Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում լավ են տարբերակում իրական թշնամիներին իրական հայրենասերներից»

Մարտ 16,2020 14:00

«Մեկին Սորոսի դրածո եւ ահաբեկչի դաշնակից են հռչակել, մյուսը քամելեոն կաշառակեր է, երրորդն արդեն այնքանով է վարկաբեկված, որ իր ակտիվ պաշտպանները ՀՀ նախկին իշխանությունների հետ սերտորեն փոխկապակցված անձինք են». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Արցախում ընտրական քարոզարշավն արդեն կեսին է հասել, ի՞նչ ամփոփումներ կանեք:

– Կարծում եմ, որ քարոզարշավի վերջին երեք օրերն են որոշիչ լինելու: Առայժմ տեսնում ենք ԶԼՄ-ների կողմից «ընտրված» հիմնական երեք թեկնածուների նկատմամբ ակտիվ հակաքարոզչության դրվագներ՝ մեկին Սորոսի դրածո եւ ահաբեկչի դաշնակից են հռչակել, մյուսը քամելեոն կաշառակեր է, երրորդն արդեն այնքանով է վարկաբեկված, որ իր ակտիվ պաշտպանները ՀՀ նախկին իշխանությունների հետ սերտորեն փոխկապակցված անձինք են: Ընտրավազքի ավարտին մոտ, թերեւս, այս քաղաքական պղտոր ջրերը կզուլալվեն եւ մարդիկ, այնուամենայնիվ, կկարողանան օբյեկտիվ ընտրություն կատարել:

– Դուք ինչ-որ տարբերակով մասնակցություն ունե՞ք այդ ընտրություններին, նկատի ունեմ, որ Արցախում արտաքին գործերի նախարար եք եղել, այս տարիների ընթացքում զբաղվել եք Արցախի հարցին առնչվող խնդիրներով, տարբեր կապեր ունեք այնտեղ, միգուցե նաեւ նախընտրած թեկնածու ունեք:

– Արցախյան այս ընտրությունների արդյունքները շատ եմ կարեւորում: Դրանով հանդերձ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ իմ մասնագիտական աջակցությունն Արցախին ես չեմ կարող պայմանավորել այս կամ այն անձի ու թիմի իշխանության գալ-չգալով: Արցախի մեր հայրենակիցների ցանկացած ընտրությանը ես հարգանքով կվերաբերվեմ եւ կձգտեմ ունենալ արդյունավետ փոխգործակցություն, եթե Ստեփանակերտում դրա պահանջն ու ցանկությունը լինի: Իսկ դա նշանակում է, որ, անկախ իմ անձնական նախասիրություններից, ես որեւէ թեկնածուի ակտիվ աջակիցը, թիմի անդամը  լինել չեմ կարող:

– Առերեւույթ, տպավորություն կա, որ պայքարը լարված մթնոլորտում է, թեեւ լարվածության ակնհայտ դրսեւորումներ չկան: Այդպե՞ս է:

– Լարվածություն զգացվում է եւ այն հընթացս աճելու է: Այդ լարվածությունն ապակառուցողական է, քանի որ կապված է այս կամ այն թեկնածուի անձը նսեմացնելու փորձերի հետ: Բայց, ինչպես արդեն ասացի, քարոզարշավի վերջին օրերին իրավիճակը հավանաբար կպարզվի եւ ընտրողը կկատարի իր ընտրությունը: Չի բացառվում, որ այդ ժամանակ մրցավազքի այսօրվա առաջատարները կարող են զիջել իրենց դիրքերը:

– Իսկ մարդիկ ի՞նչ տրամադրություններ ունեն, տեղյա՞կ եք:

– Կա տարբեր թեկնածուների կողմնակիցների ակտիվ, քարոզչական գործին լծված զանգված, որը ընտրողների փոքրամասնությունն է ներկայացնում եւ կա այն մեծամասնությունը, որն առայժմ լուռ հետեւում է գործընթացներին ու իր վճռական խոսքը կասի քվեարկության օրը:

– Մինչ քարոզարշավի մեկնարկը, տարբեր վերլուծաբաններ` վկայակոչելով ՀՀ վարչապետի հայտարարությունները, խոսում էին այն մասին, որ ՀՀ իշխանությունը փորձում է միջամտել ներարցախյան գործընթացներին: Դրա հրապարակային դրսեւորումներ չկան: Ներքին գործընթացներ կա՞ն, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս:

– Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում, բայց չեմ կարծում, որ եթե պաշտոնական Երեւանը այդպիսի միջամտության փորձ անի՝ դա հնարավոր կլինի գաղտնի պահել:

– Հ1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որեւէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն եւ այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձեւով խոսել եւ այդպես վերաբերվել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը՝ նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած եւ այդ իշխանությանը վստահող ժողովրդին»: Ինչպե՞ս սա կբնութագրեք, թեկնածուներից ո՞ւմ նկատի ունի ՀՀ վարչապետը, արդյոք սա հենց միջամտություն չէ:

– Ենթադրություններ չանեմ՝ այդ հարցն ուղղեք անմիջականորեն ՀՀ վարչապետին, քանի որ իրենից լավ ոչ մեկը չի իմանա, թե ո՞ւմ նկատի ուներ: Մյուս կողմից, իմ կարծիքով, նա պետք է ավելի շատ վստահի արցախցի ընտրողների քաղաքական հասունությանը՝ Արցախում լավ են տարբերակում իրական թշնամիներին իրական հայրենասերներից:

– Իսկ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառվո՞ւմ է այս ընտրապայքարում եւ ինչպե՞ս:

– Այս կապակցությամբ ահազանգերի փաստեր, կարծես, չեն գրանցվել, ինչը,  սակայն, դեռ չի նշանակում, որ դրանք չկան: Այս հարցով պետք է լրջորեն զբաղվեն ինչպես դիտորդները, այնպես էլ նախագահի բոլոր տասնչորս թեկնածուների նախընտրական շտաբները:

– Տարբեր վերլուծաբաններ կարծում են, որ ընտրությունները երկու փուլով կավարտվեն: Ձեր վերլուծություննե՞րն ինչ են ցույց տալիս:

– Ես էլ եմ գտնում, որ երկրորդ փուլի հավանականությունը բարձր է:

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031