել են ըստ օգտատերերի գտնվելու աշխարհագրական սկզբունքի։ Հայտնի է, որ ֆեյսբուքյան տվյալների հետ կապված բոլոր միջազգային մետրիկ կայքերում ՖԲ-ի ղարաբաղյան օգտատերերը հաշվարկված են Ադրբեջանի օգտատերերի հետ համատեղ։

[6] Բոլոր թեկնածուների լսարանների մասին այս տվյալները նրանց էջերը հավանածների և հետևողների կամ նրանց ՖԲ-յան փաստացի կամ հնարավոր առավելագույն քանակի ընկերների թվի ու հետևողների թվի հանրագումարն է։

[7] Այս մասին առավել մանրամասն (թե մեր հետազոտած ո՞ր ԶԼՄ-ում արցախյան ո՞ր թեկնածուներին ու ուժերին են տրվել նախապատվությունն ու առավել ինտենսիվ ներկայացվել նրանց քարոզարշավները) կներկայացնենք մեր մեդիա մոնիտորինգի հաշվետվությունում։

[8] Artsakhstress

[9] «Ազատ հայրենիք – ՔՄԴ»-ը պահանջում է դադարեցնել սև քարոզչությունն ու զրպարտությունները, այլապես իրավական գործընթաց կսկսի

[10] Օրենքը բոլորի համար մեկն է

[11] Մասիս Մայիլյանի աջակիցների խումբ

[12] Россия запретила въезд двоим карабахским сепаратистам, Москва расставляет акценты в карабахской политике, Эльхан Алескеров: Москва расставляет акценты в карабахской политике, Россия запретила карабахским сепаратистам въезд в страну

[13] «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին. արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկումը՝ ուղիղ

[14] https://www.facebook.com/MasisMayilian/posts/2776061435796373

[15] https://www.facebook.com/ashotghoulyan/posts/2343569552569493

[16] https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/467507513946627

[17] https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10220491974959703

[18]Արցախի նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031