Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է իրականում պատկանում իշխանությունը

Մարտ 14,2020 17:00

Անօրինական հանրաքվեի քարոզարշավին որոշել էի չհետևել, սակայն երբեմն կարդալով քարոզարշավի ընթացքում հնչած «դարակազմիկ» մտքերը (օրինակ․ «Չի կարող օրենսդիր, գործադիր մարմինը ուրիշ ձև մտածի, իսկ Սահմանադրական դատարանը ուրիշ ձև գործի․․․». Սասուն Միքայելյան) և համոզվելու համար դրանց իսկության մեջ, միացնում եմ տեսանյութը։

Այսօր էլ, իմանալով, որ վարչապետը «քննադատել» է մերօրյա խունվեյբիններին («Հեղափոխության պահապաններ»), լսեցի չգիտեմորտեղի նրա ելույթը։ Բայց առավել ուշագրավը ելույթի հետևյալ հատվածն էր․

«․․․Ժողովուրդը չի կարող հիասթափվել մի պարզ պատճառով, որտև հեղափոխության արդյունքում մենք չենք էկե իշխանության, հեղափոխության արդյունքում դուք եք էկե իշխանության․․․»։ Իհարկե, վարչապետը նկատի ունի ժողովրդին։ Այսինքն, ժողովուրդն է եկել իշխանության և ժողովուրդն է ապրում կառավարական շքեղ առանձնատներում՝ պատսպարվելով ինքն իրենից, շրջում հարմարավետ ծառայողական մեքենաներով՝ անցյալում թողնելով կիսախարխուլ միկրոավտոբուսները, քայլում թիկնապահների ուղեկցությամբ՝ պաշտպանվելով ինքն իրենից, խնջույքներ և դրամահավաքներ կազմակերպում, որոնց ժամանակ առատորեն իրենց քսակներն են բացում «նախկին, հանցավոր ռեժիմին» սպասարկած օլիգարխները, ներեցեք՝ սեփականատերերը, ստանում պարգևավճարներ՝ հաղթահարելով աղքատությունը և այլն։

 

Սա ինձ հիշեցրեց հորս՝ Ռաֆայել Իշխանյանի պատանեկությունից մի հետաքրքիր դրվագ։

1936թ․ դեկտեմբերի 5–ին, երբ ընդունվել է ստալինյան սահմանադրությունը, հորս՝ Ռաֆայել Իշխանյանի մորաքրոջ ամուսինը, ականավոր հեղափոխական, կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյա Պետիկ Պետրոսյանն իր կուսակցական ընկերներով տոնել են օրը։ Խնջույքին ներկա տասնչորսամյա Ռաֆայել Իշխանյանը հանկարծ բարձրաձայն հայտարարել է․

-Այդ սահմանադրությունը ծայրից ծայր սուտ է։

Պետիկ Պետրոսյանը զայրացել և հարցրել է․

-Կարո՞ղ ես ասել, ի՞նչն է սուտ։

-Կարդա՝ ասեմ։

-Ահա՛, առաջին նախադասությունը․ «Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության իշխանությունը պատկանում է բանվորներին և գյուղացիներին․․․»

-Հերի՛ք է,-ընդհատել է պատանի Ռաֆայելը, դիմելով բոլոր ներկաներին,- տեսնու՞մ եք, որ սուտ է, ի՞նչ բանվոր-գյուղացի, դու՛ք եք իշխանությունը, իշխանությունը ձե՛րն է։

-Էհ, դու դեռ փոքր ես, տարիներ հետո ես քեզ հետ կխոսեմ, -արձագանքել է Պետիկ Պետրոսյանը։

Ցավոք, հետագա խոսակցությունը տեղի չունեցավ, ամիսներ անց, 1937թ․ Պետիկ Պետրոսյանին, որպես ժողովրդի թշնամի, նրա հարազատ «բանվորագյուղացիական» իշխանությունը գնդակահարեց։

 

Ամփոփում։

Ինչպես բանվոր-գյուղացիությունը չի կարող ունենալ իշխանություն, այնպես էլ՝ ժողովուրդը։ Ժողովրդավարություն, նշանակում է ոչ թե ժողովրդի, կամ նույնիսկ ժողովրդի մեծամասնության, այլ՝ ընտրությունների արդյունքում ժողովրդի մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժի իշխանություն, որն էլ, ի դեպ՝ սահմանափակվում է այդ իշխող քաղաքական ուժից անկախ (կամ ինչպես իմքայլական Հայկ Գևորգյանն է ասում․ «նրա խաղի կանոններին չենթարկվող») դատական համակարգով, այդ թվում՝ Սահմանադրական դատարանով։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031