Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան, բա ասում էիք իմաստ չունի մարդկանց «իզոլացնել», հիմա ինչի՞ եք խառնվել իրար, բա արժե՞ր կորոնավիրուսի համար «չաշխատող գործիք» կիրառել

Մարտ 15,2020 15:25

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանն արդեն սկսել է ոչ միայն մեկուսացնել Եվրոպայից ժամանակ բոլոր քաղաքացիներին, փակել սահմանները, այլեւ Էջմածինն է մեկուսացրել, բնակչության մեծամասնությանն էլ` ինքնամեկուսացրել: Ու քաղաքացու մոտ պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ եք այսպես խառնվել իրար, մի քանի օր առաջ դո՞ւք չէիք ծիծաղում, երբ առաջարկում էին մեկուսացնել Հայաստան ժամանողներին:

Հիշեցնենք փաստերով, թե ինչ էին ասում ընդամենը օրեր առաջ առողջապահության համակարգի պատասխանատուները ու ինչ են անում հիմա:

Մարտի 3-ին «Ազատությանը» տված հարցազրույցում այն հարցին, որ ի սկզբանե պետք էր մեկուսացնել Իրանից ժամանած քաղաքացիներին՝ առողջաահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ նույն տրամաբանությամբ մենք պետք է հոսպիտալացնենք Միլանից եկած  բոլոր քաղաքացիներին ու բոլոր չվերթներից: Որեւէ իրական օգուտ դրանից չէր լինելու: Կար գործողությունների հստակ գրված ալգորիթմ, եւ մենք գործել ենք այդ ալգորիթմով եւ իմ համար շատ զավեշտալի են տարբեր, այդ թվում տարբեր կալիբրի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե պետք էր բոլորին կարանտինի մեջ դնել, այլ պայմաններում դնել եւ դա ակնհայտ է»: Այն քննադատություններին, որ եթե դա չանեք, հետո շատ ավելի լայն շրջանակի եք մեկուսացնելու, օդանավակայանից տուն են գնում, տրանսպորտով գործի եւ այլն, շրջանակը մեծանում է՝ նախարարը պատասխանեց. «Նախ, մի քանի հարյուր մարդկանց կարանտին անելու իմաստն էլ է կորում: Այո, հենց այդպես էլ պետք է լինի, պետք է պարզվի շրջանակ, ոչ թե կամայական մարդ դրվի մեկուսացման մեջ»:

Մարտի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հյուրը լինելով՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Կորոնավիրուսին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ինքը կա եւ ոչ ավելին: ԱՀԿ-ն էպիդեմիան ավելի շատ անվանել է ինֆոդեմիա, կոչ է անում պայքարել տեղեկատվական էպիդեմիայի դեմ»:

Հարցին՝ հնարավոր չէ՞ր միանգամից ստուգել, ախտորոշել, քան հետո ընկնել՝ ում հետ է շփվել, ուր է գնացել, ինչ է արել այդ մարդը, ինչո՞ւ  հենց սկզբից այդ մարդիկ չեն մեկուսացվել 15 օրով, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ արվել է այնպես, ինչպես խորհուրդ է տրվում ԱՀԿ-ից ու ինչպես խորհուրդ են տալիս առողջապահական միջազգային կանոնները, որոնք  ուղղված են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է ախտորոշելուն ու կարանտին դնելուն, թեստը դրական է տալիս, երբ հիվանդությունն ինչ-որ փուլ արդեն զարգացել է,  մենք չենք կարող ու չպետք է սահմանափակենք քաղաքացիների տեղաշարժը»: Նախարարն ասաց, որ կարող էին բոլոր եկած քաղաքացիներին մեկուսացնել, բայց ծախսարդյունավետության, մարդկանց անվտանգության, հայտնաբերելիության տեսանկյունից դրանք չաշխատող գործիքներ են»: Արսեն Թորոսյանը նույնիսկ հավելեց, որ եթե մեր մոտ դեպքերը ավելացան, կարանտինի միջոցառումներ անիմաստ է անել:

Իսկ 1in.am-ին տված հարցազրույցում նախարարն ասել էր, որ կորոնավիրուսի դեպքերը ծիծաղելի փոքր են: Դրան գումարած տաքացող եղանակը, վիրուսները տաք եղանակին ոչնչանում են ինքնին: Հարցին՝ քննադատում են, որ ինչպե՞ս է ստացվում՝ մեր հայրենակիցները դիմակով գալիս են Երեւան, հետո դուրս են գալիս, դիմակները հանում են, գրկախառնվում, նրանց տեղաշարժը որեւէ ձեւով չի սահմանափակվում, ինչո՞ւ կանխարգելիչ գործողություններ չեն եղել՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Որովհետեւ կա սխալ պատկերացում կանխարգելիչ գործընթացների վերաբերյալ: Կանխարգելիչ գործընթաց չի նշանակում որեւէ երկրից մեր երկիր ժամանող քաղաքացիների ամբողջական մեկուսացում հասարակությունից, եթե չկա անհրաժեշտությունը: Իսկ անհրաժեշտություն է վարակի աղբյուր, կոնտակտավորներ, մնացած դեպքում իմաստ չունի մարդկանց իզոլացնել»:

Բացի նախարարից, հեռուստատեսությամբ, սոցցանցերում առողջապահական համակարգի մի շարք ներկայացուցիչներ ծիծաղում էին, երբ մարդիկ առաջարկում էին, օրինակ, Իրանից եկած բոլոր քաղաքացիներին 14 օր մեկուսացնել:

«Ըստ էության» հաղորդման ժամանակ բժիշկ Հայկ Մանասյանն ասում էր, որ պետք չէ խուճապի մատնվել. «Հայաստանում այնքան երկար չեն ապրում, որպեսզի հասցնեն ծերանան այնքան, որ մահանան կորոնավիրուսից: Խուճապն ավելի մեծ վտանգներ կարող է առաջ բերել, քան թե բուն կորոնավիրուսը»: Մանասյանն ասում էր, որ կարանտին պետք չի, մենք չենք պայքարում վիրուսի դեմ, այլ՝ միայն ծանր ընթացք ապահովող վիրուսի: Բժիշկը նաեւ ֆեյսբուքյան իր էջում կոչ էր անում՝ «Մինչ փիս կոմպետենտ կոլեգաներս կդռռան կամ կբռռան՝ տեղեկացնեմ։ Պանդեմիան այսպես չեն հայտարարում, եթե իհարկե ֆիլմ կատաստրոֆա չէ։ Այլ տալիս են բարձրագույն ռիսկայնության աստիճան ու պետություններին ցուցումներ տալիս օգտվել համապատասխան ուղեցույցներից։
Իսկ այսպես, ինստագրամի ստատուսով ընդամենը մուտիլովկա են տարածում։
Կայֆավատ արեք… Թեև ոնց կարա կայֆավատ անի ցեղասպանություն վերապրած ազգը»:

Երբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել էր, որ պետք է չեղարկել երթ, հանրահավաք, հանրաքվեն, Մանասյանը դա տարածել էր հորդորելով որպես հումոր կարդալ: Մինչդեռ օրեր անց վարչապետը ամենեւին էլ ոչ հումորով դադարեցրեց հանրահավաքները, երթը ու ինքն էլ կնոջ հետ ինքնամեկուսացավ:

ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանն էլ կորոնավիրուսի մասին այսպիսի տեսակետ էր հայտնել. «Վախերն ու խուճապը, որ ամբողջ աշխարհում տիրում է, հիմնականում անհիմն են, որովհետև կորոնավիրուսը վիրուսի տեսակ է, որը մի քիչ նոր է, բայց հիմնականում հայտնի»:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ հիմա ինչո՞ւ եք հետեւում այն խորհուրդներին, որը ձեզ ասում էին 10-15 օր առաջ, բա ծախսարդյունավետության, կանխարգելման տեսանկյունից դա անիմաստ էիք համարում… մանավանդ, որ առջեւում տաք եղանակներն են, չէ՞ որ վիրուսն ինքնաոչնչանալու էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031