«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին վստահեցրեց՝ Արմեն Թավադյանի «քրեական գործը քննիչի կամ ՀՔԾ-ի կողմից «կարվել է», որպեսզի դժվարացնեն հեռուստաընկերության աշխատանքները»:
Հիշեցնենք՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
Հարություն Հարությունյանն ասաց, որ Արմեն Թավադյանի՝ կալանքի տակ գտնվելու 79 օրերը հեռուստաընկերությանը շատ ծանր շրջան պատճառեցին: Նա պատմեց. «Մեր լրագրողները շատ տհաճ իրավիճակում հայտնվեցին ոչ միայն բարոյական առումով, այլև մնացած այլ հարցերով: Պատրաստվում էինք մարաթոն կազմակերպել, որ կարողանայինք մեր գոյությունը շարունակել»:
Հարություն Հարությունյանը հայտնեց, որ տարբեր լրագրողական կազմակերպությունների կողմից գնահատականներ հնչեցին, բացասական վերաբերմունքի իրենք արժանացան և հայտնեց՝ դա վկայում է այն մասին, որ այդ կազմակերպություններն իրենց գործառույթները չեն իրականացնում, քանի որ նրանք տեղափոխվել են այլ դաշտ: Միևնույն ժամանակ նա շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին և Ժուռնալիստների միությանը, որոնք իրենց կողքին են եղել: Տեղեկացրեց, որ հանդիպել է մի շարք միջազգային կառույցների հետ և իրենց խնդիրը հնչեցրել:
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, սակայն Վարուժան Մկրտչյանը ազատության մեջ է, Հարություն Հարությունյանն արձագանքեց. «Կարող է հումորով հնչել, բայց Վարուժան Մկրտչյանը ձերբակալված չէ, քանի որ լրատվամիջոցի սեփականատեր չէ»:
Հարություն Հարությունյանը վստահեցրեց՝ Արմեն Թավադյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է. «Քաղաքական հետապնդումն ուրիշ ձև չի լինում, մանավանդ մեր ժամանակներում: Պարտադիր չէ, որ մարդուն ձերբակալեն, ուղարկեն Կալիմա, որ ասեն՝ քաղբանտարկյալ է: Առաջին օրվանից ասել ենք, որ Արմեն Թավադյանին կալանավորել են երկու պատճառով, որ նա Ռոբերտ Քոչարյանի ընկերն է, իսկ նա միանշանակ քաղաքական գործով է գնում, քաղաքական կալանավոր է և երկրորդը՝ ճնշելու, դժվարացնելու, խանգարելու «5-րդ ալիք»-ի գործունեությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ