Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավ ու վատ լուրեր՝ կորոնավիրուսի հետ կապված. Էջմիածնից 3 ճանապարհ է գործելու, դեպքերի թիվը հասել է 28-ի. Վարչապետը վստահ է՝ մինչեւ հիմա ճիշտ որոշում են կայացրել

Մարտ 15,2020 22:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարությամբ հանդես եկավ: Նա սկսեց լավ լուրով՝ Իրանից ժամանակ այն տղամարդը, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, արդեն գնում է տուն՝ առանց որեւէ բուժման:

Վատ լուրն այն է, որ արդեն գրանցվել է 28 դեպք, որից 18-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի հետ է կապված. «Մենք քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկենք: Էջմիածնի հետ կապված լավ լուրն այն է, որ նոր դեպքերը մեկուսացված մարդկանց շրջանակից են արձանագրվել: Վաղը քաղաքից առկա 27 ելքերից պետք է օգտվեն միայն երեքից: Տեղում ջերմաչափում կանեն Էջմիածնի մեր բոլոր հայրենակիցներին, նրանք, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնամեկուսացում անել: Ժամը 23-ից բոլոր էջմիածնեցիներին խնդրում ենք քաղաքը լքել Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհով, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկանական կետ, երկրորդը՝ Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհով, դեպի Շահումյան գյուղ տանող ճանապարհն է դա եւ երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհով, դա Ոսկեհատ գյուղ գնացող ճանապարհն է: Այս երեք  ճանապարհները բաց կլինեն, մնացածները՝ փակ: Տեղում ջերմաչափում կիրականացվի, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնամեկուսացվել»:

Վաղը կառավարությունում նաեւ քննարկումներ են իրականացնելու՝ այլ միջոցներ ձեռնարկելու հետ կապված: Ըստ Նիկոլ Փաշինյանի, տպավորություն կա այս պահին, որ որոշ հավելյալ միջոցներ պետք է ձեռնարկել:

Շատ է խոսվում H1N1 վիրուսի բռնկման զուգահեռերի մասին: Վարչապետն ասաց, որ այդ վիրուսից 2016-ին 30 մահ է արձանագրվել, 2009-ին, քանի որ նոր է  եղել, մահերի հստակ վիճակագրություն չի եղել, բայց մասնագետները հիշում են, որ մահվան 50 դեպք է եղել: Այն ժամանակ ինֆորմացիոն տեխնոլոգիաները, սոցցանցերը ավելի պասիվ էին. «Փառք Աստծո, մենք հիմա շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում եւ ռիսկի գոտում գտնվող ընդամենը երկու պացիենտ կա՝ 71 տարեկան եւ 67 տարեկան, նրանց ինքնազգացողությունը շատ լավ է»:

Այն կարծիքները, որ պետք էր ի սկզբանե Իրանից եկող բոլոր քաղաքացիներին մեկուսացնել, Փաշինյանն ասաց, որ Իտալիայից եւ Իրանից ՀՀ եկած քաղաքացիներից, որոնք հարյուրավոր են, մենք ունեցել ենք ընդամենը 5-6 վարակվածության դեպք. «Մեր որոշումը եղել է,որ պետք է ըստ բժշկական ցուցման իրականացնենք մեկուսացումը, ոչ թե ըստ ծագման երկրի: Եթե այն ժամանակ սկսեցինք համատարած մեկուսացումը, բոլորս հասկանում ենք, որ մեկուսացման պոտենցիալն անվերջ չէ, չէինք կարող բոլորին մեկուսացնել»:

Վարչապետն ասաց, որ եթե այդպես բոլորին մեկուսացնեին, օրինակ, Իտալիայից Հայաստան եկող 150 քաղաքացիներին էլ մեկուսացնելու տեղ չէր լինի, էլի պիտի հորդորեին ինքնամեկուսացվել ու էլի նույն պատկերն էր լինելու. «Որոշումները ճիշտ են եղել եւ բխել են ԱՀԿ հորդորներից: Մենք իրավիճակը վերահսկում ենք, պետք է համագործակցված, կողք կողքի կանգնելով, մեզանից յուրաքանչյուր բարձր անհատական պատասխանատվությամբ, պետք է կարողանանք իրավիճակը հաղթահարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031