Վերջին շրջանում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով սկսվել է տուրիստական ոլորտի ճգնաժամ: Քանի որ այսպիսի համաճարակի դեպքում զբոսաշրջության ոլորտը ամենախոցելիներից մեկն է, առաջին և ամենալուրջ հետևանքներն ունենում է հենց այս ոլորտը:
Այս օրերին աշխարհի գրեթե բոլոր երկրների կառավարությունները (Իտալիա, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ Մեծ Բրիտանիա, Վրաստան ևլն.) աշխատում են զբոսաշրջության ոլորտի բոլոր օղակների հետ՝ փորձելով եզրեր գտնել՝ հնարավորինս թեթևացնելու համաճարակի հետևանքով ոլորտում առաջացած տնտեսական լուրջ կորուստները մինչև համաճարակի հաղթահարումը: Բացառություն չպետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը պետք է արդեն այսօր գնահատական տա ոլորտում գոյացած ճգնաժամի վերաբերյալ և լուծումներ առաջարկի:
Այն քայլերը, որոնք կարող են թեթևացնել զբոսաշրջության ոլորտի առջև այսօր ծառացած խնդիրները, կանխել ոլորտում այսօր առկա ճգնաժամը, հետևյալն են.
1. Միջոցառումներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում նվազագույնին հասցնելու համար:
Կարդացեք նաև
1.1 Արգելել բոլոր միջոցառումները, որոնք նախատեսում են 100 և ավելի մարդկանց կուտակում նույն տարածքում:
1.2 Հետևողական լինել Հայաստան ժամանող բոլոր անձանց նկատմամբ, ապահովելով նրանց պատշաճ բժշկական զննումը, վարակակիր մարդկանց հայտնաբերման նպատակով:
1.3 Ապահովել բուժօգնության կենտրոնները բավարար քանակությամբ թեսթերով, հիվանդության արագ ախտորոշման համար, ինչը կնպաստի հիվանդների արագ մեկուսացմանը՝ մինչև վերջնական ապաքինումը:
2. Հետաձգել հարկային վճարումները նվազագույնը 3 ամսով՝ տուրօպերատորների և իրենց հետ փոխկապակցված կազմակերպությունների համար:
3. Հետաձգել վարկերի վճարումները նվազագույնը 6 ամսով՝ տուրօպերատորների և իրենց հետ փոխկապակցված կազմակերպությունների համար:
4. Առնվազն 6 ամսով տրամադրել անտոկոս վարկեր զբոսաշրջության հետ կապ ունեցող բոլոր կառույցների ընթացիկ ծախսերը հոգալու և գոյատևելու համար:
ՀՀ կառավարությանը հորդորում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ, նպաստել ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել մասնավոր բիզնեսին, այլապես շատ կազմակերպություններ (տուրօպերատորներ, ուղևորափոխադրող ընկերություններ, սննդի սպասարկման օբյեկտներ, հյուրանոցներ) կհայտնվեն փակման կամ լուծարման եզրին, որի հետևանքը կլինի գործազրկության մեծ աճը: Հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտը, ծանր տնտեսական իրավիճակում կհայտնվեն նաև ռեստորանները, թանգարանները, հյուրանոցները, զբոսավարներն ու հյուրատները:
Ռաֆայել ԼԱԶԱՐՅԱՆ
Ազգային Օրակարգ կուսակցության տնտեսական հանձնաժողովի անդամ