Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող օրենսդրությամբ հանրաքվեն հետաձգելու իրավական հնարավորություն չկա․ «Հրապարակ»

Մարտ 14,2020 12:29

Ի՞նչ ընթացք կունենա քարոզարշավը, եւ ի՞նչ ավարտ կունենա հանրաքվեն, ու արդյոք դրան կարո՞ղ է խանգարել կորոնավիրուսը։ Իշխանական շրջանակներում, մեր տեղեկություններով, խիստ անհանգիստ են, այս պահին՝ գործող օրենսդրությամբ, հանրաքվեն հետաձգելու իրավական հնարավորություն չկա, ավելի ճիշտ՝ օրենքում կա բաց, որը պետք է կա՛մ լրացնել, կա՛մ խախտումներով հետաձգել հանրաքվեն՝ այնպես, ինչպես սահմանեցին։

ՀՀ օրենսդրության համաձայն՝ հանրաքվեն կարող է հետաձգվել միայն ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում, սակայն եթե նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի, ինչն օրենքով նույնպես անհնար է, քանի որ, համաձայն Սահմանադրության, արտակարգ դրություն հայտարարվում է «սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում», իսկ համաճարակը դժվար թե սպառնա սահմանադրական կարգին, միեւնույն է՝ օրենքում կա բաց եւ հստակ պայման, որ հանրաքվեի ժամկետները հնարավոր է կասեցնել միայն այն ժամանակ, երբ հանրապետության նախագահը դեռ չի ստորագրել հանրաքվե անելու հրամանագիրը։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ հոդվածն ասում է․ «Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից»։

Միեւնույն ժամանակ հավելում է․ «Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչեւ հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են եւ վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո»:
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ, մի կողմից, օրենքը չի թողնում չեղարկել կամ կասեցնել հանրաքվեն, մյուս կողմից՝ գործ ունենք հանրությանը սպառնացող վտանգի հետ։ Ի՞նչ կարող է անել իշխանությունը՝ միակ ճանապարհը հապճեպ օրենսդրական փոփոխություն իրականացնելն է։ «Կա՛մ պետք է օրենքում ավելացնեն, որ համաճարակի դեպքում հետաձգվում է հանրաքվեն մինչեւ համաճարակի ավարտը, կա՛մ պետք է ավելացնեն, որ համաճարակը եւս առիթ է արտակարգ դրության»,- ասաց մեր իրավաբան զրուցակիցը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031