Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համավարակի վտանգավորություն ստացած կորոնավիրուսի (2019-nCoV ենթատեսակ) համաշխարհային տարածումն ու հատկապես դրա միտումները ժամ առ ժամ ավելի ահագնացող են դառնում։
Ցավոք, մեր հանրապետությունում նույնպես հնարավոր չեղավ խուսափել հիվանդացության դեպքերից: Առավել անհանգստացնողը, սակայն, հիվանդացության դեպքերի աճող դինամիկան է: Չնայած բազմաթիվ հորդորներին՝ ՀՀ կառավարությունը չընկալեց համավարակի վտանգավորության և լրջության աստիճանը և չձեռնարկեց համարժեք գործողություններ: Դեռ առիթ կլինի գնահատելու թույլ տրված սխալներն ու բացթողումները:
Ստեղծված իրավիճակը վտանգավոր է ոչ միայն առողջապահական-համաճարակաբանական, այլ նաև անվտանգային բոլոր բաղադրատարրերի՝ ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, տրանսպորտային հաղորդակցության սահմանափակման և այլ առումներով: Սառնասրտությունն ու խուճապի չմատնվելը, համակարգված աշխատանքը չափազանց կարևոր և անհրաժեշտ պայմաններ են ներկա վիճակից արդյունավետ ելք գտնելու համար:
Ըստ այդմ՝ ՀՅԴ ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը (ՄՈՀ) համարում է.
Կարդացեք նաև
- Անհրաժեշտ է չեղարկել կամ կասեցնել բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները, քանի որ դրանք կարող են հանգեցնել անկառավարելի համաճարակաբանական իրավիճակի՝ նպաստելով վարակի՝ երկրաչափական պրոգրեսիայով աճին։ Օգտվելով միջազգային փորձից՝ հարկ է նաև սահմանափակել ժամանցային և մշակութային կենտրոնների գործունեությունը։
- Խնդրահարույց կարող է լինել նաև միջմարզային և ներքաղաքային տրանսպորտի շահագործման ներկայիս վիճակը: Կա տրանսպորտային միջոցների պարբերական վարակազերծման, ինչպես նաև վարորդների բժշկական ամենօրյա զննությունների անցկացման անհրաժեշտություն։
- Վարակի լայն տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է ազգաբնակչությանն ապահովել կենսական նշանակության միջոցներով և բժշկական պարագաներով (դիմակներ, ախտահանիչ միջոցներ և այլն):
- Խիստ հսկողություն պետք է սահմանել դեղատնային գործունեության նկատմամբ՝ կանխելով առաջին անհրաժեշտության միջոցների ու պարագաների չհիմնավորված գնային տատանումները։
- Կազմակերպել բժշկական հաստատությունների աշխատակիցների և մասնագիտական խմբերի կողմից ամենօրյա բակային այցեր՝ հիվանդների ու գանգատվողների արագ հայտնաբերման և մեկուսացման, ինչպես նաև ախտահանիչ գործողություններ իրականացնելու համար։ Առաջարկում ենք այս գործընթացում ներգրավել նաև ակտիվ ու գիտակից կամավորների խմբերին, ինչը ևս կնպաստի հիվանդության վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև բնակչության ինքնակազմակերպմանը:
- Անհրաժեշտ է ընդլայնել առցանց (on-line) խորհրդատվությունների կազմակերպումը պատկան մարմինների կողմից, ինչը ևս կնպաստի բնակչության շրջանում անհրաժեշտ գիտելիքների տարածմանը և համաճարակի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացմանը։
- Կարևոր է մարզային հիվանդանոցների արագ հագեցումը անհրաժեշտ միջոցներով, այդ թվում՝ կորոնավիրուսի թեստերով, ինչը ևս կնպաստի Երևան քաղաք հիվանդների և կասկածվողների հոսքերի նվազմանն ու կթեթևացնի մեկ բժշկական կենտրոնի ծանրաբեռնվածությունը (անհրաժեշտության դեպքում՝ ձևավորելով մարզային շտաբներ)։
- Ունենալ մշակված պլան՝ որևէ բնակավայրում համաճարակի բռնկման դեպքում անմիջապես այնտեղ մտցնել տեղաշարժի որոշակի սահմանափակումներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև կարանտին։
Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում՝
- Ազգաբնակչությանը՝ չմատնվել խուճապի, պահպանել հանգստություն և հետևել հանրային ու անհատական պաշտպանական միջոցառումների իրականացմանը՝ պատկան մարմինների խորհուրդներին ու ցուցումներին համապատասխան։
- Երկրի իշխանությանը՝ լայնորեն կիրառելով համաճարակի դիմագրավման միջազգային լավագույն փորձը, առաջնորդվել ուժերի համախմբման և համաճարակին միասնաբար դիմակայելու իրական քայլերով, այդ թվում՝ ներգրավել թեկուզ իշխանության քաղաքական հայացքները չկիսող, սակայն խնդրի լուծմանը նախանձախնդիր անձանց և կիրառել նրանց խորհուրդները, ներառյալ՝ սույն հայտարարությամբ ներկայացված առաջարկությունները:
- Քաղաքական կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը՝ մինչև համաճարակի հաղթահարումը հնարավորինս զերծ մնալ քաղաքական ընդդիմության և իշխանության դիմագրավման գործողություններից (հիշեցում՝ համաճարակը չի տարբերում «սևերին» ու «սպիտակներին», «նախկիններին» ու «ներկաներին»)։
- Բոլոր գործատուներին՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել աշխատավայրերը հիգիենայի անհրաժեշտ պարագաներով համալրելու և ներկա վիճակում աշխատավորների բացակայությանը ըմբռնումով մոտենալու համար:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդգծելով բուժաշխատողների նվիրվածությունը, հույս ունենալով, որ պետական առավել համակարգված մոտեցման առկայության դեպքում կհաջողվի առանց կորուստների և համավարակի լայն տարածման հաղթահարել ստեղծված իրավիճակը, մեր պատրաստակամությունն ու աջակցությունն ենք հայտնում ազգային անվտանգությանը սպառնացող հարցերի լուծմանը, ինչի հավաստիքն է նաև ժամեր առաջ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի և Հայ օգնության միության աջակցությամբ Հայաստան հասած բժշկական պարագաների և միջոցների խմբաքանակը։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ