Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր 15 հաստատված դեպքի մասին:
Բոլոր նոր վարակվածները, ըստ վարչապետի, նույն շրջանակից են. 18 վարակվածներից 11-ը Էջմիածնի արդեն հանրահայտ նշանդրեքի մասնակիցներ են:
Վարչապետը լավ լուր էլ ունի. առաջին վարակված անձի մոտ, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա եւս մեկ թեստ կհանձնի, եթե այն նույնպես բացասական լինի, վերջինս տուն կգնա:
Կարդացեք նաև
Վարչապետը վստահեցնում է, ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք. «Հաստատված դեպքերը մինչեւ 51 տարեկան են, իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ 100 տոկոսով բուժում պետք է ունենանք: Միայն մեկ քաղաքացի ունենք, որ 72 տարեկան է, բայց փառք Աստծո, նրա մոտ որեւէ բացասական ախտանշաններ չկան: Այնպես որ հույս ունենք, որ այս պրոցեսը մենք ավելի թեթեւ կտանենք, քան տարել ենք H1N1 վիրուսի դեպքը»:
Հետագա դեպքերը կանխելու համար, վարչապետը կարեւորում է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը: Ասաց, որ ինքն ու իր ընտանիքն էլ են հետեւում առողջապահության նախարարի հորդորներին եւ հանգստյան օրերը տանն են անցկացնում:
Անդրադառնալով վերջին օրերին շատ քննարկվող թեմային` վարկերի տոկոսները սառեցնելու մասին, վարչապետը տեղեկացրեց, որ դեռ մի քանի օր առաջ ՀՀ ԿԲ-ն նամակով դիմել էր առեւտրային բանկերին, որպեսզի վերջիններս զվարճանքի, առեւտրային օբյեկտների եւ այն բոլոր հնարավոր հիմնարկների, որոնց վրա կորոնավիրուսի հետեւանքները կարող են անդրադառնալ, վարկերի տոկոսները սառեցնեն: Այդ հաճախորդներին անհատական մոտեցում կցուցաբերվի` կվերանայվեն մարման գրաֆիկները, տոկոսները, արժույթը եւ այլն, որպեսզի այդ մարդիկ փաստի առջեւ չկանգնեն: Այդ ամենի արդյունքում հաճախորդների վարկային պատմությունը չի ստվերվի:
Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներից, որ խանութներում անսովոր աժիոտաժ չկա:
Վարչապետն ասաց նաեւ, որ Եվրոպայից եկող բոլոր քաղաքացիները այսուհետ կմեկուսացվեն` հավելյալ ռիսկերից խուսափելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ