Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակում տղամարդու ականջը կտրելու ու սպանելու գործով մեղադրյալին ոստիկանները խոշտանգել են. փաստաբանի ահազանգը

Մարտ 15,2020 22:47

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել նախօրեին քաղաքացի Կարեն Հովհաննիսյանին ոստիկանության Արաբկիրի բաժնում խոշտանգելու վերաբերյալ փաստաբանի հայտարարության հիման վրա:

Կարեն Հովհաննիսյանը Սպիտակում անցած տարեսկզբին տեղի ունեցած դաժան սպանության գործով մեղադրյալ է: Հիշեցնենք, որ սպանվածի ձախ ականջը կտրել էին: Կարեն Հովհաննիսյանն այս գործով սկզբում որպես վկա էր անցնում, ավելի ուշ մեղադրյալի կարգավիճակ ստացավ. այս հանգամանքը նրա պաշտպան՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը պայմանավորում է քրեական գործի՝ փակուղում լինելով:

«Իրադարձությունների շղթան հետեւյալն է, դեպքից մեկ օր առաջ ես Վանաձոր քրեակատարողական հիմնարկում էի ու այնտեղ մոռացել էի իմ նոթբուքը: Կարեն Հովհաննիսյանը Սպիտակում էր, ու ես նրանից խնդրեցի վերցնել իմ նոթբուքը եւ բերել: Ուշ գիշերով 02:00ի մոտ հանդիպել ենք, ես նոթբուքս վերցրել եմ ու բաժանվել ենք: Ես եկել եմ տուն, Կարեն Հովհաննիսյանը, իմ իմանալով, գնացել էր դեպի իր տուն: Լուսաբացին իր ազգականներն են ինձ զանգում, պատմում, թե գիշերն ինչ է տեղի ունեցել: Կարեն Հովհաննիսյանը մեքենան արագ է վարել, իրեն է մոտեցել է մեկ այլ մեքենա: Նրան հայհոյելով՝ պահանջել են կանգ առնել, քանի որ դեպքից տասը օր առաջ սպանվել էր դեպքով անցնող մեկ այլ դերակատար: Պաշտպանյալս վախերով ավելի արագ է մեքենան վարել, չի պատկերացրել, որ իրեն կանգնեցնողները ոստիկաններ են, քանի որ հայհոյանքներով են կանգնեցրել: Նրա շարժը արգելափակվել է: Մեքենայի մեջ ծեծել են, հեղձման փորձեր են եղել: Ունի 30-ից ավելի սալջարդեր, փայծախի լայնացում, ընդ որում, արդեն արձանագրվել է, որ հարվածի հետեւանքով են այդ վնասվածքները:  Մեքենայի մեջ ծեծելուց հետո նրան տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին ու մոտ երկու ժամ խոշտանգել են եւ դաժան անմարդկային նվաստացնող վերաբերմունքի  արժանացրել: Չեն թողել՝ նստի, պահանջել են կանգնած մնա, մեկ ոտքի վրա կանգնի: Այս պատմությունը ինձ վերադարձնում է 90-ականների ոստիկանություն: Պաշտպանյալս պահանջել է, որ թույլ տան զանգի հորը, ինձ, բայց ոստիկանությունը չի ապահովել նրա իրավունքը»,- Aravot.am-ին պատմեց Կարեն Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը :

Ըստ փաստաբանի՝ մի քանի ժամ տեւած խոշտանգումից հետո, ոստիկանությունում ձեւակերպել են, թե իբր իր պաշտպանյալին հետախուզման մեջ կասկածվողի են նմանեցրել, այդ իսկ պատճառով բերման են ենթարկել. «Դատարանը նրան գրավով ազատ է արձակել ու հետախուզման ոչ մի խնդիր չկար: Իմ կարծիքով՝ կամ ոստիկանները ոչ սթափ վիճակում են գտնվել, կամ, երբ հայհոյանքով պահանջել են, որ Կարեն Հովհաննիսյանը մեքենան կանգնեցնի, Կարեն Հովհաննիսյանն էլ իր հերթին պատասխան հայհոյանք է տվել՝ չիմանալով, ովքեր են, քանի որ ոստիկանները չեն եղել ծառայողական մեքենայով կամ համազգեստով,  ոստիկանները երեւի կուլ չեն տվել այդ  հայհոյանքը»:

Կոչուբաեւը կատարվածի վերաբերյալ երեկ փորձել է ՀՔԾ-ում հանցագործության մասին հաղորդում տալ, սակայն, ըստ նրա, ՀՔԾ-ում մի աշխատակից չի գտնվել, հետո դիմել է ԱԱԾ, սակայն այստեղ էլ, ոչ ոք չի եղել: Հանցագործության մասին հաղորդում տվել է ոստիկանությունում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

https://www.facebook.com/alexandr.kochubaev/videos/2699851650112394/

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031