Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի պայմանագիրը ստորագրող կողմերն այդ քայլով շարունակեցին հայերի ցեղասպանության քաղաքականությունը. հայտարարություն

Մարտ 16,2020 11:43

Մեկ տարի հետո՝ 2021թ. մարտի այս օրը, լրանում է 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Պայմանագիր, որն առանց հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցության, որոշել է հայ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի ճակատագիրը՝ այն հանձնելով քաղաքական հողմամրրիկին: Պայմանագիր, որ հայ ժողովրդի նկատմամբ երբևէ իրականացրած անարդար, ստորացուցիչ, իր քաղաքական դաժանությամբ աննախադեպ գործարքներից է:

«Բարեկամության և եղբայրության պայմանագրի» կողմերը՝ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը, օգտվելով հայ ժողովրդի ծանր կացությունից, հանցավոր համագործակցությամբ, մասնատեցին և տիրեցին հայ ժողովրդի բնօրրանի մեծ մասին՝ հայ ժողովրդին թողնելով իր պատմական հայրենիքի 1/10-րդ մասը:
1921թ. Մոսկվայի, ապա՝ Կարսի պայմանագրերով ռուսական կողմը Թուրքիային զիջեց Կարսի նահանգը և Սուրմալու գավառը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց:

Պատմական երկու իրողությունները՝ Թուրքիայում Քեմալականների Ազգային Մեծ ժողովի ձևավորումը և 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունը, կործանարար հետևանքներ ունեցան Հայաստանի տարածքների և սահմանների համար:

«Քաղաքական լիգան», գնահատելով ռուս-թուրքական այդ գործարքի պատմաքաղաքական նպատակներն ու հետևանքները և ելնելով պատմական անհերքելի փաստերից, այսօր՝ 2020թ. մարտի 16-ին՝ Մոսկվայի պայմանագրի ստորագրումից 99 տարի անց,

հայտարարում է՝

– Ստորագրող կողմերն այդ քայլով շարունակեցին հայերի ցեղասպանության քաղաքականությունը՝ հայ ժողովրդին զրկելով իր պատմական հայրենիքից՝ խլելով այդ հայրենիքի կենսական տարածքները:

– Փաստաթուղթը հանցավոր ակտ է մարդկության դեմ. դրա գործողությամբ կողմերը յուրացրեցին հայ էթնոսի բնօրրանի լայն հատվածներ:

– Պայմանագիրը հանցավոր փաստաթուղթ է հայ ժողովրդի նկատմամբ, ուստիև վաղեմության ժամկետ չունի և պարտադիր ենթակա է դատապարտման և վերանայման:

Մենք՝ հայ ժողովրդի զավակներս, Հայաստանում և ի սփյուռս աշխարհի, մեր նախնիների ժառանգներն ենք և մեր պատմական հայրենիքի տարածքների իրավահաջորդները: Մենք պետք է ազգովին մերժենք հայ ժողովրդին պարտադրված հայ-թուրքական ստորացուցիչ սահմանները:

– Հայաստանի Հանրապետությունը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի խնդիրը պետք է ընդգրկի համահայկական քաղաքական օրակարգում՝ համախմբելով հայկական ներուժը և կյանքի կոչելու հայկական գործոնը:

Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի նախաշեմին, «Քաղաքական լիգան», դիմելով հայ ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքում, կոչ է անում միավորվել համահայկական այս օրակարգի շուրջ՝ մերժելու մեր կենսական շահերը ոտնահարած, մեր օրրանից մեզ օտարած ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը:

«Քաղաքական լիգան» կոչ է անում՝

– իրականացնել համահայկական, ժողովրդական բողոքի գործողությունների շարք՝ կասեցնելու մարտի 16-ի պայմանագրի գործունեությունը՝ «Ո՛չ 1921թ. Մոսկվայի պայմանագրին» նշանաբանով:

– Հայաստանի պետական մարմիններին՝ դառնալ ազգային այս կարևոր խնդրի լուծման դրոշակակիրը՝ ընդունել համապատասխան օրենսդրական ակտեր, պատրաստել միջազգային իրավական փաստաթղթեր՝ հետամուտ լինելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դատապարտմանն ու վերանայմանը:

«Քաղաքական լիգան» հավաստում է

– Մեր ներքին տարաձայնությունները չեն կարող այնքան ուժեղ լինել, որ հաղթեն մեր հավաքական, միավորյալ ներուժին՝ չեղարկելու այդ խայտառակ պատմական պայմանագիրը:

– Միջազգային հանրությանը իրազեկել պայմանագրերի պատմական, իրավաքաղաքական այն հետևանքների մասին, որոնք ճակատագրական դարձան հայ ժողովրդի մի քանի սերունդների համար:

– Այսօր առավել, քան երբևէ, մենք պետք է միասնական լինենք՝ ուղղելու պատմական անարդարությունը և վերակերտելու հզոր Հայաստան: Մենք հավատում ենք հայ ժողովրդի վճռականությանը՝ կենսագործելու իր ազգային նպատակներն ու շահերը:

«Քաղաքական լիգան», այս հայտարարությամբ, որպես համահայկական գործողությունների մեկնարկ, նախաձեռնում է առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի:

Կոչ ենք անում ստորագրահավաքին միանալ նաև առաջադեմ մարդկության ներկայացուցիչներին՝ անկախ ազգությունից, ռասայական և կրոնական պատկանելությունից, մաշկի գույնից:

Ռուս-թուրքական ամոթալի գործարքի 100-ամյակը դիմավորենք այն մերժող բազմահազար ստորագրություններով:

Քաղաքական լիգա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031