Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ուշագրավ հայտարարություն արեց: Պարզվում է, Իտալիայից ժամանած այն քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս եւ որը Մեղրիում է եղել, Վայքում քարոզարշավի ժամանակ շփում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վարչապետը հիշեցրեց, որ իր ընտանիքը դեռ գտնվում է Սեւանում՝ մեկուսացված, քանի որ Բրազիլիայի նախագահի հետ կապված կասկածներ կային, իսկ Բրազիլիայի նախագահի կնոջ հետ շփվել էր Աննա Հակոբյանը:
Հիմա էլ Մեղրիի դեպքն է կասկածներ առաջացրել: Փաշինյանն ասաց. «Պարզվում է, որ մենք Մեղրի-Երեւան գալու ճանապարհին այդ քաղաքացու հետ շփում ենք ունեցել, կոնկրետ ես: Ոչ շատ սերտ շփում: Այդ պատճառով ես մոտ մեկ ժամ առաջ նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի, այդ թեստի պատասխանը կլինի կեսգիշերն անց: Եթե հանկարծ այդ թեստի պատասխանը կլինի դրական, ես կշարունակեմ մեկուսացումը: Սեւանում մենք կինքնամեկուսանանք, եթե պատասխանը կլինի բացասական, վաղն առավոտյան կվերադառնամ Երեւան ու կշարունակեմ աշխատել կառավարության շենքում՝ իմ աշխատասենյակում»:
Կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ Փաշինյանը շփվել է Վայքում՝ բիստրոյում:
Կարդացեք նաև
Նշենք, որ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը NEWS.am-ին-ին հայտնել է, որ Մեղրիի քաղաքացին մարտի 10-ին է վերադարձել Իտալիայից: «Որպես տուրիստ է գտնվել Իտալիայում, իսկ գալու օրվանից տանը մեկուսացված է եղել: Տաքություն է ունեցել, «Շտապօգնություն» կանչել, դիմել Մեղրիի հիվանդանոց, մեկուսացրել են ինֆեկցիոն բաժանմունքում, թեստ արել»,- ասել է նա՝ նշելով, որ տղամարդու ընտանիքին է միայն մեկուսացված սեփական տանը, քանի որ վերադարձից հետո տղամարդը միայն նրանց հետ է շփվել:
https://www.facebook.com/1378368079150250/videos/249795049349510/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ