«Չեմ համարում, որ բարեգործականի անվան տակ քարոզարշավ անելը ճիշտ է: Ահազանգեր շատ ենք ստանում, բայց կարծում եմ՝ նոր իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի նման երեւույթներն օրենքի խստությամբ բացառվեն ապագայում»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով քաղաքացիներից մեկի ահազանգին այն մասին, որ նախագահական ընտրապայքարում բարեգործության անվան տակ ընտրակաշառք են բաժանում, ասաց Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:
Նա նշեց. «Այս շրջանում ավելի շատ վերահսկողություն է լինելու: Եթե իմ եւ թիմակիցներիս մասին խոսեմ, ապա ժողովրդի կողմից լուրջ աջակցություն կա: Իմ թեկնածությունը պաշտպանում են կուսակցություններ, հ/կ-ներ, հազարավոր մարդիկ, ուստի վերահսկողություն անելու ենք, եւ այս ալիքն ի վիճակի է հաղթահարել այդ երեւույթները: Փաստերով պետք է խոսել: Համատարած բոլորը խոսում են, բայց մենք մեր ճանապարհով ենք գնում եւ համարում ենք, որ հաղթանակը մերն է լինելու: Հին մեթոդները նոր Արցախում չեն գործելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ