Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ շուտով նոր քրեական գործեր հարուցվեն իմ դեմ». Արմեն Թավադյան

Մարտ 16,2020 13:55

«Դատարանի որոշմամբ՝ պարզ եղավ, որ այն մեղադրանքը ու կալանքը, որում ես գտնվում էի, լրիվ անօրինական ու անհիմն էր: Ես ենթադրում եմ, որ այդ ամենը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, որից մեկի սեփականատերը ես եմ: Սա ճնշում է խոսքի ազատության վրա»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը:

Հիշեցնենք՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել` այդպիսով բավարարելով նրա պաշտպաններ վերաքննիչ բողոքը` ուղղված քննիչի` կալանքը երկարաձգելու միջնորդության դեմ։

Ըստ Արմեն Թավադյանի՝ այս ամենն իր համար հանգիստ չի անցնելու. «Հնարավոր է՝ շուտով նոր փորձեր լինեն, նոր քրեական գործեր գուցե հարուցվեն իմ դեմ: Բայց ես մնալու եմ իմ ուղու վրա: Կուզեի մի պահ էլ նշել: Բազմաթիվ անգամ հնչել է, որ «5-րդ ալիքն» ինչ-որ ուղղորդված ցուցումով է աշխատում: «5-րդ ալիքի»  պրոֆեսիոնալ կազմը բարձր դասի պրոֆեսիոնալներ են, ես երբեք նրանց գործերում չեմ խառնվել: Մի պայման ունեմ, որ «5-րդ ալիքը» հասարակությանը տա օբյեկտիվ ինֆորմացիա ՀՀ-ից և աշխարհից ու տա հնարավորություն հասարակությանն այդ տեղեկատվությունն ունենալ: Ոչ մի ուրիշ բան ես «5-րդ ալիքի» աշխատակազմին չեմ ասել»:

Հարցին՝ իր՝ կալանքի տակ գտնվելու մոտ երեք ամսվա ընթացքում եղե՞լ է փորձ քննիչների կողմից ցուցմունք կորզել, որոնք էական ազդեցություն կունենային մարտի 1-ի գործի ինչ-ինչ դետալներ բացահայտելու համար, Արմեն Թավադյանը պատասխանեց. «Ճնշում չի եղել, բայց բնականաբար ցանկություն եղել է: Ես ընդհանրապես հրաժարվել եմ ցանկացած ցուցմունքից և առաջին հերթին որովհետև այն, ինչն ինձ ներկայացվել է, բացարձակապես ինձ հետ կապ չուներ»:

Արմեն Թավադյանն ասաց, որ ևս մեկ անգամ հաստատում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է ու հայտարարեց. «Մեծ պատիվ եմ համարում լինել նախագահ Քոչարյանի ընկերը, ու հենց այս փաստը բերում է այն ամեն ինչին, ինչ իմ շուրջ կատարվում է, դրանում եղած  քաղաքական կոմպոնենտին: Քաղաքական հետապնդման մեծ բաղադրիչ կա այս գործերում: Լինելու են փորձեր շարունակել գտնել, հորինել քրեական գործեր իմ նկատմամբ, որ խանգարեն այն գործընթացներին, որոնք վերաբերում են նախագահ Քոչարյանին: Ես շատ լավ հասկանում եմ, որ կա քաղաքական հետապնդում նախագահ Քոչարյանի հանդեպ, և ամեն ինչ անելու եմ, որ դա ապացուցվի, և նախագահ Քոչարյանը գտնվի ազատության մեջ»:

Արմեն Թավադյանն ասաց, որ ակտիվ մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական գործընթացներին: Նշեց՝ հնարավոր է կորոնավիրուսի հետ կապված այդ ամենը համեստ բնույթ կրի, բայց ինքը մինչև վերջ ներկա է լինելու և մինչև վերջ պայքարելու: Հետո էլ նշեց. «Եթե մարդուն անհիմն կալանավորում են, կալանքի տակ են վերցնում հաշիվները, որից տուժում է ԶԼՄ-ն, որը պատկանում է ինձ, հասկանալի է, որ, իհարկե, հենց քաղաքական հետապնդումն այդպես էլ լինում է»:

Արմեն Թավադյանն ասաց, որ այս պահին «5-րդ ալիքը» հայտնվել է ծանր վիճակում: Թե ինչպես են լուծելու խնդիրը, ասաց. «Այս պահին փնտրում ենք տարբերակներ: Մտածում եմ՝ գուցե գործընկերներ գտնենք շարունակելու մեր գործունեությունը: Ամեն ինչ անելու ենք: Այս պահին տարբերակներ ներկայացնել չեմ կարող, բայց մենք անպայման լուծում կգտնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031