Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի եվրոպական կուսակցության ցույցը կառավարության առջեւ` Կարսի պայմանագիրը չեղարկելու պահանջով

Մարտ 16,2020 14:12

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Հայաստանի եվրոպական կուսակցության մեկ տասնյակի հասնող ներկայացուցիչներ: Պահանջը հետեւյալն է` չեղարկել 1921 թվականի Կարսի պայմանագիրը եւ ՀՀ նոր Սահմանադրությամբ ամրագրել այդ իրողությունը: Հայաստանի եվրոպական կուսակցության ներկայացուցիչները պահանջում են Հայաստանի հանրապետությունը հռչակել առաջին հանրապետության իրավահաջորդ:

Հիշեցնենք, 1921 թվականի, մարտի 16-ին, Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը, որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը: Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր:

99 տարի առաջ Մոսկվայում ստորագրված Լենին-Քեմալ ակտը, որն անվանվեց եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիր, ՀԵԿ համանախագահ Տիգրան Խզմալյանն անվանում է «հանցավոր ու ապօրինի»: Այսօր լրագրողների հետ զրույցում նա իր բնութագրումը այսպես բացատրեց. «Ոչ միայն այն պատճառով, որ դրա ստորագրությանը չէր մասնակցել Հայաստանի հանրապետության կողմից գեթ մեկ ներկայացուցիչ, այլեւ այն պատճառով, որ այդ պահին Հայաստանը վերականգնել էր իր անկախությունը»։

Ռուս- թուրքական պայմանագրի կնքումից ամիսներ անց հոկտեմբերի 13-ին կնքվեց նաև Կարսի պայմանագիրը: Տիգրան Խզմալյանը դա ևս ապօրինի է որակում, քանի որ «ոչ մի միջազգային օրենք չի ընդունի որևէ ստորագրություն, որը կորզված էր այլ պետությունից»։

1991 անկախության հռչակագրով Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի հանրապետություն: Տիգրան Խզմալյանն այստեղ էլ է սխալ տեսնում իր համոզմամբ, Հայաստանը պետք է հռչակվեր անկախ պետություն, որը իրավահաջորդն է առաջին Հանրապետության։

«Կառավարությանը հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է Կարսի պայմանագրի կետը վերացնել, նոր Սահմանադրությունում փոխել այդ խայտառակ կետը՝ Հայաստանի հանրապետությունը հռչակելով առաջին Հանրապետության իրավահաջորդ: Մենք չունեինք երկրորդ, երրորդ հանրապետություններ, դա կեղծ է, դա օկուպացված, զավթված, գաղութացված տարածք էր։ Մենք ունենք ընդամենը մեկ Հանրապետություն, որի իրավահաջորդն ու քաղաքացին ենք»,- հայտարարեց Տիգրան Խզմալյանը։

Այնուհետեւ ցույցի մասնակիցները քայլեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, փոխանցելու իրենց բողոքը: Բողոքը գրավոր` նամակի տեսքով այս անգամ չեն փոխանցի, դա մի քանի անգամ արդեն արել են:

Հարցին`ինչո՞ւ չեն լսել հանրությանն ուղղված իշխանության հորդորները եւ չեն չեղարկել ցույցը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Սա բացօթյա գործողություն է, եկեղեցական պատարագ չէ, մենք ոչ խաչ ենք համբուրում, ոչ աջ ենք համբուրում, ոչ էլ սապոգ ենք լիզում»: Նաեւ ասաց, որ իրենց տարեց համակիրներին հորդորել են չգալ, մյուսներն էլ պահպանում են հիգիենայի կանոնները, հնարավորինս հեռու են կանգնած միմյանցից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031