Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյանի կողմից մշակված ԶԼՄ դաշտը կանոնակարգելու նախագիծը՝ խնդրահարույց և անհասկանալի․ «Հրապարակ»

Մարտ 14,2020 12:46

Ազգային ժողովի պատգամավորները, արդեն մոտ մեկ տարի, պրպտում են՝ ուզում են անպայման լրատվադաշտը «կարգավորել», նոր օրենքներ ընդունել։ Բայց այդ օրենքների անհրաժեշտությունը բոլորովին չկա, ավելին՝ ակնհայտ է, որ դրանց տակ փորձ է արվում կառավարել, զսպաշապիկ հագցնել ԶԼՄ-ներին։ Մինչ այժմ նման փորձեր «Իմ քայլը» խմբակցությունն էր անում, իսկ երեկ ստացանք ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանի կողմից մշակված՝ ԶԼՄ դաշտը կանոնակարգելու նախագիծը, որը դեռ չի դրվել շրջանառության մեջ, ուղարկվել է կից գրությամբ․ «Հարգելի գործընկեր, ակնկալում եմ Ձեր աջակցությունը նախագծի կատարելագործման ուղղությամբ: Խնդրում եմ ուսումնասիրել փաթեթը եւ ներկայացնել առաջարկներ մեկշաբաթյա ժամկետում»։

Նախագիծն ուսումնասիրելիս, սակայն, արդեն իսկ մի շարք խնդրահարույց կետերի բախվեցինք։ Հիմնական խնդիրը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նոր 7.1 հոդվածի ավելացումն է, որով սահմանվում են «Համացանցով լրատվական գործունեություն իրականացնողների պարտականությունները»։

Ահա թե ինչ է առաջարկում նա․

Համացանցով լրատվական գործունեություն իրականացնողները պարտավոր են․

1. 1) հրապարակումներ կատարելիս առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով,

2) ճշգրիտ վերարտադրել հրապարակվող նյութը,

3) հեռացնել իրենց էլեկտրոնային կայքում, ինչպես սոցիալական կայքերի` իրենց պաշտոնական էջերում անձի պատիվը եւ արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող կամ արատավորող գրառումները` ոչ ուշ, քան դրանք կատարվելուց (հրապարակվելուց) 12 ժամվա ընթացքում:

Հարց է առաջանում․ ի՞նչ է նշանակում՝ առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, իսկ մինչեւ հիմա ինչո՞վ էինք առաջնորդվում՝ Չինաստանի՞ Սահմանադրությամբ, թե՞ որեւէ այլ փաստաթղթով։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ «ճշգրիտ վերարտադրել հրապարակվող նյութը»։ Ո՞ր նյութի մասին է խոսքը, հարցազրույց տվողի բառերի՞, թե՞ այլ բան նկատի ունի նախագծի հեղինակը։ Սա եւս հստակ չէ։
Ամենատարակուսելին ու անընդունելին, թերեւս, հետեւյալն կետն է՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

Ինչո՞ւ պետք է տպագիր կամ էլեկտրոնային մամուլի նկատմամբ վերահսկողություն իրականացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: Նախագծով սահմանվում է նաեւ, թե որն է համարվում լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտ, որտեղ եւս բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, քանզի սահմանումները բավականին խրթին են ձեւակերպված։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը մեզ հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց, թե ինչու է ԲՀԿ-ն նման նախաձեռնությամբ հանդես եկել՝ նման տարօրինակ կետերով։

Նրա համար եւս անհասկանալի է մնացել այն հարցը, թե որոնք են համարվելու ինտերնետ-տիրույթում լրատվական գործունեություն իրականացնողներ, որոնք՝ ոչ, կամ եթե 12 ժամվա ընթացքում մեկնաբանությունները չհեռացվեն, ինչ իրավական հետեւանքներ են առաջանալու եւ այսպես շարունակ։ Սեյրանյանի համար անհասկանալի է նաեւ այն կետը, թե պետք է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, որը, ըստ նրա, շատ ընդհանրական է գրված, եւ դրա տակ ամեն ինչ կարելի է մտցնել։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ ճշգրիտ վերարտադրել նյութը, որը եւս անհասկանալի ձեւակերպումների շարքից է։
«Մի խոսքով՝ շատ խնդրահարույց է նախագիծը, պետք է մասնագիտական համայնքի հետ քննարկել։ Էս տեսքով, ես կարծում եմ, չպետք է ներկայացվի որեւէ տեղ»,- եզրափակեց տիկին Սեյրանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031