ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ հարցին
Հարց. Ադրբեջանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է Ձեր՝ նախօրեին տարածված մեկնաբանությանը: Այս հայտարարության մեջ կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, ինչպես նաև բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ձեր համառոտ արձագանքները, ըստ ադրբեջանական կողմի, արտացոլում են հայկական կողմի սահմանափակ մտածելակերպը: Կարիք կա մեկնաբանության:
Պատասխան. Կա, բայց շատ համառոտ: Ես չեմ համարում, որ բառերի քանակը որևէ ձևով կարող են վկայել արտահայտվող մտքի ճշմարտացիությունը և արժեքը: Դրա լավագույն օրինակը հենց Ադրբեջանի ԱԳ խոսնակի հայտարարությունն է, որտեղ փորձ է կատարվում փաստարկների բացակայությունը քողարկել իրականության հետ աղերս չունեցող բառակույտերով:
Այդ տեսակետից կուզենայի անդրադառնալ երկու կետի՝ պատմությանը և ժողովրդավարությանը:
Կարդացեք նաև
Ընդհանրապես կուզենայի խորհուրդ տալ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից: Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է: Մենք հասկանում ենք, որ այդ երկրում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, որին մենք չենք ցանկանում միջամտել, սակայն դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չենք կարող չհիշեցնել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա հավանաբար այս հարցում ևս մենք ադրբեջանական կողմի հետ ունենք խիստ տարբերվող պատկերացումներ: Օրինակ մենք չենք կարող համարել, որ իշխանության փոխանցումը մեկ ընտանիքի տարբեր անդամների միջև ժողովրդավարական պրակտիկայի մաս է կազմում: Ադրբեջանի ցածր ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ մեր գնահատականը շարունակաբար հաստատվում է նաև տարբեր միջազգային դերակատարների կողմից, որոնք գնահատում են մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը տարբեր ինդեքսների միջոցով: Այս դեպքում նույնպես պետք է փաստենք, որ ժողովրդավարությունը ևս Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:
Վերջում կուզենայինք ընդգծել, որ խորապես հավատում ենք, որ անգամ առկա ընկալումների տարբերությունների դեպքում հնարավոր է պահպանել շփումների հարգալից տոնայնությունը և այս մաղթանքը հասցեագրում ենք նաև ադրբեջանական կողմին:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ