Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի պատճառով խանութներում խուճապային տրամադրություն չկա, սակայն դա շատ տեղային բնույթ է կրում: Ներբակային խանութներից սկսած՝ մինչեւ մեծ սուպերմարկետներ, այնուամենայնիվ, որոշակի խուճապ կա: Մարդիկ կարծես պատրաստվում են մեկուսացման ու գնում են հիմնականում մեծ քանակությամբ զուգարանի թուղթ, բուսական ու կենդանական յուղ, պարկերով ալյուր:
Ուշագրավ է, որ ամբողջ աշխարհում՝ կորոնավիրուսով պայմանավորված, սկսել է նկատվել զուգարանի թղթի դեֆիցիտ: ԱՄՆ-ում, օրինակ, Գլենդելում, զուգարանի թուղթն ու ջուրը սկսել են լիմիտավորված վաճառել, մեկ անձը կարող է գնել առավելագույնը 2 հատ:
Լուսանկարը, որը հրապարակել ենք, արվել է մոտ մեկ շաբաթ առաջ, երբ ջրի հերթեր էին գոյացել Գլենդելում: Հիմա արդեն Գլենդելի խանութները, կարելի է ասել, «սրբել» են, վաճառքի տաղավարները դատարկ են մնացել, հացի համար մարդիկ իրար են կոտորում, ժամերով հերթ կանգնում: Գլենդելի մեր հայրենակիցները փոխանցեցին, որ վերջին 2-3 օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել են գնալ սուպերմարկետ, բայց մոտակայքում անգամ մեքենան կայանելու տեղ չեն գտել: Հայերը մեքենայի տեղերը, որպես ազգային միասնության նշան, իրար են փոխանցում, նույնը սուպերմարկետների սայլակի դեպքում է: Սայլակ գտնելն անգամ «շուստրիության» դրսեւորում է, քանի որ հերթ է:
Կարդացեք նաև
Իսպանիայում նույնպես խուճապ է, ինչպես հայտնի է, այստեղ հրահանգել են փակել բոլոր բարերը, սրճարանները, զանգվածային միջոցառումների վայրերը: Սննդի կետերը գործում են առաքմամբ միայն:
Լուսանկարներում պատկերված է, թե ինչ է կատարվում Մադրիդի սուպերմարկետներից մեկում, երբ դրամարկղ մոտենալու համար հսկայական հերթ է գոյանում:
Ծխախոտի վաճառքի կետերի հերթը ձգվում է երկու փողոց: Մարդիկ երկու ամսվա համար մեծաքանակ ծխախոտ են ձեռք բերում:
Իսպանիայում, ինչպես Իտալիայում, Դանիայում, երեկոյան ֆլեշմոբեր են կազմակերպում: Դրսում գտնվողներն ավտոմեքենաների ազդանշաններն են միացնում, իսկ տանն ինքնամեկուսացված քաղաքացիները դուրս են գալիս պատշգամբ ու ծափերով միմյանց քաջալերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ