Երբ հայաստանյան քաղաքականացված կողմերը իրար էին հոշոտում կորոնավիրուսի պատճառով, փորձելով դրա վրա իրենց այսրոպեական շահերին հասնելը, դեռ ոչ ոք չէր գիտակցում, թե հատկապես ինչից ենք մենք՝ լավ կամ վատ, պաշտպանվում:
Կորոնավիրուսը թվում էր, եւ շատերին մինչ այսօր էլ թվում է՝ ինչ-որ հեռավոր եւ ոչ իրական բան: Ինչ-որ բան, որը կարող է պատահել միայն չղջիկներով նախաճաշող չինացիների հետ:
Ոչինչ չէր գուժում դժբախտության մասին, եւ սոցիումը իրեն հատուկ կերպով վերաորակավորվեց էպիդեմոլոգների եւ միկրոբիոլոգների՝ ժամանակավորապես մի կողմ թողնելով սահմանադրական իրավունքով համընդհանուր տարվածությունը:
Իշխանությունն ու ընդդիմությունը սովորականի նման մրցում էին տրոլլինգի մեջ, Ֆեյսբուքը սովորականի նման տարածում էր 20 րոպե առաջ Վիկիպեդիայից վերցված գիտելիքներ, ամեն ինչ սովորականի պես էր:
Կարդացեք նաև
Այդ ձանձրալի քաշքշուկը ծուլորեն տարածվում էր, որպեսզի կանխատեսելիորեն մարեր 3-4 օրից, մինչ սկսվեց կորոնավիրուսի պայթյունը Իրանում: Եվ հենց այդ պահից պատմությունը ձեռք բերեց միանգամայն այլ երանգներ:
Հանկարծ պարզվեց, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան սպասվում էր եւ ցանկալի էր, եւ օդում կախվեց խուճապի սպասումը: Անկանխատեսելիի սպասումը: Մի քիչ սարսափելի, համընդհանուր անօգնականությունը ցուցադրող:
Պարզվեց, որ կորոնավիրուսը վարակում է ոչ միայն չինացիներին, իրանցիներին եւ կորեացիներին, որոնց մեր հասարակության զգալի մասը սովոր էր համարել իրենից ցածր, այլեւ՝ եվրոպացիներին: Եվ նրանք բոլորը պարզվեցին նույնքան անօգնական եւ խոցելի:
Եվ ահա, երբ կորոնավիրուսի համավարակը սադրեց առաջին տնտեսական ցնցումը՝ ինչի արդյունքում փլվեցին նաֆթի գինը, ռուբլու փոխարժեքը եւ ամերիկյան ֆոնդային շուկաները, կամաց-կամաց սկսեց տեղ հասնել…
Որքան էլ մենք փորձենք խուսանավել, մենք, ամեն դեպքում, այս մեծ աշխարհի մի մասն ենք: Եվ այդ մեծ աշխարհը ի վիճակի չի մեզ պաշտպանել, ինչպես սովորաբար անում էր: Դե չէ, մեծ քեռիներն, իհարկե, մեզ փոխանցել են մի քիչ թեստեր եւ մի քիչ լուսավորել են վարակի տարածումը կանխարգելելու մասին: Բայց չեն արել ամենակարեւորը՝ չեն բացատրել, թե ինչպես ապրել այդ ամենով հանդերձ: Ավելի ճիշտ՝ նրանք թերեւս ենթադրում են, որ մենք դա ինքներս էլ գիտենք:
Սպասվում էր, որ մենք գիտենք, որ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ: Ոչ միայն զուգարանից դուրս գալուց հետո, ուտելուց առաջ, այլեւ՝ ընդհանրապես: Որ պետք չի կազմակերպել բազմամարդ միջոցառումներ: Որ պետք է կարանտին հայտարարել ուսումնական հաստատություններում: Որ պետք է պոտենցիալ վարակակիրներին մեկուսացնել եւ մարդկանց սովորեցնել հիգիենայի տարրական կանոնները: Վստահ եմ, որ այս ցանկը վերջնականը չէ:
Կորոնավիրուսը մարդկությանը դաս է տալիս՝ այն մասին, որ տգիտությունը պատժվում է: Որ սոդան, կիտրոնի հյութը, ալկոհոլը եւ աղոթքները չեն փրկի վարակից: Եվ այդ դասը, ինչպես՝ ցանկացած ուրիշը, մեզ հեշտ չի տրվում:
Բայց կա եւս մի դաս՝ տեղային: Որը կորոնավիրուսը տալիս է հատկապես հայ հասարակությանը: Ես հույս ունեմ, որ մենք հասկացանք, որ այսրոպեական օգուտներն անիմաստ են, երբ կանգնած է գոյատեւման հարցը: Որ մենք՝ մեծ մարդկության փոքր մասնիկն ենք: Եվ որ մենք ոչնչով լավը կամ վատը չենք չինացիներից, իրանցիներից, իտալացիներից եւ կորեացիներից:
Ես գրեցի, որ հույս ունեմ, եւ հասկացա, որ այս հույսի համար ես շատ քիչ հիմքեր ունեմ: Ես պարզապես ուզում եմ այդպես լինի:
Ս. Ե.
«Առավոտ» օրաթերթ
14.03.2020