Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայազգի երաժիշտների մասնագիտական եւ մարդկային որակները նորություն չեն»

Մարտ 16,2020 12:30

Ասում է դիրիժոր, կոմպոզիտոր Բրունո Մանտովանին

Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսը, պարզվում է, չի վախեցնում Հայաստան այցելող հյուրախաղորդ երաժիշտներին, այս դեպքում՝ Ֆրանսիայից ժամանած արվեստագետներին, մինչդեռ այլ երկրներում դռները հանդիսատեսի առջեւ փակել են Մետրոպոլիտեն, Լա Սկալա եւ այլ հռչակավոր թատրոններ ու համերգասրահներ…

Այս օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Երեւանում են Փարիզի երաժշտության եւ պարի ազգային կոնսերվատորիայի նախկին տնօրեն, դիրիժոր, կոմպոզիտոր Բրունո Մանտովանին, փարիզաբնակ դաշնակահար Վարդուհի Երիցյանը եւ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը: Մաեստրո Մանտովանին առաջին անգամ է  ներկայանում մեր հանդիսատեսին, Վարդուհի Երիցյանը հայտնի անուն է նեղ մասնագիտական շրջանակներում, իսկ Միշել Պետրոսյանը ծանոթ անուն է երաժշտասերների շրջանակում, որի հետ 2014-ին «Առավոտը» մեծ հարցազրույց է վարել: Հիշեցնենք, որ նա 2013թ. Գրան Պրի էր շահել Բրյուսելի թագուհի Եղիսաբեթի անվան մրցույթին ներկայացված 140 ստեղծագործությունների թվում: Իսկ նրա ստեղծագործությունը՝ «Էայի ջրահետքերով» դաշնամուրի կոնցերտը, կատարվել է հիշյալ մրցույթի եզրափակիչ փուլ անցած 12 դաշնակահարների կողմից:

Մաեստրո Բրունո Մանտովանիին առաջինը հյուրընկալեց մեր կոնսերվատորիան: Ներկա չէինք ճանաչված երաժիշտ ու շուրջ 10 տարի Փարիզի կոնսերվատորիայում նաեւ ադմինիստրատիվ աշխատանք վարած արվեստագետի հետ հանդիպմանը մեր ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, բայց հանդիպումից հետո «Առավոտին» մաեստրոն հիացմունքով հայտնեց, թե ի՜նչ հրաշալի ու նպատակասլաց ուսանողներ են սովորում մեր կոնսերվատորիայում: Հետո էլ հավելեց. «Հայաստանցի եւ ընդհանրապես հայազգի երաժիշտների մասնագիտական եւ մարդկային որակները ինձ համար գոնե նորություն չեն:  Փարիզի կոնսերվատորիայում տնօրեն աշխատելուց առաջ եւ հետո բազմիցս եմ շփվել հայերի հետ, իսկապես սիրահարված եմ նաեւ ձեր մշակույթին եւ մի քանի տարի առաջ բախտս բերեց ու ընտանիք կազմեցի Երեւանից Փարիզի կոնսերվատորիայում ուսումը շարունակող տաղանդավոր դաշնակահար Վարդուհի Երիցյանի հետ: Նշեմ, որ ապագա կնոջս ընտանիքին, հարազատներին ծանոթանալու նպատակով բազմիցս եմ եղել Հայաստանում, հիացել, կրկնվեմ՝ ձեր մշակույթով, բնությամբ եւ այլն: Այսօր էլ առաջին անգամ ժամանել ենք երկուսուկես տարեկան երեխայի հետ…»: Հետաքրքրությանը՝  ռիսկային չէ՞ հենց այս ժամանակներում, այն էլ մանկան հետ, կտրել-անցնել հազարավոր կիլոմետրեր, մեր զրուցակիցը ժպտալով պատասխանեց. «Մեր աշխատանքի բնույթն է այդպիսին: Ի դեպ, դեռ նոր-նոր էր այս վիրուսը, երբ կնոջս հետ շրջագայում էինք Չինաստանում: Բայց թույլ տվեք կրկին զարմանքս արտահայտել ձեր կոնսերվատորիայի ուսանողների մասին: Երբեք չեմ մոռանա նրանց հայացքները, այնքան ուշադիր էին լսում ու այնքան…»:

Բրունո Մանտովանիի՝ որպես կոմպոզիտորի երկերը, սկսած 1995-ից ներկայացվել են լավագույն համերգասրահներում, նվագախմբերի մեկնաբանմամբ: Որպես դիրիժոր նա ունի լայն երկացանկ, որն ընդգրկում է, ասենք՝ Մոցարտի սիմֆոնիաներից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Իսկ ընթացիկ տարեսկզբից մաեստրոն նշանակվել է Փարիզի ժամանակակից նվագախմբային անսամբլի երաժշտական ղեկավար:

Վարդուհի Երիցյան

Ինչ վերաբերում է նրա տիկնոջը՝ Վարդուհի Երիցյանին, նա ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը եւ անմիջապես մեկնել Փարիզ, ընդունվել տեղի կոնսերվատորիան, ուսանելու տարիներին էլ արժանացել է բարձրագույն պարգեւների: Դաշնակահարուհին ասաց, որ մաեստրոյի հետ ընտանիք կազմելուց հետո հիմնականում համագործակցում է նրա հետ: Հետաքրքրությանը, թե ինչպես կայացավ իրենց միությունը, մեր զրուցակիցն ասաց. «Երբ արդեն ավարտական կուրսում էի, Բրունոն այլեւս կոնսերվատորիայում չէր, բայց ինչպես հետո պարզվեց, մեր ընկերներից մեկի մենահամերգից հետո երբ վերջինիս ընդամենը շնորհավորում էինք, մեր հայացքները հանդիպեցին, ու դա եղավ ճակատագրական…»: Դաշնակահարուհին նշեց, որ իր ու ամուսնու ուշադրության կենտրոնում են նաեւ ժամանակակից ստեղծագործողները եւ նրանք կամերային երաժշտության ջատագովներ են, օրինակ՝ համագործակցել են Տիգրան Համասյանի, ջութակահարներ Ժան-Մարկ Ֆիլիպ-Վարժաբեդյանի, ինչպես նաեւ ժամանակակից երաժշտական խմբերի հետ:

Միշել Պետրոսյան

Ամուսինների հետ զրույցին ներկա Միշել Պետրոսյանից հետաքրքրվեցինք մեր ունկնդրին դեռեւս անծանոթ «Էայի ջրահետքերով» դաշնամուրային կոնցերտի մասին: Հիշեցնենք նաեւ, որ կոմպոզիտորը նույնպես ավարտել է Փարիզի կոնսերվատորիան: «Հորս՝ Անդրանիկ Պետրոսյանի հիշատակին է նվիրված դաշնամուրի այս կոնցերտը, որը գրել եմ բաբելոնյան սեպագիր արձանագրության ազդեցության տակ: Ի դեպ, Էան բաբելոնյան դիցաբանության աստվածություն է՝ ստորերկրյա ջրերի, մարգարեության եւ անուրջների հովանավորողն ու արվեստների ստեղծողը: Իսկ երաժշտության հիմքում առկա է երկու թեմատիկ նյութ. արագ կրկնվող մի հնչյուն, ինչը խորհրդանշում է Էայի քնարի լարը եւ 7 հնչյունից բաղկացած մի ձայնաշար, որը ներկայանում է թե մեղեդու տեսքով, թե ուղղահայաց կտրվածքով՝ որպես հարմոնիա: Ես էլ համագործակցելով տարբեր դիրիժորների ու կատարողական արվեստի այլ ներկայացուցիչների հետ, ուզում եմ հատկապես նշել այս ընտանիքի հետ իմ համագործակցությունը: Ասում են՝ արվեստը, այս դեպքում՝ երաժշտությունը, լեզու չի ճանաչում: Իհարկե, դա այդպես է, բայց թույլ տվեք բարձրաձայնել, որ ֆրանս-հայկական ընտանիքի հետ իմ ստեղծագործական ու մարդկային շփումների մեջ մեծ դեր ունի, անկասկած, Վարդուհին…»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Բրունո Մանտովանին

«Առավոտ» օրաթերթ
14.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031