Իշխող ուժը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն չեղարկելու մասին քննարկումներ չի իրականացրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը` հավելելով, որ ինքը եւ իր գործընկերները` ԱԺ մի քանի պատգամավորներ երկու օր է` ինչ վերադարձել են Սերբիայից եւ այժմ գտնվում են տանը` ինքնամեկուսացման ռեժիմում: «Նման քննարկումներ կա՞ն, թե` ոչ… եթե կան էլ, անկեղծ, տեղյակ չեմ, քանի որ ոչ ոքի հետ չեմ շփվել»,- ասաց մեր զրուցակիցը:
Դեռ նախորդ օրվանից, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում սկսեց աճել, հանրային եւ քաղաքական շրջանակներում կոչեր, հորդորներ հնչեցին` չեղարկել նաեւ հանրաքվեն:
Aravot.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը պարզաբանել էր` հանրաքվեն չեղարկելու միակ կարճ ճանապարհը երկրում արտակարգ դրություն հայտարարելն է:
Այսօր համանման գրառում էր կատարել նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:
Կարդացեք նաև
Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ շատերը «արտակարգ իրավիճակ» եւ «արտակարգ դրություն» իրավական ռեժիմները շփոթում են: Վկայակոչելով Սահմանադրության 120 հոդվածը՝ իրավաբան-պատգամավորը հստակեցրել էր, որ Հայաստանում ներկա իրավիճակն ավելի շատ բնորոշվում է արտակարգ իրավիճակով։ Արտակարգ իրավիճակ հայտարարվում է, երբ, օրինակ, որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Իսկ Արտակարգ դրություն հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:
Մեր հարցին` արդյոք իր գրառումն արտացոլում է հանրաքվեն չեղարկելու մասին իշխող ուժի տրամադրությունները, Նազելի Բաղդասարյանն ասաց` ոչ, պարզապես տարբեր գրառումներ է տեսել, որտեղ «արտակարգ իրավիճակ» եւ «արտակարգ դրություն» ռեժիմները նույնական են ներկայացնել, որոշել է հստակություն մտցնել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց համաշխարհային համաճարակի մասին. մեր հարցին` սա հնարավո՞ր է հիմք դառնա Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու եւ հետեւաբար բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում նաեւ հանրաքվեն հետաձգելու կամ չեղարկելու համար, Նազել Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե հարցն իրեն տրվեր երկու օր առաջ, ինքը միանշանակ «ոչ» կպատասխաներ, բայց այժմ ասում է` պետք է հետեւել դեպքերի զարգացման, վարակվածների քանակին. «Ամեն դեպքում, արտակարգ դրություն չի կարող մտցվել, քանի դեռ արտակարգ իրավիճակ չի հայտարարվել: Այս պահին չկա արտակարգ դրության իրավական վիճակ: Մինչ այդ, արտակարգ իրավիճակ պետք է հայտարարվի, ինչի հիման վրա էլ արտակարգ դրություն: Ես հիմա չգիտեմ` այս պահին քանի հիվանդ կա, արդյոք աճ կա, ծավալներն ինչպիսի՞ն կլինեն, օպերատիվ ինֆորմացիային չեմ տիրապետում»:
Նկատեցինք, որ հիվանդների թիվն աճի միտում ունի, բացի այդ, արդյոք արտակարգ իրավիճակ չէ՞, երբ վարչապետը առանց հայտարարելու քարոզարշավը դադարեցրեց, երբ վարչապետի ընտանիքն էլ ինքնամեկուսացված վիճակում է, երբ ուսումնական հաստատությունները, մշակութային օջախների աշխատանքները դադարեցված են: Նազելի Բաղդասարյանը արձագանքեց. «Ընկալմամբ, իրավիճակը կարող է լինել արտակարգ, բայց դրա իրավական հանգամանքներն են պետք: Այն, որ դասերը չեղարկվում են, իրավական ռեժիմ պետք չէ, որ քարոզարշավ չի իրականացվում… այսինքն հրապարակային եթե չի իրականացվում, բայց ինչ-որ գործընթաց գնում է, հստակ չեմ կարող ասել: Այսինքն, մինչ այժմ եղած գործողություններն իրավական հիմք չեն ասելու, որ արտակարգ իրավիճակ կա հանրապետությունում: Բայց ընկալումը սովորական քաղաքացու համար, կարող է այդպիսին լինել»:
Ամեն դեպքում, մեր զրուցակիցը չի բացառում, որ երեկոյան կամ առաջիկա աշխատանքային օրը կառավարությունը որոշում ընդունի արտակարգ իրավիճակ, հետո արտակարգ դրություն հայտարարելու մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ