Վերջին շրջանում ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` փակվել են դպրոցները, բուհերը, մանկապարտեզները և կրթական այլ հաստատություններ: Վիրուսակիրների թվի աճով պայմանավորված` հնարավոր է ավելի երկարաձգվեն արձակուրդները: Այս ընթացքում խոսվում է այն մասին, որ կրթական հաստատությունները պետք է իրականացնեն հեռավար ուսուցում: Aravot.am-ը զրուցել է դասախոսների և ուսանողների, ուսուցիչների և աշակերտների, ինչպես նաև նրանց ծնողների հետ` հասկանալու համար հեռավար ուսուցումը իրականացնելու արդյունավետությունը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Լիանա Սայադյանի կարծիքով՝ հեռավար ուսուցումն անհրաժեշտ եւ արդյունավետ կլինի, եթե հարկադրված արձակուրդը երկարաժամկետ է լինելու։
Հեռավար ուսուցման մասին խոսելով՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան՝ Անահիտ Մենեմշյանն ասաց. «Կարծում եմ՝ հեռավար ուսուցման իրականացումը անխուսափելի է այս օրերին: Սա միակ ճանապարհն է սահմանված ժամանակացույցից հետ չմնալու համար»։ Նա նաև նշեց, որ աշխարհի լավագույն բուհերն այս ընթացքում դիմել են հեռավար ուսուցման։
Իսկ այն հարցին, թե հեռավար ուսուցման ինչպիսի՞ ծառայությունների է ծանոթ փոխդեկանը պատասխանում է. «Ես դրանք ծառայություններ չէի անվանի: Ուսումնական գործընթացի կազմակերպման էլեկտրոնային կառավարման համակարգերը (օրինակ՝ Moodle-ը), ի թիվս այլ առավելությունների, թույլ են տալիս նաև հեռավար կազմակերպելու ուսուցման գործընթացը: ԵՊՀ-ում վաղուց ներդրված է այս համակարգ (https://e-learning.ysu.am/), որոշ դասընթացներ արդեն իսկ իրականացվում են դրա միջոցով, իսկ արտահերթ արձակուրդի պայմաններում այս համակարգը համալրվել է «BigBlueButton» վեբկոնֆերենց հնարավորությամբ, որի միջոցով վիրտուալ լսարաններում ուսանողները հնարավորություն ունեն դասախոսություններ լսելու, հարցեր տալու, քննարկումներ կազմակերպելու։ Ես ԵՊՀ-ի օրինակն եմ բերում, բայց մյուս բուհերը ևս, վստահաբար, կկիրառեն նման համակարգեր»:
Կարդացեք նաև
Դոցենտ Լիանա Սայադյանն էլ այս առնչությամբ նշեց. «Ծանոթ եմ եւ կարող եմ կիրառել Moodle հեռավար ուսուցման հարթակը, սակայն չեմ կարծում, որ պրակտիկորեն դա հնարավոր է այս պահին, որովհետեւ թեեւ ԵՊՀ-ում այն ներդրված է եւ դասախոսները ցանկության դեպքում վերապատրաստում են անցնում, բայց ուսանողների համար պարտադիր կիրառություն չկա»։ Նա նաև հավելեց, որ օգտագործում է ֆեյսբուքյան խումբը հեռավար հանձնարարություն տալու և ստուգելու համար և կարծում է, որ հեռավար ուսուցումը արդյունավետ կլինի, եթե բոլորը ուսանողները ունենան տեխնիկական միջոցներ եւ հմտություններ, տիրապետեն թվային տեխնոլոգիաներին։
Փորձեցինք հասկանալ նաև, թե ինչ կարծիք ունեն ուսանողները այս մասին:
Ֆրանսիական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դասերը անում ենք օնլայն` Zoom ծրագրով: Մանեի խոսքով 60 հոգուց դասընթացին մասնակցում է 30 հոգին, ծրագրով սկսել են աշխատել մարտի 7-ից: Հարցին՝ արդյունավե՞տ է, թե՞ ոչ, Մանեն ասաց. «Հայաստանում այս պրակտիկան նոր է զարգանում, ուստի շատերի համար անծանոթ է, սակայն կարող է նաև արդյունավետ լինել»:
Հակառակ տեսակետ առաջ քաշեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ղազարյանը. «Հիմա մեզ մոտ միջանկյալներն են սկսվել և հանձնարարություններն ենք օնլայն ստանում, կատարում ենք, ապա հետ ուղարկում , չեմ կարծում, որ արդյունավետ կարող է լինել, քանի որ ինձ համար իրական շփումը ավելի գերադասելի է քան այս տարբերակը, բայց նաև հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակում այլ տարբերակ չկա»:
Հեռավար ուսուցման համակարգը, սակայն, միայն ուսանողների համար չէ: Դա վերաբերվում է նաև դպրոցներին: Հրազդանի թիվ 11 հիմանական դպրոցի ուսուցչուհի՝ Թամարա Առաքելյանը կարծում է, որ պետք է իրականացվի հեռահար ուսուցում, քանի որ երեխաները արձակուրդների ընթացքում ուսումից կկտրվեն, իսկ հետո դժվար կլինի վերադառնալ ուսումնական գործընթացին։ Բայց նշում է, որ ուսուցիչների մի մասը վերապատրաստված չէ և հեռավար ուսուցում իրականացնելը նրանց համար դժվար կլինի։
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արևիկ ՓԱՆՈՍՅԱՆ