Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ իրավունքներ եւ ազատություններ են սահմանափակվելու արտակարգ դրության պայմաններում. նաեւ խոսքի ազատությունը

Մարտ 16,2020 12:21

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ կառավարության արտահերթ նիստում այսօր կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2012-ի ապրիլի 12-ին՝ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները»:

Ըստ ամենայնի՝ արտակարգ իրավիճակ է նաեւ կորոնավիրուսի համավարակով ստեղծված կացությունը: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է «արտակարգ իրավիճակ» եզրույթի հասկացությունը, ըստ որի արտակարգ իրավիճակը որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները:

«1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

1) անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.

3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.

6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.

7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.

8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.

9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.

10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.

11) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

12) խոսքի ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.

13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.

14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.

15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:

 

2. Արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը։

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք և ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի իմաստով տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որևէ ապացույց ունեցող անձը»:

Նշենք նաեւ, որ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ «1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը:

2.Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո»:

Հավելենք, որ նույն օրենքը սահմանում է. «Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031