Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային առողջության պաշտպանության նպատակով հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը․ Արտակ Բեգլարյան

Մարտ 15,2020 17:23

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանրային առողջության պաշտպանության նպատակով հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը

Կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու միջոցառումների ժամանակ պետք է հաշվի առնել, որ անհրաժեշտության դեպքում մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումների համար առկա են սահմանադրական բավարար հիմքեր: Չչարաշահելով այդ հիմքերը և պահելով սահմանափակումների իրավաչափությունը, համաչափությունն ու որոշակիությունը՝ պետությունը պարտավոր է օգտագործել պատշաճ մեխանիզմներ հանրության առողջությունը երաշխավորելու համար:
Ահա մի քանի մեջբերում ԱՀ և ՀՀ Սահմանադրություններից՝

• Հոդված 27. «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով».
• Հոդված 40. «4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյակա­նու­թյան կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանու­թյան նպատակով: Քաղաքացու` Արցախի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ»:
• Հոդված 41. «2. Մտքի, խղճի և դավանանքի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակա­կան կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
• Հոդված 44. «5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրեն­քով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասա­րակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Վերոնշյալ և հնարավոր այլ սահմանափակություններ կիրառելիս պետությունը պետք է հաշվի առնի հատկապես համաչափության և որոշակիության սկզբունքները, որոնց վերաբերյալ Սահմանադրությունն ասում է.
• ««Հոդված 78. Համաչափության սկզբունքը. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման հա­մար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմա­նադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:
• ««Հոդված 79. Որոշակիության սկզբունքը. Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատու­թյունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

Առողջություն և անխուճապ տրամադրություն բոլորին… Ի դեպ, սիրողական տպավորություն ունեմ, որ խուճապն ավելի շատ է, քան կորոնավիրուսի իրական վտանգը:

https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3021933044511579

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031