Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ունենք մոտ 200 մեկուսացված անձ. Արսեն Թորոսյան

Մարտ 14,2020 16:19

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց երկու նոր դեպքերը եղել են մեկուսացված անձանց շրջանում: Նրանք ունեցել են թեթեւ ջերմություն, ունեցել են այլ գանգատներ, ապա տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ որ թեստի միջոցով ախտորոշում է դրվել: Այս մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների մասին:

Հիշեցնենք, ավելի վաղ, դարձյալ ֆեյսբուքյան գրառմամբ, նախարարը տեղեկացրել էր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպքի մասին։

Նախարարն ասաց` վատ է, որ երկու ավելի դեպք ունեինք, բայց լավ է, որ մյուս անձանց հետազոտությունների արդյունքները բացասական էին, քանի որ նրանք ռիսկային խմբում գտնվող անձինք էին: Բոլոր մարդիկ կապված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ: Արսեն Թորոսյանը չի բացառում, որ այդ նույն խմբի այլ մարդկանց հետ կապված էլի դրական դեպքեր լինեն: Այս խմբի մարդկանց դեպքում, ըստ նախարարի, զարգացումները շատ կանխատեսելի եւ կառավարելի են:

Նախարարն ասաց, որ մինչ օրս ունենք մեկուսացված մոտ 200 անձ` տարբեր եղանակներով` առանձին բնակավայրում, շենքում` ամբողջությամբ մեկուսացված եւ այլն: Մեկուսացման տրամաբանությունը հետեւյալն է` մեկուսացված անձինք պետք է պարտադիր շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով վարակակիրի հետ: «Կարող եմ ուրախությամբ ասել, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին, նրանց մեկուսացրել ենք: Այդ աշխատանքները շարունակվում են: Հույս ունենք, որ նրանց մոտ դեպքեր չեն հայտնաբերվի, չի հաստատվի հիվանդությունը, սակայն, եթե հաստատվի էլ, նրանք արդեն մեկուսացված են: Կարելի է ասել, որ առաջնակի պացիենտից հետո եղած շփումները եւ դրանից հետո էլ եղած բոլոր շփումները հայտնի են ու մեկուսացված են»,- ասաց նախարարը` չբացառելով, որ տեղեկատվության բացակայության պատճառով հնարավոր է դեռ չբացահայտված անձինք լինեն, ուստի, նա հորդորեց հետեւել վերջին օրերի կոչերին` գտնվել հիմնականում տանը, խուսափել հանրայն վայրեր այցելելուց:

Նախարարը «խստորեն խորհուրդ տվեց»` մինչեւ մեկ ամիս ժամանակով հետաձգել հանրային միջոցառումները եւ այս առիթն օգտագործել տանը մնալու համար, ոչ թե զվարճանքի վայրերում ժամանակ անցկացնելու կամ այլ հանրային վայրեր հաճախելու համար: Հանրային վայրում գտնվելու դեպքում՝ նախարարը հորդորում է պահպանել «սոցիալական հեռավորություն» կոչվածը, անմիջական շփումները` ձեռքսեղմում, համբուրվել, ողջագուրվել, հասցնել նվազագույնի, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չմոռանալ անձնական սոցիալական պատասխանատվությունը:

Նա վստահեցրեց, որ տեղեկությունները հանրությունից չեն թաքցվում:

Մանրամասները` տեսանյութում

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/553058571982886/

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031