Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ջերմություն ունենալը, սեփական օրինակով գիտի, դեռ ոչ մի բան չի նշանակում:
Նա պատմեց, թե իր հետ ինչ է տեղի ունեցել. «Երեկ երեկոյան, երբ այդ լուրը ստացանք, որ Վայքում ես շփում եմ ունեցել կորոնավիրուսով հաստատված պացիենտի հետ, առաջին գործողությունը, որ արեցի, թեև վերջին օրերերին առավոտյան և երեկոյան ջերմությունս չափում եմ, ջերմությունս չափելն էր: Գրանցվեց 37,1 ջերմություն: Դրանից հետո զանգեցի նախարարին և խնդրեցի ինձ ու մեր ընտանիքի մյուս անդամներին շտապ թեստ անել: Թեստի արդյունքը բացասական է: Սեփական օրինակով գիտեմ, որ ջերմությունը դեռ ոչ մի բան չի նշանակում»:
Սննդամթերքի պաշարների մասին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բացի այն, որ ՏՄՊՊՀ նախագահը հայտարարել էր, որ խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա, այսօր առավոտյան ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ինձ զեկուցեց, որ իրենք նույնպես հաստատում են՝ հարցումներ են արել և մի նախադասություն ասաց, որ եթե նույնիսկ մեկ ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդամթերքի պակաս չի զգացվելու: Չնայած բոլոր սահմանափակումներով, առնվազն հիմնական ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները պահպանվում են»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշել է խրախուսել առաջին ախտորոշված պացիենտին, որն իր բարձր գիտակցությամբ լուրջ ծառայություն մատուցեց և օգնեց, որ վարակը շատ չտարածվի:
Կարդացեք նաև
Ամենամեծ շնորհակալությունը հայտնեց բուժաշխատողներին, առողջապահության նախարարությանը, կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբին, հանձնաժողովին, որոնք այս ընթացքում աշխատում են օր ու գիշեր:
Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց աշխատանքի, առողջապահության և սոցիալական տեսչության աշխատակիցներին, որոնք մոտ երկու ամիս աշխատանքներ են իրականացնում անձնագրային կետերում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ