Ադրբեջանի կողմից փորձ է արվում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի իմիջը բարձրացնել, որի լավագույն տարբերակը միջազգային հանրության ձեռամբ դա իրականացնելն է, ինչը որոշ չափով ստացվում է։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանի դիտարկումն է, ով թվարկում է, այսպես կոչված, ԼՂԱՀ-ի ղեկավարի հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպումները, որոնցից վերջինը Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփի հետ ունեցած հանդիպումն էր։ Նշենք, որ ավելի վաղ, այսպես կոչված, ԼՂԱՀ -ի ղեկավարի հետ հանդիպում էր ունեցել նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
«Հիմա մեզ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ինչու է Ադրբեջանը նման քայլերի գնում, այլ ինչպես կարող ենք չեզոքացնել կամ կանխել այդ փորձերը։ Այս առումով միջազգային հանրության կամ ԵԱՀԿ-ի կողմից, որպես այդպիսին, ճնշում բանեցնելը ռեալ չէ։ Մեր լավագույն հակազդեցությունը Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ նոր դիսկուրսներ ծավալելը կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ պետք է ապահովել այդ դիսկուրսների ակտիվությունը միջազգային ասպարեզում, նաև եվրոպական գործընկերների հետ հանդիպումների ֆոնին։
Անդրադառնալով պնդումներին, թե առանց հայկական կողմի համաձայնության համանախագահող երկրների ներկայացուցիչները չեն կարող հանդիպել վերոնշյալ համայնքի ներկայացուցչի հետ՝ փորձագետը խնդիրը մի քանի տեսանկյունից դիտարկեց՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, այս մասին պետք է ենթադրությունների դաշտում խոսենք։
Բաբայանը հակված է մտածել, որ եթե հայկական կողմից այդ հանդիպումները չեն ընդունվել, միևնույն ժամանակ չեն արժանացել նաև լուրջ ընդդիմության. «Այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը կազմակերպություն է, որը կարող է իր միջոցներով հանդիպում կազմակերպել իր երկրում հավատարմագրված դեսպանի հետ։ Գուցե հայկական կողմը համաձայնել է այս տարբերակին, բայց միայն այն առումով, որ այդ հանգամանքը որևէ կերպ չպետք է ազդի բանակցությունների օրակարգի վրա ու իրենց ներքին դաշտում մնա»։
Դիտարկելով ոչ թե դեսպանների, այլ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների հանգամանքը՝ նա նկատեց, որ նախկինում էլ են եղել նման հանդիպումներ՝ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերի շրջանակներում. «Նպատակը բոլոր կողմերում տիրող տրամադրությունները հասկանալն է, որ, ըստ այդմ, զեկուցեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Բայց հարցն ինչո՞ւ է այս պահին ցավոտ մեզ համար, որովհետև բացի նրանցից, այսօր կա նաև դեսպանների հանգամանքը։ Սա է պատճառը, որ այս ամենը հիմա ավելի բուռն է ընդունվում»։
Հ. Բաբայանը ներկայիս փուլի ակտիվությունն ու Ադրբեջանի նման լոբբինգը դիտարկում է հայկական կողմի հայտարարությունների համատեքստում։
«Սա Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության պարզ արձագանքն է, ըստ որի՝ Արցախը բանակցային սեղան պետք է վերադառնա։ Ի տարբերություն նախորդների, նա բանակցային ռազմավարության առաջին կետ նշեց Արցախի վերադարձը։ Այս մասին նախկինում էլ էին շեշտում, բայց ռազմավարության առաջին կետը չէր։ Ադրբեջանի համար անցանկալի է Արցախի վերադարձը բանակցային սեղան, մենք էլ դեմ ենք, որ իրենց, այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը որևէ կերպ մասնակցություն ունենա։ Փաստորեն, այսպիսով Ադրբեջանը փորձում է չեզոքացնել մեր փաստարկը. այսինքն, եթե Արցախը վերադառնա, թող մեր համայնքն էլ գա, եթե ոչ, ավելի լավ, մենք երկուսով կբանակցենք։ Երկու դեպքում էլ փորձում է այնպես անել, որ բանակցություններում իր պատրաստվածությունն ունենա»։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում