Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախի համար իրավիճակը կրիտիկական է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն հանրապետության բնակչության 18%-ը 60 տարեկանից բարձր է․ Վիտալի Բալասանյանի կոչը Բակո Սահակյանին

Մարտ 15,2020 19:47

Վիտալլի Բալասանյանի կոչը ԱՀ նախագահին՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ

Հարգարժան պարոն Սահակյան,

Ձեր լիազորոթյունների ժամկետը մոտենում է ավարտին և շուտով Դուք կազատվեք երկրի նախագահի պատասխանատվության ծանր բեռից, սակայն այդ պահը դեռ չի եկել: Քանի դեռ ընտրությունները և նոր նախագահի երդման արարողությունը չեն կայացել, Դուք եք պատասխանատու երկրի անվտանգության, պետության, քաղաքացիների առողջության և կյանքի համար: Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում ուժգնանում է կորոնավիրուսի տարածումը, անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի հստակ և շատ ակտիվ գործողություններ: Այս պնդման համար հիմք են հանդիսանում մեր և արտերկրի մասնագետների կողմից իրականացված վերլուծությունը։

Ներկայացնում եմ Ձեզ վերլուծության հակիրճ բովանդակությունը:

Փետրվարի վերջին վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արեւելքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը ճանաչել է պանդեմիա: Այսօր կորոնավիրուսի էպիկենտրոն են հանդիսանում Իրանը, Իտալիան, Իսպանիան և Եվրոպայի մեծ մասը: Մահվան դեպքերը, ցավոք, հասնում են հազարների և ԱՀԿ-ի կանխատեսումները խիստ անհանգստացնող են. նշված երկրներում սկսվում է պանդեմիա, որի զարգացումն անխուսափելի է:

Կորոնավիրուսի տարածման առանձնահատկությունները՝

Վարակը արագ է փոխանցվում․ այն կարող է փոխանցվել վարակակիրի հետ որոշ հեռավորության վրա գտվելու դեպքում՝ առանց անմիջական շփման, տարածվում է էքսպոնենցիալ կերպով. հիվանդների թիվը բազմապատկվում է յուրաքանչյուր 6-րդ օրը, ինկուբացիոն շրջանը տևում է 14 օր․ երկու շաբաթ մարդը կարող է վարակակիր լինել, սակայն չիմանալ այդ մասին։

Սակայն առավել կարևոր է տարբեր տարիքային և սոցիալական խմբերի վրա վիրուսի ազդեցության առանձնահատկությունների բացահայտումը, մասնավորապես ամենախոցելի խմբերի, որոնց պարագայում արձանագրվում են մահվան ելքեր:

Առաջինը՝ կորոնավիրուսը առավել վտանգավոր է տարեց բնակչության համար:
Երկրորդը՝ կորոնավիրուսը առավել վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետևյալ առողջական խնդիրները՝

  • սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա (մահացությունը՝ 10,5%),
  • շաքարային դիաբետ (7,3%),
  • քրոնիկ հարբուխային հիվանդություններ(6,3%),
  • ուռուցքներ (հստակ տվյալներ չկան)։

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ իմ տեղեկությունների համաձայն, Իտալիայում և Իսպանիայում ներդրվել է «ռազմական բժշկության» հատուկ ռեժիմ՝ փրկում են նրանց, ում հնարավոր է փրկել: Պետական մակարդակով որոշում է կայացվել չփրկել հատուկ ռիսկային խմբերին ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեցներին։ Դա նշանակում է, որ նույնիսկ եվրոպական զարգացած երկրների առողջապահական համակարգը չի կարողանում փրկել կամ գոնե օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին։ Այսինքն, իրավիճակը շատ լուրջ է:

Հայաստանում մարտի 14-ի դրությամբ գրանցվել է վարակման 20 դեպք: Նույն ժամանակահատվածում Իրանում վարակվածների թիվը կազմել է 11 364 մարդ, մահացածների թիվը հասնում է 514-ի: Փաստացի առկա է ԱՀ վարակի ներթափացնման հնարավորությունը, և դա արհամարհելը անհեռատես է և վտանգավոր։

Ըստ իս, Արցախի համար իրավիճակը կրիտիկական է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն հանրապետության բնակչության 18%-ը 60 տարեկանից բարձր է: Նրանց մեծ մասը առողջական խնդիրներ ունի: Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, որոնք գտնվում են ռիսկային խմբում: Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ կորոնավիրուսը ներթափանցի Արցախ և պատրաստ լինենք այն վայրկյանապես կանխել:

Սակայն, այս պահին երկրի պատրաստվածությունը մոտ է զրոյականի, և դա մեր երկրի ազգային անվտանգության համակարգի կառավարման ուղղակի հետևանքն է: Ենթադրում եմ, որ այս իրավիճակը կարող է կապված լինել ոչ բավարար տեղեկացվածության հետ, քանի որ Արցախում իսկապես չկան մասնագետներ, համաճարակաբաններ, որոնք ունակ են օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը և պարզաբանել բոլոր ռիսկերը: Այս վերլուծությամբ ես լրացնում եմ այդ բացը եւ մեկ անգամ եւս հիշեցնում Ձեզ երկրի բարձրագույն պաշտոնատար անձի պատասխանատվության մասին՝ իր քաղաքացիների կյանքի եւ առողջության համար:

Կարծում եմ՝ այս պահին Դուք, որպես գործող Նախագահ, պարտավոր եք մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկել, որոնք են՝

Սահմանին ապահովել իրական, այլ ոչ թե ֆորմալ բժշկական վերահսկողություն. ջերմության պարտադիր չափում, հարցաթերթիկի լրացում՝ վարակվածների հետ հնարավոր շփման բացահայտման նպատակով:
ԱՀԿ-ից պարզել գործողությունների փաթեթը, որը կօգնի բժիշկներին, որոնք բացահայտում, բուժում և մեկուսացնում են վարակվածներին:
Երկիր հրավիրել համաճարակաբաններ և նրանց օժտել հատուկ լիազորություններով ՝ համաճարակաբանական իրավիճակի ինվենտարիզացիայի և բուժմանը պատրաստ լինելու համար:
Ստեղծել կարանտինային գոտիներ, որտեղ հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում մեկուսացնել հիվանդներին:
Կազմակերպել վարակման պրոֆիլակտիկայի քարոզչության աշխատանքները, տարածել ԱՀԿ-ի խորհուրդները, վերահսկել դրանց կատարումը այնտեղ, որտեղ հնարավոր է:
Դիմել Սփյուռքին հումանիտար օգնության կազմակերպման համար։
Ձևավորել միասնական իրավիճակային շտաբ, որը կհակազդի կորոնավիրուսի տարածմանը՝ միջացոռումների համալիր ղեկավարումը կենտրոնացնելու նպատակով:
Վստահ եմ, որ խոհեմություն կցուցաբերեք և կմոտենաք հարցին ամենայն պատասխանատվությամբ:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031