Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային հերթական ճգնաժամի ակտիվ փուլ ենք մտնում»

Մարտ 16,2020 13:30

Նոր կորոնավիրուսի համաճարակն ազդում է համաշխարհային տնտեսության վրա. ճգնաժամն, ըստ որոշ տնտեսական վերլուծությունների, ավելի է խորացնում: Հիմնականում տուժում են զբոսաշրջության, ռեստորանային, հյուրանոցային ոլորտները:

Ճգնաժամից հնարավորինս չտուժելու համար արդյոք կա՞ն մեթոդներ:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ փորձագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ ինչպես քաղաքացին չունի իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ, այնպես էլ համաշխարհային տնտեսությունը չունի իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ:

Երեկ «Մեդիա կենտրոնում» փորձագետն ասաց՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կանխատեսելի էր, եւ այն պետք է տարանջատել կորոնավիրուսից, ամիսներ, նույնիսկ մեկ տարի առաջ տարբեր ցուցանիշներ վկայում էին, որ կլինի ճգնաժամ, պարզապես կորոնավիրուսը արագացնող գործոն դարձավ: Փորձագետն օրինակ բերեց՝ համաշխարհային ֆոնդային շուկաներում անկումներ են արձանագրվում, բայց այս շուկաները ուռճացված էին, եւ կանխատեսվում էր, որ մի օր պետք է անկում գրանցեին:

«Հիմա առաձնահատկությունն այն է, որ ճգնաժամերի շրջափուլում չի եղել այնպես, որ արագացումը լիներ կորոնավիրուսով, եւ եթե նախկինում դասական տնտեսագիտությունը լուծումներ ուներ ճգնաժամերի դեպքում, հիմա պարզվում է, որ դրանք կարող է չաշխատեն»,-ասաց Քթոյանը:

Հայաստանում այն գործողությունները, որոնք մինչ այժմ իրականացվել են, ըստ փորձագետի, տնտեսագիտական օրենքներից բխող են: Նա նկատեց՝ հիմա իրավիճակն առանձնահատուկ է, եւ յուրահատուկ մոտեցում է պահանջում:

Թե ի՞նչ չափով կլինի ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, Քթոյանն ասաց՝ եթե 2008 թվականի ճգնաժամի հետ համեմատենք, ապա այն ժամանակ մեր տնտեսությունն ավելի խոցելի էր, որովհետեւ մենք ունեինք մի շարք արհեստական խնդիրներ, որոնք մեզ ավելի թույլ էին դարձնում. «Հիմա մենք ունենք մի քիչ ավելի ազատ տնտեսական միջավայր, ավելի մրցակցային միջավայր: Գնաճային ֆոնը վերջին մեկ տարում Հայաստանում ավելի ցածր է, պետական բյուջեի եկամուտներն աճել են, պետական կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղությամբ որոշ քայլեր են կատարվել, հանրային վստահություն կա իշխանության նկատմամբ, եւ դա եւս նման ճգնաժամերը հաղթահարելու լուրջ գործոն է: Եթե դիտարկենք, որ սա անխուսափելի գլոբալ խնդիր է, ապա այս պահին Հայաստանի տնտեսությունը համեմատաբար ավելի պատրաստ է, քան 12 տարի առաջ էր, ավելի բարձր իմունիտետով է մտնում ճգնաժամ»:

Այդուհանդերձ, փորձագետի կարծիքով՝ «հետեւանքներն անկանխատեսելի կարող են լինել, որովհետեւ մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի դաշնությունից՝ մեր արտահանման եւ ներմուծման զգալի մասը ՌԴ-ի հետ է կապված, իսկ այնտեղ նավթի գների անկում կա»:

Վերջին 2 տարում մեր տնտեսությունում առաջանցիկ աճ է արձանագրվել, եւ ինչպես փորձագետն ասաց, դրա լոկոմոտիվն են եղել այն ոլորտները, որոնք այսօր դարձել են խոցելի կորոնավիրուսի նկատմամբ. «Անցյալ տարի մենք զբոսաշրջության աճ ունեցանք, հիմա տեսնում ենք ինչ վատ վիճակ է: Աճ է եղել հանրային սննդի, հյուրանոցային տնտեսության ոլորտներում՝ 15-20%, հիմա այս ոլորտները ռիսկային գոտում են: Մյուս ոլորտը հանքարդյունաբերությունն է, հանքահումքային արտահանման դեպքում խնդիր կա՝ պղնձի համաշխարհային գները նավթի գների հետ անկում են արձանագրել: Ռուբլու արժեզրկումը լուրջ ռիսկ է՝ մեր արտահանումն այսպես ասած՝ թանկանում է, ներմուծումն՝ էժանանում: Չինաստանը մեզ համար առեւտրային լուրջ գործընկեր է, մենք հիմա խոցելի դիրքերում ենք»:

Վերջին շրջանում դրամն արժեզրկվում է, Քթոյանի կարծիքով, այս փուլում դա այնքան էլ վատ չէ, որովհետեւ եթե ռուբլին արժեզրկվում է, իսկ դրամը մնա նույն դիրքերում, մեր ապրանքները կթանկանան. «Մշակվող արդյունաբերության արտադրանքի մի զգալի մասն արտահանվում է ՌԴ, եւ մեր արտադրանքը կթանկանար, իրացման խնդիր կլիներ: Ռուբլին ավելի արագ է արժեզրկվում քան դրամը, ուրեմն՝ ՌԴ-ից ներմուծվող ապրանքը չպետք է թանկանա: Ընդ որում, շատ տնտեսագետներ ասում են՝ դրամը գերարժեւորված է, ու այս արժեզրկումը կարող է դրական ազդեցություն լինի: Իսկ արժեզրկումը նշանակում է, որ քո ապրանքները դրսում ավելի էժան են դառնում»:

Փորձագետի կարծիքով՝ այսօր շատ է անորոշությունը, որեւէ մեկը չի կարող հստակ ասել, թե ճգնաժամը երբ կավարտվի, եւ եթե կորոնավիրուսը մի կողմ դնենք, համաշխարհային հերթական ճգնաժամի ակտիվ փուլ ենք մտնում, իսկ համաշխարհային ճգնաժամն այնքան կորոնավիրուսով չէ պայմանավորված, որքան նավթի գների անկմամբ:

Ինչպես կարող է Հայաստանը հաղթահարել ճգնաժամը. Քթոյանը դասական օրինակ  բերեց՝ փորձել դիվերսիֆիկացնել տնտեսությունը, եկամուտներն ու խնայողությունները. «Ամեն ինչ կախված է նրանից, թե այս ճգնաժամային վիճակն ու հատկապես խուճապային տրամադրություններն ինչքան կշարունակվեն: Եթե զուտ գլոբալ տնտեսական ճգնաժամով դիտարկենք, մի դրական բան կա՝ նավթի գնի նվազումը, իսկ նավթի գինը կապակցված է գազի գնի հետ, այս մասով կարող է էժանացում լինի, կամ նոր շուկաների փնտրելու միտում լինի: Տնտեսվարողները գուցե փորձեն նոր շուկաներ ակտիվորեն փնտրել: Ի վերջո, մեր տնտեսավարողները պետք է սկսեն մտածել ինովացիոն գործունեության կարեւորության մասին: Տեսեք՝ մենք պղնձի պատրաստի արտադրանք չենք արտահանում, հանքաքար ենք արտահանում, եթե կարողանանք պատրաստի արտադրանք ստեղծել ու արտահանել՝ մեր տնտեսությունն այդքան խոցելի չի լինի նման երեւույթների նկատմամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031