Սա շատ հին ժամանակներից եկող երեւույթ է եւ աշխարհով մեկ հազարամյակներ շարունակ տարբեր դիտակետերից քննարկվել ու բազմապիսի լուծումներ են առաջարկվել այն արմատախիլ անելու համար, սակայն մինչ այսօր էական հաջողություններ չեն գրանցվել, հետեւաբար բնական է, որ այն այժմ էլ չի կորցրել իր արդիականությունը:
Կոռուպցիայի բազմաթիվ բացասական հետեւանքներին զուգահեռ, մի բան հաստատապես եւ մշտապես բարձրաձայնվել ու գրանցվել է. այն շատ վտանգավոր երեւույթ է ու համարյա ամենուրեք՝ բոլոր երկրներում, տնտեսության զարգացմանը խոչընդոտող եւ տիրող անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկը համարվում է հենց այն:
Այդ երեւույթի ի հայտ գալու պատճառների, հետեւանքների, այն կանխարգելելու եւ վերացնելու ուղղությամբ բազմաթիվ ու բազմապիսի վերլուծություններ են կատարվել, սակայն դրանցից այն չի նվազել կամ վերացել, այլ ընդամենը տարաբնույթ փոխակերպումներով շարունակում է ոչ միայն մնալ որպես որոշիչ դերակատարներից մեկը, այլ կարելի է ասել, որ ժամանակի հետ այն ավելի մեծ թափ է առնում եւ անգամ տպավորություն է ստեղծվում, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները կարծես այդտեղ էլ են ներդրվում:
Սույն նյութում հիմնականում կխոսենք ոչ թե կոռուպցիոն գործընթացների զարգացումների, ընթացքի, այլեւ կոռուպցիայի առաջացման պատճառների, ինչպես նաեւ դրա կանխարգելման ու վերացման ուղիների մասին:
Կարդացեք նաև
Այդ երեւույթի անվանումը ինքնին հուշում է, որ չհաշված որոշակի բացառություններ, այն իր բնույթով ամենուրեք համարյա նույնն է եւ բնական է նաեւ, որ կախված տարբեր երկրների բնակչության թվից, ֆինանսական շարժերից, կանխարգելող, պատիժներ սահմանող օրենսդրական դաշտից ու այլ տարաբնույթ հանգամանքներից, ուղղակի դրանց չափերն են տարբեր: Փորձելով խոսել վերը նշված պատճառների մասին, նախ նշենք, որ բազմապիսի տեսակետներ կան դրա առաջացման վերաբերյալ, որոնցից նշենք ընդամենը մի քանիսը. փողի նկատմամբ թուլություն, ագահություն, մեծ հարստություն դիզելու ցանկություն, ուրիշներից բարձր երեւալու ձգտում, որոշակի ոլորտում (ներում) ծանրակշիռ (ընդհուպ մոնոպոլ) դիրք գրավելու նպատակ եւ այլ-այլ պատճառներ: Կարծում եմ, շատերը համամիտ կլինեն, որ միայն այդ չարիքին առնչվող գործող օրենսդրության խստացմամբ հնարավոր չի լինի մարդկային այդ տեսակին զերծ պահել կոռուպցիայից, քանզի նշված մոլուցքների հանրագումարը շատ ավելի ուժեղ գործոն է, քան օրենսդրությամբ նրանց նկատմամբ սահմանված պատիժները:
Եվ, եթե հաշվի առնենք նաեւ, որ նրանք դրանով զբաղվում են չափազանց մտածված ու զգուշորեն, որն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ նրանց կատարած արարքներն այնքան էլ հեշտ չէ բացահայտելը, քանզի նրանք այդ գործընթացին մասնակից են դարձնում նաեւ դրանից համարյա անտեղյակ բազմաթիվ այլ մարդկանց, ովքեր դառնում են գործիքներ եւ իրենց կամքից անկախ նպաստում այդ գործընթացներին ու որոնց վրա էլ ցավալիորեն՝ հետագայում հանիրավի ջարդվում է այդ հանցագործությունների մեղքերի մի մասը, ապա իսկապես պարզ է դառնում, թե իրականում որքան բարդ է բացահայտել նախապես հանգամանալի մշակված նմանատիպ կոռուպցիոն սխեմաները:
Էլ չենք ասում, որ նրանք այդ քայլերին գնալիս, նախապես իրենց կողմից արվելիք եւ իրավապահ մարմինների կողմից հետագայում ձեռնարկվելիք հետաքննության մասով ապահովագրական բազմաթիվ քայլեր են ի կատար ածում, որոնք էապես խճճում եւ էլ ավելի են բարդացնում ու դժվարացնում դրանց բացահայտումը, որն ինչ-որ իմաստով, էլ ավելի է ամրապնդում նրանց որոշումը՝ նման ռիսկի գնալու հարցում: Փաստացի, ասվածը լրացուցիչ երաշխիք է, որպեսզի նրանք համեմատաբար ավելի ապահով ու հեշտորեն գնան նման քայլերի: Եթե ասվածին էլ ավելացնենք, որ նման մարդիկ բազմապիսի կապեր են ունենում իշխանության համարյա բոլոր ճյուղերում, ավելին՝ դրանցից մի մասի հետ կապված են լինում հենց այդ գործարքներով, ստեղծում են մեծ փողեր եւ դրանց որոշակի մասը պատրաստակամ են կաշառքի ձեւով տրամադրել այդ գործերի հետ անմիջականորեն առնչվող կամ համապատասխան դիրքեր զբաղեցնող պաշտոնյաներին, ովքեր կարող են դրա դիմաց համապատասխան միջնորդություն իրականացնել նշված գործերով զբաղվող համապատասխան իրավապահ պաշտոնյաներին, ապա այս ամենից պարզ է դառնում, թե իրականում որքան դժվար է հայտնաբերել ու պատժել իրական կոռուպցիոներներին: Սա հենց այն է, որ բազմաթիվ երկրներում մշտապես բարձրաձայնվում է այդ երեւույթի վտանգավորության, ինչպես նաեւ ջանքեր չխնայելու գնով դրա դեմ տարվելիք անողոք պայքարի եւ անհրաժեշտ քայլերի մասին, սակայն հազարամյակներ գործող այս ախտը հնարավոր չի լինում արմատախիլ անել, այն միշտ մնում է ջրի երեսին եւ իր սովորական թափով մշտապես աշխատում, ժամանակի ընթացքում արձանագրելով ավելի մեծ ծավալներ: Կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ իրականացվող պայքարի քայլերն այսպես, թե այնպես իրականացվում են բոլոր երկրներում, սակայն ինչպես արդեն ասվեց, դրանց տված իրական արդյունքները վկայում են, որ կամ դրանք արդյունավետ չեն, կամ էլ այդ երեւույթը այնքան էլ ճիշտ ախտորոշված չէ, որի դեմ հնարավոր լինի ճիշտ պայքար տանել (այնպես, ինչպես. եթե հիվանդությունը ճիշտ ախտորոշված չէ, հնարավոր չէ ճիշտ բուժում իրականացնել):
Չեմ ուզում հավատալ, որ միայն սովորության ուժը բավարար է նման մեծ ռիսկերի պարագայում գնալ եւ թաթախվել կոռուպցիոն գործընթացների մեջ, այն էլ այն դեպքում, երբ դրա համար շատ երկրներում օրենսդրությունը սարսափելի պատիժներ է սահմանել: Բերենք պատկերավոր մի օրինակ, որը սովորության ուժի կտրվածքով բավականին համադրելի է կոռուպցիոն ռիսկերի պարագայում սպասվող պատիժների հետ:
Գաղտնիք չէ, որ ծխելը եւս համարվում է մարդկային վատ սովորություններից մեկը եւ եթե բժիշկը հիվանդին հիմնավորում է, որ ծխելը շարունակելու դեպքում ինքը կարող է մահանալ, ապա հազիվ թե նա սովորության ուժով շարունակի ծխել, համոզված լինելով, որ դա կարող է բերել մահվան: Բերված օրինակը խոսում է այն մասին, որ հազիվ թե որեւէ մտածող մարդ տեղյակ լինելով, որ կոռուպցիայով զբաղվելու պարագայում, իրեն ինչպիսի սարսափելի պատիժ կարող է սպասվել եւ հանուն նրա, որ ինքը նման սովորություն ունի, այսինքն՝ հանուն ավելի բարեկեցության կարող է գնալ նման ռիսկի եւ վտանգի տակ դնել թեկուզ իր ազատությունը:
Գաղտնիք չէ նաեւ, որ սովորությունը համարվում է մարդկային հոգեբանության բաղկացուցիչ տարրերից մեկը եւ պարզ տրամաբանությունը հուշում է, որ առողջ մտածող մարդը նման քայլի կարող է գնալ կամ սովորության ու հոգեբանության այլ բացասական բաղկացուցիչների համադրության, կամ էլ առանց դրա՝ միայն հոգեբանության այլ բաղկացուցիչների համադրության պարագայում եւ ակամայից, երկու դեպքում էլ ստացվում է, որ գուցե եւ սովորության ուժը անհրաժեշտ, բայց բավարար պայման չի կարող լինել նման ռիսկերի գնալու համար:
Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա ստացվում է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը ոչ թե սովորության ուժի, այլ զուտ հոգեբանության արգասիք է, այնպես որ, կոռուպցիոն գործընթացների կանխարգելումը, դրա դեմ պայքարը պետք է լինի ոչ այնքան այդ սովորության դեմ պայքար, որքան այնպիսի քայլերի կիրառում, որոնք ճիշտ ժամանակին ձեռնարկելու պարագայում, հնարավոր կլինի կոռուպցիայի եւ այլ բացասական երեւույթների մասով որոշակի էական փոփոխություններ առաջացնել մարդկային հոգեբանության մեջ, որն էլ եթե ոչ ամբողջովին, ապա էապես կփոխի նրա մտադրությունը վտանգավոր ռիսկեր պարունակող կոռուպցիոն գործընթացներին մասնակից դառնալու համար:
Ասվածից պարզորոշ երեւում է, որ նմանատիպ մոտեցումն արդեն հասուն, կայացած մարդկանց մոտ համարյա չի աշխատի, քանզի համարյա բոլոր հարցերում նրանց համոզմունքներն արդեն ձեւավորված են եւ դրանց վրա ազդեցություն թողնելը՝ փոփոխություններ առաջացնելը համարյա անհնար է, այնպես որ, նման մոտեցումը պետք է աշխատեցնել դպրոցական, ինչու չէ, նաեւ ուսանողական տարիքում, որն էլ իր հերթին նշանակում է, որ նման հարցում հաջողություն ակնկալելու երաշխիք կարող է լինել դպրոցական եւ բուհական կրթական ծրագրերում պարտադիր ներառելը պայմանականորեն ասած, ասենք, օրինակ՝ «Կոռուպցիան եւ դրա վտանգավոր հետեւանքները» առարկա, որի յուրացումը եւ համապատասխան գիտելիքների ձեռք բերումը միայն կարող են դառնալ այն առհավատչյան, որ հասուն տարիքում այդ կերպ ձեւավորված մարդիկ կաշխատեն ի հնարավորին զերծ մնալ կոռուպցիոն եւ նմանատիպ այլ վտանգավոր գործընթացներից:
Չցանկանալով խորանալ նման առարկայի բովանդակային նրբությունների մեջ, նշենք միայն, որ այդ հարցում չափազանց որոշիչ ու արդյունավետ կլիներ, ասենք, օրինակ, եթե տվյալ առարկայի դասագրքի ցանկացած էջի տեսանելի մասում գրված լիներ. «Կոռուպցիան չարիք է եւ ամոթ է նրա հետ առնչվելը…»:
Կարծում եմ, որ միայն այս նախադասությունը երեխայի ձեւավորվող հոգեբանության վրա չափազանց լուրջ ու դրական ազդեցություն կունենա, որին համազոր արդյունք համարյա անհնար է ակնկալել կայացած մարդկանց պարագայում՝ անկախ նրանց նկատմամբ ձեռնարկվելիք քայլերից…
Նման տրամաբանությամբ առաջնորդվելը մեզ բերում է մի եզրահանգման, որ կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ անզուգական օրենսդրական դաշտի առկայությունն անգամ զուտ անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ այդ պայքարում լուրջ արդյունքներ ակնկալելու եւ գրանցելու համար, այնպես որ՝ չափազանց կարեւոր է, որ այն զուգահեռաբար ուղեկցվի մարդկային հոգեբանության փոփոխություններով եւ միայն դրանց զուգակցման պարագայում, այդ դժվարին ու խրթին հարցում կարելի կլինի ակնկալել համեմատաբար լուրջ արդյունքներ, քանզի հակառակի՝ սին եւ անարդյունավետ լինելը հազարամյա ժամանակը բազմիցս ապացուցել է…
Կարծում եմ, սա մոդել է, որից կարող է սովորել եւ օգտվել նաեւ աշխարհը…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից
«Առավոտ» օրաթերթ
14.03.2020